Նորություններ

17.08.2023

ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկոն և Ռոսստանդարտի ղեկավար Անտոն Շալաևը քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման և ստանդարտացման ոլորտի զարգացման հեռանկարները

Օգոստոսի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է կայացել ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի և Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանարտ) ղեկավար Անտոն Շալաևի միջև։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնիկական կարգավորման միասնական համակարգի զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները, որն ուղղված է տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, Միության շրջանակներում առևտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը, ինչպես նաև դեպի միջազգային շուկաներ Միության ձեռնարկությունների արտադրանքի առաջմղմանը։

Քննարկման առանցքային թեման են դարձել Միությունում ստանդարտացման ոլորտի զարգացման և տեխնիկական կանոնակարգերը ժամանակակից միջպետական ստանդարտների լիարժեք ապացուցողական բազայով ապահովելու համակարգային հարցերը։

Այսօր ստանդարտացման ոլորտի կատարելագործումը ԵՏՀ-ի և Միության երկրների հատուկ ուշադրության կենտրոնում է, հատկապես ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկում ընդգրկված հետազոտությունների (փորձարկումների) առանձին գերատեսչական և մասնավոր մեթոդիկաների անխոչընդոտ հասանելիության ապահովման մասով։ Զգալի թվով փաստաթղթեր են ընդունվել դեռ Խորհրդային Միության լիազոր մարմինների կողմից։

«Ըստ ԵՏՀ վերլուծության արդյունքների՝ 2023 թվականի օգոստոսի դրությամբ պարզվել է, որ ստանդարտների ցանկում ընդգրկված 473 մեթոդիկաներից ապահովված է միայն 162 (34%) փաստաթղթի հասանելիություն, 214 (45%) փաստաթուղթը հասանելի չէ, իսկ 97 (21%) փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը մեր երկրների լիազոր մարմինների կողմից չի տրամադրվել։ Սա մեծապես բարդացնում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը,- նշել է Վիկտոր Նազարենկոն։ – ԵՏՀ-ն Միության երկրների ստանդարտացման ազգային մարմինների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում այս խնդրի հնարավոր լուծման համար։ Կարևոր է այդ աշխատանքներում ներգրավել նաև մեր երկրների այլ գերատեսչությունների, որոնք ԽՍՀՄ համապատասխան նախարարությունների իրավահաջորդներն են»։

Վիկտոր Նազարենկոն և Անտոն Շալաևը նշել են, որ միությենական տեխկանոնակարգերի կիրառման ապահովմանը, առաջադեմ միջազգային և տարածաշրջանային ստանդարտների կիրառմանն ուղղված աշխատանքների համակարգային պլանավորմանը կնպաստի ԵԱՏՄ-ում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգը, որը վերջերս հաստատվել է ԵՏՀ Խորհրդի կողմից։

Ոչ միայն տեխնիկական կարգավորման, այլև այլ ոլորտներում ժամանակակից ստանդարտների աճող պահանջարկը մոտ ապագայում կպահանջի անցում ստանդարտացման ոլորտում համակարգված քաղաքականության իրականացմանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև չափումների միասնականության ապահովման ոլորտի զարգացման հարցեր։ Ընդհանուր էներգետիկ շուկաների լիարժեք ստեղծումը, բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների ընդհանուր շուկաների գործունեությունը, սոցիալական և ազատ առևտրի ոլորտի զարգացումը, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառումը անհնար է առանց չափումների հավաստի արդյունքների օգտագործման արդյունավետ մեխանիզմի։ Հաշվի առնելով վերը թվարկված ոլորտների առանձնահատկությունները՝ չափումների միասնականության ապահովման դրույթները արժանի են առանձնացվելու ԵԱՏՄ մասին պայմանագրի առանձին հավելվածում, որտեղ կնշվեն ոչ միայն հնարավորությունները, այլև այն լիազորություններն ու գործիքները, որոնք կարող են օգտագործվել Միության շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ոլորտում իրականացվող չափումների արդյունքների ճշգրտությունն ու հուսալիությունն ապահովելու վերահսկողության համակարգի կատարելագործման, ինչպես նաև Միության շրջանակներում չափման գործառույթներ ունեցող բժշկական սարքերը որպես չափման միջոց դասակարգելու և Միության գործող ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու կարգի մշակման նպատակահարմարության հարցերին: Այս ուղղությամբ շատ օգտակար է Ռոսստանդարտի չափագիտական ինստիտուտների և ծառայությունների փորձը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ժամանակակից տնտեսական պայմաններում հատուկ կարևորություն են ստանում արտադրանքի համապատասխանության հավաստագրեր և հայտարարագրեր տրամադրելով կարգուկանոն հաստատելու և Միության տեխնիկական կանոնակարգերի պահպանման արդյունավետ պետական վերահսկողություն (հսկողություն) ապահովելու միջոցով շուկան ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու հարցերը: Մասնավորապես, ԵՏՀ-ն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության լիազոր մարմինների հետ համատեղ նախաձեռնում է Միության հարթակում ինքնագնաց տեխնիկայի բազում տեսակների համար հայտարարագրումից հավաստագրմանը անցնելու հարցի քննարկումը: Բացի այդ, մոտ ապագայում կքննարկվի Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների համար հավաստագրումից ինքնագնաց մեքենաների տեսակի հավանության արժանացմանն անցնելու վերաբերյալ։ Սա զգալիորեն կբարձրացնի հավաստագրման մարմինների պատասխանատվությունը թույլատրական փաստաթղթերի տրամադրման համար:

Միության անդամ պետությունների հիմնական գործընկերների, առաջին հերթին՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների հետ առևտրում

տեխնիկական խոչընդոտների վերացման հարցերը նույնպես քննարկման առարկա էին դարձել: ԱՊՀ երկրների հետ աշխատանքում առանձնահատուկ նշանակություն ունի միասնական միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) կիրառումը։ Ռոսստանդարտի ղեկավարի տեղեկությամբ՝ հեռավոր արտասահմանյան երկրներից բազմաթիվ առևտրային գործընկերներ ուշադիր ուսումնասիրում են Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման համակարգը և պատրաստ են քննարկել իրենց մոտ ԱՊՀ-ԳՕՍՏ միջպետական ստանդարտների և ԳՕՍՏ Ռ Ռուսաստանի ազգային ստանդարտների ուղղակի կիրառման հարցը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են «Թվային տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ շրջանակներում» նախագծի իրականացման ուղղությամբ տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների և ԵՏՀ համատեղ գործողությունների մասին։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի ստանդարտացման ինստիտուտի հարթակում կկազմակերպվի Գիտատեխնիկական խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Ռուսաստանի Դաշնությունում և ԵԱՏՄ-ում ստանդարտացման և տեխնիկական կանոնակարգերի թվայնացման հայեցակարգը:

 

ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին