Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Եվրասիական տնտեսական միության դատարանի միջազգային խորհրդաժողովի լիագումար նստաշրջանում խոսել է ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման վերափոխման և դրա հետագա կատարելագործման աշխատանքի հեռանկարային ուղղությունների մասին։ Դրանց թվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելը, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացումը, մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրումը։
«Այդ գործիքների արդյունավետ ներդրումը և միասնական մաքսային կարգավորման ապահովումը կնպաստի ԵԱՏՄ-ում խոչընդոտների առաջացման դեպքերի կրճատմանը,- նշել է Ռուսլան Դավիդովը։ - ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժն անհնար է առանց միասնական մաքսային կարգավորման»:
ԵՏՀ նախարարը նաև անդրադարձել է մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերում առաջընթաց շարժման կարևորությանը, ինչի մասին բազմիցս խոսել են Միության երկրների ղեկավարները և ինչը ամրագրված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030-2045 թվականներն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում։
«ԵԱՏՄ մաքսային կարգավորումը և ներքին շուկայի զարգացումը» թեմատիկ նստաշրջանում Ռուսլան Դավիդովը խոսել է ԵԱՏՄ դատարանի հետ ԵՏՀ մաքսային բլոկի փոխգործակցության մասին։ «Առանձին ապրանքատեսակների դասակարգման հարցերը մաքսային կարգավորման հարցերով ԵԱՏՄ դատարան դիմելու հիմնական առարկաներից են,- ասել է ԵՏՀ նախարարը։ - Ընդ որում, Հանձնաժողովի կողմից Միության գործունեության ամբողջ ընթացքում ընդունված 200 դասակարգման որոշումներից միայն 10%-ն է բողոքարկվել ԵԱՏՄ դատարանում»: