Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության՝ Մյանմարի Միության Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է կայացել ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևի և Մյանմարի Միության Հանրապետության Պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ, ավագ գեներալ Մին Աուն Հլայնի միջև։
Կողմերը քննարկել են ԵԱՏՄ երկրների և Մյանմարի միջև առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հեռանկարային ուղղությունները։
Սերգեյ Գլազևը նշել է, որ ԵՏՀ-ի և Մյանմարի Միության Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին հուշագրի իրականացումը նպաստում է համագործակցության առանցքային ոլորտներում երկխոսության խորացմանը։
Տվյալ փուլում հիմնական խնդիրներն են ԵԱՏՄ երկրների և Մյանմարի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը, փոխադարձ առևտրում անհավասարակշռության վերացումը, ԵՏՀ-ի և Մյանմարի կառավարության միջև համակարգային երկխոսության զարգացումը, ներառյալ տեղեկատվական փոխանակումը եվրասիական կարգավորումների առանցքային ասպեկտների վերաբերյալ, որոնք ազդում են առևտրատնտեսական համագործակցության վրա։
Սերգեյ Գլազևը նաև տեղեկացրել է Մյանմարի պրոֆիլային նախարարությունների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումների և համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի արդյունքների մասին։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միության Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական հանձնաժողովի շրջանակներում:
Հուշագիրը նախատեսում է փոխգործակցություն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են մաքսային կարգավորումը, տեխնիկական կարգավորումը, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը, ֆինանսական շուկաները, տրանսպորտը, էներգետիկան, ագրոարդյունաբերական համալիրը և այլն։ Հուշագիրը նախատեսում է փոխգործակցության աշխատանքային խմբի ստեղծում և համատեղ միջոցառումների պլանի մշակում։