Նորություններ

20.12.2023

Ղրղզստանի Հանրապետությունից նոր անդամ է միացել զարգացման հաստատությունների կոնսորցիումին

Ղրղզստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (ՂՀ ՏՔՀԻ) միացել է զարգացման հաստատությունների կոնսորցիումին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 18-ին Մոսկվայում՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից կազմակերպված զարգացման ինստիտուտների ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության շրջանակում զարգացման ինստիտուտ ստեղծման նախաձեռնությամբ հանդես էր եկել Ղրղզստանի Հանրապետությունը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ որոշվել է ձևավորել զարգացման ինստիտուտների կոնսորցիում։ Դրա կազմում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության Ռազմավարական զարգացման կենտրոնը, Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը և Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (Ռուսաստանի Դաշնություն):

ՂՀ ՏՔՀԻ-ն դարձել է կոնսորցիումի չորրորդ մասնակիցը: Նրա անդամակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՂՀ ՏՔՀԻ տնօրեն Սանժար Մուկանբետովը և կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ, Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան։

Ինչպես նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, զարգացման ինստիտուտների կոնսորցիումի ստեղծումը կարևոր քայլ էր համատեղ նախաձեռնությունների իրականացման, լավագույն ձեռքբերումների փոխանակման և տարածաշրջաններում ներդրումային գործունեության ընդհանուր մեթոդաբանական սկզբունքների ձևավորման համար։

«Սա դարձել է համատեղ ինտեգրացիոն նախագծերի խթանման նոր մեխանիզմ։ Մենք տեսնում ենք փոխգործակցության հետագա մեծացման և համատեղ ներդրումային նախագծերի ձևավորման հնարավորություններ»,- ասել է Սերգեյ Գլազևը։

2024 թվականին կոնսորցիումը կանցկացնի «Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ» մրցույթը, որն ուղղված է լինելու համատեղ նախագծերի բացահայտմանը, կոոպերացիայի խթանմանը, անդամ պետություններում ներդրումային ակտիվության ու նրանց տարածաշրջանների գրավչության բարձրացմանը։

Գործարար հանդիպմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, ասիական, աֆրիկյան, հարավարևելյան և եվրոպական տարածաշրջանների երկրների ներկայացուցիչներ։

Տեղեկանք

Զարգացման ինստիտուտների կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր հունիսի 8-ին Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում։ Կոնսորցիումը հարթակ է փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման, ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատերերին աջակցության տրամադրման և հեռանկարային կոոպերացիոն նախագծերի առաջմղման ընդհանուր մոտեցումների ձևավորման համար:

Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ) Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր նախագծային գրասենյակ է: Գործակալությունը ստեղծվել է հանրության համար կարևոր նախագծերի և նախաձեռնություններին աջակցելու միջոցով միջին ձեռնարկատիրության և սոցիալական ոլորտում երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերի և կոլեկտիվների սոցիալական և մասնագիտական շարժունակության զարգացմանը նպաստելու համար:

Ղրղզստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (ՂՀ ՏՔՀԻ) ստեղծվել է 2018 թվականին գործնական հետազոտական աշխատանքների իրականացման և ընթացիկ տնտեսական քաղաքականության վերլուծման գործում Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փորձագիտական աջակցություն տրամադրելու հանար: Բացի այդ, կազմակերպության խնդիրներից է գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և ռիսկերի պայմաններում ռազմավարական փաստաթղթերի մշակումը: