Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովի և ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչի ղեկավարությամբ պետական մարմինների, գործարար ընկերակցությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղմթերքի համար իրանական շուկայի հասանելիության հարցեր։ Հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 15-ին ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախաշեմին։
Համաձայնագրի առանձնաշնորհային շրջանակն ընդգրկում է գյուղատնտեսական ապրանքների անվանացանկի 67%-ը, որին բաժին է ընկնում դեպի Իրան ԵԱՏՄ գյուղմթերքի արտահանման 98%-ը։ Առևտրային ռեժիմի ազատականացումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել իրանական կողմի սակագնային պաշտպանության մակարդակը. Իրանի ԱԲՌ միջին դրույքաչափը ամբողջ գյուղատնտեսական ապրանքային անվանացանկի համար կնվազի 30%-ից մինչև 14%:
«Համաձայնագիրը ԵԱՏՄ բիզնեսի համար եզակի սակագնային պայմաններ է ստեղծում իրանական շուկա մուտք գործելու համար, այդ թվում՝ պարենային ապրանքների մասով։ Այս առումով անհրաժեշտ է որոշել այն խոչընդոտներն ու խնդրահարույց հարցերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնենք առաջին հերթին այս ուղղությամբ Իրանի հետ համագործակցության զարգացման շրջանակներում»,- նշել է Վլադիմիր Սերպիկովը։
Նա նաև հիշեցրել է, որ միաժամանակ Համաձայնագրում կատարելագործվել է սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման կարգավորող մասը, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ փոխադարձ առևտրի վրա։
«ԵԱՏՄ-ում ձևավորվել է ՍԲՍ միջոցների ոլորտի նորմատիվ իրավական բազա, որը սահմանում է անվտանգության պահանջներ, այդ թվում՝ պարենային արտադրանքի, Միության տարածք դրա ներմուծման և տարածքով տեղափոխման կարգի նկատմամբ։ «Նշված ոլորտներում ԵԱՏՄ իրավունքի պահպանման դեպքում երրորդ երկրների, այդ թվում՝ Իրանի արտադրանքը մուտք է գործում ԵԱՏՄ անդամ պետությունների շուկա»,- տեղեկացրել է Վլադիմիր Սինկևիչը։
Գյուղատնտեսական արտադրանքի հասանելիության հարցերը, ներառյալ սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառումը, առաջարկվում է քննարկել իրանական կողմի հետ Համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստում, որը նախատեսված է անցկացնել 2025 թվականի երկրորդ կեսին։ Բացի այդ, այս ոլորտում իրանցի գործընկերների հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները նախատեսվում է ներառել ԵԱՏՄ-ի, նրա անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության համատեղ միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) նախագծում, որն ուղղված է Համաձայնագրի դրույթների կիրարկմանը: