Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը և «Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսա» ԲԸ նախագահ Իգոր Արտեմևը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հարցը։
«Հայեցակարգը, որը ներկայումս քննարկվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից, պետք է ընդգրկի բորսայական շուկայի գրեթե ամբողջ անվանացանկը։ Վստահ եմ, որ մեր «հնգյակի» երկրների շուկայում շրջանառվող ապրանքների, առաջին հերթին՝ հումքային ապրանքների ծավալներն ու տեսականին ապահովում են գնային ցուցիչների վերազգային համակարգի ստեղծման հնարավորություն», – ասել է ԵՏՀ նախարարը։
Փաստաթուղթը բարձր աստիճանի պատրաստության փուլում է. նախատեսվում է, որ մոտ ապագայում այն կքննարկի Եվրասիական միջկառավարական խորհուրդը։
«Ոչինչ չի խանգարում բորսաներին արդեն այսօր մեր կառավարությունների համաձայնությամբ համատեղ նստաշրջաններ կազմակերպել ապրանքների իրացման հարցերով, որպեսզի գործնականում աստիճանաբար ձևակերպվեն ապագայում լիարժեք բորսայական շուկաների ստեղծման և գործունեության սկզբունքները», — նշել է Իգոր Արտեմևը: