Նորություններ

22.11.2023

Սերգեյ Գլազև. «ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև երկխոսությունը բարելավում է տնտեսական կապվածությունը Եվրասիայում»

Նոյեմբերի 21-ին ԱՍԵԱՆ-ում ԵԱՏՄ օրերը շարունակվեցին «ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ տնտեսական օրակարգը. հատվող շահեր» կլոր սեղանով: Միջոցառման մասնակիցներն արձանագրել են երկու ինտեգրացիոն միավորումների օրակարգերի և զարգացման հեռանկարների ընդհանրությունը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նշել է, որ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ ունեն համանման շահեր, արժեքներ և ինտեգրացիոն գործընթացների զարգացման սկզբունքներ, որոնք ապահովում են փոխադարձ հարգանքը, պետությունների ինքնիշխանության ճանաչումը, կոնսենսուսի հիման վրա որոշումների ընդունումը, միջազգային իրավունքի նորմերի պահպանումը, հարաբերություններում վստահությունը և թափանցիկությունը:

«Ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԱՍԵԱՆ ներկայիս աշխարհատնտեսական պայմաններում տեսնում են ռազմավարական պլանավորման նույն նպատակներն ու հորիզոնները։ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ գրեթե համընկնող տնտեսական օրակարգը, ինչպես նաև Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների համաժամանակյա զարգացումը համապատասխանում են գործարար շրջանակների շահերին ու պահանջներին», – հայտնել է Սերգեյ Գլազևը։

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ շուկայի նախատեսվող մեկնարկը պոտենցիալ հետաքրքրություն է ներկայացնում նավթ և բնական գազ ներկրող ԱՍԵԱՆ երկրների համար, և ԱՍԵԱՆ երկրների դեղ արտադրողները հնարավորություն ունեն աշխատելու 10 մլրդ ԱՄՆ դոլար տարողությամբ ԵԱՏՄ միասնական դեղագործական շուկայում։ Համագործակցության այլ հեռանկարային ոլորտների թվում նա նշել է ԵԱՏՄ-ում ստեղծվող տեխնոլոգիական հարթակները, ինչպես նաև սննդամթերքի արտադրությունը և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաները։

ԱՍԵԱՆ քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Չանդրան նշել է, որ ԱՍԵԱՆ-ում և ԵԱՏՄ-ում տնտեսական աճի դրական դինամիկան պայմանավորում է նրանց առևտրատնտեսական փոխգործակցությունից մեծ ակնկալիքները: Նրա կարծիքով՝ համագործակցության հեռանկարային ուղղություն է կայուն զարգացման ոլորտը։ Նա տեղեկացրել է, որ ԱՍԵԱՆ-ում ավարտին են մոտենում կայուն զարգացման մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ խորհրդակցությունները։ Հաջողության դեպքում ԱՍԵԱՆ կդառնա առաջին ինտեգրացիոն միավորումը, որը կհասնի դրան: 

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի քարտուղարության ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Չերնիցինն արձանագրել է համաշխարհային տնտեսական ակտիվության գլոբալ կենտրոնների Եվրասիա տեղափոխման փաստը։ Այս ֆոնին ԵԱՏՄ մինչև 2045 թվականը նպատակ է դնում դառնալ բազմակենտրոն աշխարհի ինքնաբավ, անվտանգ, ներդաշնակորեն զարգացած և գրավիչ մակրոտարածաշրջան՝ հասնելով տնտեսական, տեխնոլոգիական և մտավոր առաջնորդության՝ բնակչության բարձր մակարդակի բարեկեցությամբ։ Խնդրի այս ձևակերպումը՝ հաշվի առնելով երկու ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ մեծ տարածքը, բնակչությունը, տնտեսական ներուժը և խիտ տրանսպորտային ցանցերը, նոր հեռանկարներ է ստեղծում ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև տնտեսական համագործակցության և քաղաքակրթական կապվածության համար։ Համագործակցության հեռանկարային ուղղությունների իրականացման հնարավոր մեխանիզմներ կարող են դառնալ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև ազատ առևտրի գլոբալ գոտու ստեղծումը, ինչպես նաև տեխնոլոգիական գործընկերությունը։

Գեներալ Ահմադ Յանիի համալսարանի (Ինդոնեզիա) պրոֆեսոր Կոննի Ռաակունդինի Բաքրին ենթադրել է, որ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև հարաբերական աշխարհագրական հեռավորությունը և լոգիստիկային առնչվող դժվարությունները կարող են լուծվել համագործակցությանը Չինաստանին և Մոնղոլիային ներգրավելու, ենթակառուցվածքներում ներդրումներն ավելացնելու, նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծելու, կարգավորման վերազգային նորմերը միասնականացնելու, երկու ինտեգրացիոն միավորումների ժողովուրդների միջև մշակութային փոխանակումները և հաղորդակցությունն ակտիվացնելու միջոցով: 

Միջազգային իսլամական համալսարանի (Ինդոնեզիա) դոկտոր Ֆաջար Հիրավան նշել է, որ ԵԱՏՄ հետ համագործակցությունը կարող է դրական ավանդ ունենալ ԱՍԵԱՆ առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրների լուծման գործում։ Դրանց թվում են վերարդյունաբերականացումը, թվայնացումը, ճյուղավորված տրանսպորտային ցանցի ստեղծումը, էներգետիկ անցման նոր փուլի հասնելը և պարենային անվտանգության ապահովումը։

Կլոր սեղանի աշխատանքների մասնակից այլ փորձագետներ կարևորել են ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ներդրումները բարձր տեխնոլոգիաներում, թվային փոխակերպումը, փոխգործակցության հումանիտար ասպեկտները, բնապահպանությունը, կորպորատիվ կառավարումը, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելը և այլն: Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ին կից ԱՍԵԱՆ կենտրոնի տնօրեն Եկատերինա Կոլդունովան, նոր ոլորտները կարող են դառնալ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև փոխգործակցության օրակարգի առարկա։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում ինտեգրման փորձն ուսումնասիրող հետազոտական ծրագիր: 

ԱՍԵԱՆ-ում ԵԱՏՄ օրերի կլոր սեղանի և այլ միջոցառումների ընթացքում հնչած գաղափարներն ու առաջարկները կարող են հետագայում հիմք հանդիսանալ Տնտեսական համագործակցության ոլորտում ԵՏՀ և ԱՍԵԱՆ միջև փոխըմբռնման հուշագրի և Երկու ինտեգրացիոն միավորումների համագործակցության մինչև 2025 թվականը համատեղ ծրագրի իրականացման շրջանակներում ձեռնարկվող գործնական քայլերի համար։

«ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ տնտեսական օրակարգը. հատվող շահեր» կլոր սեղանը կազմակերպվել է ԵՏՀ-ի կողմից ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ին կից ԱՍԵԱՆ կենտրոնի հետ համատեղ: Միջոցառման մոդերատորն էր կենտրոնի փորձագետ Նիկիտա Կուկլինը։

Միջոցառման տեսագրությունը հասանելի է ԵՏՀ Youtube ալիքում։