Հունիսի 26-27-ը Երևանում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկել են օրենսդրության ներդաշնակեցման մոտեցումները, որոնք սահմանում են ընդհանուր ֆինանսական շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները: Նիստն անցկացվել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ։
Առանցքային թեմաներն էին շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջների միասնականացումը, ներառյալ կանոնադրական կապիտալի և սեփական միջոցների չափը, ինչպես անդրսահմանային փոխգործակցությունը նաև վարկային հարաբերություններ ձևակերպելիս և ընդհանուր ֆինանսական շուկայում ծառայություն մատուցելիս:
«Բանկային և ապահովագրական հատվածներում, արժեթղթերի շուկայում օրենսդրության ներդաշնակեցումն ուղղված է Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման պայմանների ապահովմանը։ Ֆինանսական շուկաների կարգավորման և հսկողության ներդաշնակեցված պահանջների սահմանումը կապիտալի ազատ տեղաշարժի կարևոր պայմաններից մեկն է», — նշել է Բախիթ Սուլթանովը։
Խորհրդատվական կոմիտեի անդամները նաև քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմությունների կազմում ընդգրկված տեղեկությունների փոխանակման կարգի մասին 2021 թվականի դեկտեմբերի 21-ի համաձայնագրի իրականացման հարցեր։
«Համաձայնագիրը իրավական հիմք է ձևավորում ֆինանսական շուկաների մասնակիցների միջև անդրսահմանային փոխգործակցության համար, հավասար պայմաններ է ապահովում մեր երկրների ռեզիդենտների համար Միության այլ պետությունների տարածքներում գտնվող բանկերից վարկային ռեսուրսներ ստանալու համար դիմելիս և մատչելի գործիքակազմ տրամադրում հնարավոր վարկառուների վարկային ռիսկի նույնականացման և գնահատման համար», — ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Քննարկվող հարցերի թվում էին Միության պետությունների փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման հանձնարարականները, հարկման արտոնյալ ռեժիմ տրամադրող օֆշորային գոտիների ազգային ցանկերի ներդաշնակեցումը և Ռուսաստանի Դաշնությունում բրոքերային հաշիվների բացումը: