Նորություններ

05.06.2024

ԵԱՏՄ երկրների տրանսպորտային վարչությունների ղեկավարները քննարկել են առաջիկա երեք տարվա համագործակցությունը

Տրանսպորտային քաղաքականությունը և ենթակառուցվածքային զարգացման առանցքային ասպեկտները քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ նիստում, որը տեղի է ունեցել Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ։

Նիստի ընթացքում քննարկվել են Տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման 2021-2023 թվականների ճանապարհային քարտեզի առանձին միջոցառումների կատարման արդյունքները։ Ղեկավարների խորհուրդը համապատասխան որոշումներ է ընդունել քաղաքացիական ավիացիայի ոլորտում Միության նորմատիվ բազայի պատրաստման և եվրասիական տրանսպորտային միջանցքներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման ընթացակարգերի համաժամացման նկատմամբ հայեցակարգային մոտեցումների առնչությամբ։

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը նաև խոսել է 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի նախագծի պատրաստման մասին և առաջարկել համաձայնեցնել այդ փաստաթղթի առանձին կետերը։ «Կարծում եմ, մենք կկարողանանք կոնսենսուսի հասնել փաստաթղթի չհամաձայնեցված կետերի շուրջ։ Չափազանց կարևոր է այն հաստատել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը։

Կողմերը պայմանավորվել են ճանապարհային քարտեզում ներառել մինչև 2035 թվականը Միության անդամ պետություններում կոնտեյներային փոխադրումների զարգացման հայեցակարգի նախագծի մշակման, գիտության և կրթության ոլորտում համագործակցության զարգացման միջոցառումները։ Միության շրջանակներում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և գործունեության հարցերի շուրջ պահպանվող տարաձայնությունները քննարկելու համար նախատեսվում է բարձր մակարդակի խորհրդակցություն անցկացնել 2024 թվականի հունիսի երկրորդ կեսին։

Ղեկավարների խորհուրդը կարևոր որոշումներ է ընդունել նաև եվրասիական տրանսպորտային միջանցքների կառավարման մեխանիզմի և մոդելի վերաբերյալ։ Աջակցություն է ստացել Ղեկավարների խորհրդի ղեկավար, ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախաձեռնությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրի և ԱՊՀ միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին համաձայնագրի համաձայն գործող համակարգող մարմինների աշխատանքներին Հանձնաժողովի մասնակցության վերաբերյալ։

ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացման առնչությամբ հաշվի է առնվել Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փորձը առանձին կատեգորիաների ապրանքների նկատմամբ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձի անցկացման հարցում:

Ղեկավարների խորհրդի հրավերով նիստին մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։ Նա տեղեկացրել է ԵԱՏՄ երկրներում տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման ուղղությամբ ԵԱԶԲ-ի աշխատանքի մասին։

Ղեկավարների խորհուրդը քննարկել է համաձայն Նավագնացության մասին համաձայնագրի հետագա աշխատանքի հայեցակարգային մոտեցումները և ի գիտություն ընդունել Ռուսաստանի ներքին ջրային ուղիներով նավերի անցման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության տեղեկատվությունը:

Բացի այդ, ԵԱՏՄ տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները ծանոթացել են ԵԱՏՄ արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովման վերաբերյալ նախագծի իրականացման ընթացքին։ Հաշվետվություն է ներկայացվել նաև ավիացիոն անվտանգության փորձագետների խմբի և թռիչքների անվտանգության փորձագետների խմբի 2023 թվականի աշխատանքի և 2024 թվականին նրանց անելիքների մասին։ Երկու խմբերն էլ ստեղծվել են Ղեկավարների խորհրդին առընթեր՝ որպես մասնագիտացված հարթակներ փորձի ոլորտային փոխանակման և առաջարկների մշակման համար:

«Մենք շատ ենք կարևորում մեր աշխատանքի առերես ձևաչափը։ Սա մեծացնում է բանակցային գործընթացի արդյունավետությունը, այդ թվում՝ «այստեղ և հիմա» վիճելի հարցերի համաձայնեցման համար։ Ի վերջո, դա թույլ է տալիս կրճատել որոշում ընդունելու համար անհրաժեշտ ժամկետները», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։

Հերթական նիստում Ղեկավարների խորհուրդը կքննարկի փոխգործակցության արդիական ուղղությունները: Ղեկավարների խորհրդի անդամները պետք է ուղարկեն իրենց առաջարկները ԵՏՀ-ին մինչև օգոստոսի 31-ը։

Նիստի ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարությանը ջերմ ընդունելության, միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման համար։