Նորություններ

27.02.2024

Հաստատվել է սննդամթերքի տեխկանոնակարգերի փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է սննդամթերքի անվտանգության ոլորտում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը։ Դրանք են սննդամթերքի, ինչպես նաև դրա առանձին տեսակների՝ յուղաճարպային արտադրանքի, կաթի և կաթնամթերքի, մսի և մսամթերքի, ձկան և ձկնամթերթի, թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի տեխնիկական կանոնակարգերը՝ սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակների սահմանման մասով:

Հանձնաժողովի Կոլեգիան անցումային շրջան է սահմանել՝ Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի N 70 որոշմամբ ընդունված փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվանից (2024 թվականի հուլիսի 10-ից) 18 ամիս։ Այս ժամանակահատվածում թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում սննդամթերքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը նշված տեխնիկական կանոնակարգերով նախկինում սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան: Ընդ որում, Միության շուկայում նման արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է դրա արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

Անցումային շրջանի սահմանումը դրական ազդեցություն կունենա ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա։ Բավականաչափ ժամկետներ են ապահովվում կենդանական ծագման սննդամթերք արտադրողներին, արտադրողների կողմից լիազորված անձանց և վաճառողներին (մատակարարներին) սննդամթերքի անվտանգության ոլորտի տեխկանոնակարգերում ներառված ապրանքներին ներկայացվող նոր պահանջները պահպանելուն աստիճանաբար նախապատրաստելու համար՝ դրանում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակները սահմանելու մասով: