Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է էլեկտրոնային առևտրում սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանուր մոտեցումները, որոնք առաջարկվում հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության պետությունների օրենսդրությունում։
Հանձնարարականի դրույթները հիմնված են Հանձնաժողովի կողմից Միության երկրների քաղաքացիների շրջանում անցկացված լայնածավալ հարցման արդյունքների վրա և ձևավորվել են՝ հաշվի առնելով այս ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության սպեցիֆիկան որոշող հիմնական գործոնները:
Փաստաթուղթը պարունակում է տեղեկությունների ցանկ, այդ թվում՝ ապրանքների գնման և վերադարձի գնի և պայմանների մասին, որոնք պետք է տրամադրվեն սպառողին, ինչպես նաև անբարեխիղճ գործողությունների բնութագրերը և էլեկտրոնային առևտրում սպառողների իրավունքների խախտման համար պատասխանատվություն սահմանելու առանձնահատկությունները:
Ընդհանուր մոտեցումների թվում ամրագրված է այն դրույթը, որ էլեկտրոնային առևտրում սպառողների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրներում ստացիոնար առևտրի համար նախատեսվածից ոչ պակաս մակարդակով։ Արձանագրվում է նաև, որ սպառողների իրավունքների պահպանումը էլեկտրոնային առևտրի հարթակի և համացանցում ապրանքներ իրացնող վաճառողի պարտականությունն է։ Սպառողների իրավունքների խախտման համար պատասխանատվությունը պետք է սահմանվի սպառողի այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որին ուղղված է համացանցային խանութի գործունեությունը: Էլեկտրոնային առևտրի հարթակները պետք է քայլեր ձեռնարկեն համացանցային խանութների կողմից սպառողների իրավունքների պահպանման ուղղությամբ և աջակցեն վերջիններիս և սպառողների միջև վեճերի լուծմանը:
Բացի այդ, փաստաթուղթը պարունակում է էլեկտրոնային առևտրում վեճերի լուծման համար առաջարկվող հիմնական մոտեցումներ: Այսպես, սպառողին պետք է հնարավորություն տրվի հրաժարվելու էլեկտրոնային առևտրի միջոցով ձեռք բերված ապրանքից ցանկացած պահի՝ մինչև դրա փոխանցումը, իսկ ապրանքը փոխանցելուց հետո՝ առնվազն տասնչորս օրացուցային օրվա ընթացքում։ Սպառողի կողմից վճարված գումարի վերադարձման ժամկետները չպետք է գերազանցեն սպառողի կողմից համապատասխան պահանջը ներկայացնելու օրվանից յոթ օրացուցային օրը: Համացանցային խանութը պետք է քննարկի սպառողի պահանջը դրա ներկայացման օրվանից տասն օրացուցային օրվա ընթացքում:
Հանձնաժողովի հանձնարարականը մշակվել է ի կատարումն Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի և նպատակաուղղված է քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանության երաշխիքների բարձրացմանը և այս ոլորտում անդամ պետությունների օրենսդրության մերձեցմանը: