Այս մասին Ալմաթի կատարած այցի շրջանակներում Ղազախստանի ավտոմոբիլաշունության առանցքային ձեռնարկություններից Hyundai Trans Kazakhstan գործարան այցելելիս հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:
Գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցության շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկությունների կոոպերացիոն համագործակցության հարցերը, մասնավորապես, Ղազախստանի Հանրապետության ձեռնարկություններին ԵԱՏՄ պետություններում արտադրվող ավտոմոբիլային տեխնիկայի լրակազմողների մատակարարումների ընդլայնումը։
Այցի ընթացքում նաև կայացել է մտքերի փոխանակում մի շարք ոլորտային հարցերի շուրջ, այդ թվում՝ ԵԱՏՄ այլ երկրների պետական գնումներին Ղազախստանի ավտոմոբիլաշինության ձեռնարկությունների մասնակցության, փոխադրամիջոցների հավաստագրման հարցերի, էլեկտրոմոբիլների արտադրության զարգացմանը ազգային ձեռնարկությունների մասնակցության հեռանկարների շուրջ։
«Մեր երկրների տնտեսության առաջնահերթ ոլորտների, մասնավորապես՝ ավտոմոբիլաշինության աջակցությունը ինտեգրացիոն ներուժի հաշվին կարևոր պայման է նոր կոոպերացիոն նախագծերի ստեղծման և գոյություն ունեցողների խորացման համար, ինչը հատկապես արդիական է տնտեսության ընդհանուր անկման և մի շարք արտաքին շուկաների փակման հետ կապված ընթացիկ տնտեսական իրավիճակում»,- նշել է ԵՏՀ նախարարը։
Թեթև մարդատար ավտոմեքենաների արտադրության Hyundai Trans Kazakhstan գործարանը Ղազախստանի Հանրապետության ավտոմոբիլաշինության ռազմավարական օբյեկտ է: Ձեռնարկությունը համալրված է Հարավային Կորեայում արտադրված նորագույն սարքավորումներով։ Ձեռնարկությունում աշխատանքի որակի բարձր ստանդարտներն ապահովում են մեքենաշինության ոլորտի փորձառու մասնագետները՝ ընկերության ինժեներների հսկողության ներքո:
2022 թվականին Hyundai Trans Kazakhstan գործարանն արտադրել է 37 205 ավտոմեքենա։ 2021 թվականի համեմատ արտադրության աճը կազմել է 43%։ Դրանցից 82%-ը ընկերությունը մատակարարել է երկրի ներքին շուկա, մնացած ծավալը՝ արտահանել ԱՊՀ երկրներ։ Գործարանն արտադրում է Hyundai ինը մոդել՝ Tucson, Accent, Sonata, Elantra, Santa Fe, Palisade, Staria, i30, Bayon:
Ընդհանուր առմամբ, Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով, 2022 թվականին Ղազախստանում արտադրվել է 113 925 միավոր բոլոր տեսակի փոխադրամիջոց, որը 21,9%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ավտոմոբիլաշինության ոլորտի աշխատանքի ընդհանուր արդյունքը գումարային արտահայտմամբ կազմել է 1,2 տրիլիոն տենգե։