Տեխնիկական կարգավորման կատարելագործման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերը քննարկվել են պրոֆիլային խորհրդատվական կոմիտեի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ։ Հանրային քննարկման համար հավանության են արժանացել Եվրասիական տնտեսական միության «Շինարարական նյութերի և արտադրատեսակների անվտանգության մասին» տեխկանոնակարգի նախագիծը և Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխկանոնակարգի փոփոխությունների նախագիծը։
Խորհրդատվական կոմիտեի անդամներն առաջարկել են ԵՏՀ Կոլեգիայի նիստին քննարկելու համար ուղարկել Մաքսային միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների, «Փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին», «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին», «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և ծովային վառելիքին, ռեակտիվ շարժիչների վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին», «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» և «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխկանոնակարգերի ստանդարտների արդիականացված ցանկերի նախագծերը:
ԵՏՀ Կոլեգիայի նիստում քննարկման համար հավանության են արժանացել նաև Հանքային պարարտանյութերի գրանցման, Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեգիստրի ձևավորման և վարման կարգը և ԵԱՏՄ տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի փոփոխությունները՝ երրորդ երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող սերմերի և տնկանյութի արտադրության (պատրաստման), պահեստավորման, փաթեթավորման և տեսակավորման վայրերի հետազոտման մասով և Միասնական ցանկը նոր վնասատու օրգանիզմներով լրացնելիս բուսասանիտարական ռիսկի վերլուծության արդյունքների տրամադրման մասով:
Խորհրդատվական կոմիտեի անդամները լրացուցիչ քննարկել են Մաքսային միության «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը էլեկտրոնային տեսքով ձևակերպելու փորձնական նախագծի իրականացման և նման փաստաթղթերի ժամանակավոր գրանցամատյանի ձևավորման արդյունքները: