Նորություններ

18.07.2024

ԵՏՀ կոլեգիան արդիականացրել է Միության երկաթուղային տրանսպորտի անվտանգության ոլորտի տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել երկաթուղային տրանսպորտի ոլորտի տեխնիկական կանոնակարգերի իրականացման ստանդարտների ցանկերում։ Ցանկերը լրացվել են ինը ստանդարտով։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 30 օրացուցային օր հետո՝ ելնելով արդյունաբերության համար այս ստանդարտների առանձնահատուկ կարևորությունից և երկաթուղային մեքենաշինության արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման արդիականությունից:

Բացի այդ, հաստատվել են ստանդարտների ցանկերի նոր խմբագրություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 180 օրացուցային օր հետո ստանդարտների նոր տարբերակների համար համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումն ապահովելու նպատակով։

Ստանդարտների ցանկերի նոր խմբագրությունները նախապատրաստվել են՝ հիմք ընդունելով համապատասխան ցանկերում ընդգրկված ստանդարտների ընդունման, կիրառման, թարմացման և չեղարկման մշտադիտարկման արդյունքները:

«Փոփոխությունների նպատակն է պայմաններ ստեղծել ստանդարտների արդիական տարբերակների կիրառման և ազգային ստանդարտներից միջպետական ստանդարտներին պլանաչափ անցում կատարելու համար՝ դրանց մշակմանը և գործողության մեջ դնելուն զուգընթաց», - նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:

Ստանդարտների ցանկերի փոփոխությունները մշակել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների հետ համատեղ՝ փորձագետների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Առանձին միջպետական և ազգային ստանդարտների նկատմամբ կիրառման անցումային շրջան է սահմանվել դրանք կիրառման համար հարմարեցնելու նպատակով։