Նորություններ

12.12.2024

ԵԱՏՄ երկրները քննարկել են ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման և Միության ֆինանսական ոլորտի իրավունքի կատարելագործման հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկվել են ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման և ֆինանսական ծառայությունների ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման մոտեցումները։ Նիստը կայացել է Մոսկվայում՝ ԵՏՀ կենտրոնակայանում, Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ։

ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է ներդնել ստանդարտացված լիցենզիայի մեխանիզմ, որը ֆինանսական ծառայություններ մատուցողների համար կապահովի դուստր կազմակերպությունների միջոցով շուկաների փոխադարձ հասանելիությունը և նրանց առևտրային ներկայությունը։ Ստանդարտացված լիցենզիան հատուկ թույլտվություն է, որը տրվում է մայր կազմակերպության ծագման երկրի ֆինանսական կարգավորողի կողմից:

Բախիթ Սուլթանովի խոսքով՝ այս փաստաթուղթն ուղղված է բանկային և ապահովագրական հատվածներում գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծմանը։ Բացի այդ, այն նախատեսված է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ֆինանսական ծառայությունների մատչելիությունը, որակը և բազմազանությունը բարձրացնելու, ինչպես նաև ֆինանսական շուկայում մրցակցություն զարգացնելու համար:

«Համաձայնագիրը սահմանում է ստանդարտացված լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները, հայտատուին և լիցենզառուին ներկայացվող պահանջները, դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման կարգը»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։ 

Համաձայնագրի նախագիծը սահմանում է ֆինանսական ծառայություններ մատուցողների, այդ թվում՝ բանկերի և ապահովագրական կազմակերպությունների համար ազգային ֆինանսական շուկաներ փոխադարձ մուտքի թույլտվություն, ինչը թույլ կտա պարզեցնել դուստր կազմակերպության ձևով իրավաբանական անձի հիմնադրման կամ ձեռքբերման գործընթացը:

Բացի այդ, Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտի հիմնական հասկացությունների և սահմանումների և շուկայական միջնորդներին (բրոքերներին) ներկայացվող պահանջների սահմանման մասով Միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնեցված առաջարկների մասին ԵՏՀ խորհրդի հանձնարարականի նախագիծը:

Նիստի մասնակիցները տեղեկացվել են բանկերի և ապահովագրական կազմակերպությունների համար ընդհանուր ֆինանսական շուկայի մուտքի թույլտվության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցմանը, շուկայական միջնորդներին (դիլերներին) ներկայացվող պահանջների սահմանմանը, արժեթղթերի բորսայական առևտրի ենթակառուցվածքի զարգացմանը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման դեմ պայքարի միջոցների կատարելագործմանն ուղղված Հանձնաժողովի խորհրդի հանձնարարականների նախագծերի վրա աշխատանքի մասին: