Եվրասիական տնտեսական միությունում փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման կարգի կատարելագործման գործնական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվական փոխանակման հարցերը քննարկվել են նոյեմբերի 17-ին ԵՏՀ գլխավոր գրասենյակուն կայացած Հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի նիստում, որը նախագահել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն Արկադի Խաչատրյանը։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ հարկային քաղաքականության հարցերով պատասխանատու՝ լիազորված պետական մարմինների ղեկավարներ և փորձագետներ։
Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են նաև ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վրա ազդող հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները՝ հարկային վարչարարություն, ԱԱՀ, ակցիզներ, ֆիզիկական անձանցից եկամտահարկի գանձում, տեղեկատվական փոխանակում, միջազգային հարկում, հարկային վարչարարության թվայնացում, ներառյալ էլեկտրոնային ծառայություններ:
Հարկային ոլորտի միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) կարգավիճակի մշտադիտարկման շրջանակներում քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի փոփոխությունները, որոնք արդեն կատարվել են կամ վավերացման փուլում են։ Հատուկ ուշադրություն է դարձվել «2-րդ Մեծ Արձանագրության» փոփոխություններին, որը ստորագրվել է 2022 թվականի մարտի 31-ին և վավերացման փուլում է։
Ինչպես նշել է Խորհրդատվական կոմիտեի պատասխանատու քարտուղար, ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության հարկային քաղաքականության բաժնի ղեկավար Նուրմատբեկ Մամբետալիևը, նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հարկման հարցին։ Հանձնաժողովը և Միության պետությունների լիազոր մարմինները կշարունակեն աշխատել Արձանագրության համապատասխան նախագծի համաձայնեցման ուղղությամբ (ԵԱՏՄ մասին պայմանագրում ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի դեպքում անուղղակի հարկերի գանձման կարգի մասով փոփոխությունների մասին արձանագրության նախագիծ): Հանձնարարվել է այս հարցի իրականացման ընթացքի մասին զեկուցել Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստում։
Նիստի մասնակիցները քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործման հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը։
Ծխախոտի արտադրանքի մասով քննարկվել է ակցիզների դրույքաչափերի մակարդակը, որոնց մերձեցումը նախատեսված է ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին համաձայնագրով։ Այդ փաստաթղթին համապատասխան՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ սահմանվում են միասնական ինդիկատիվ դրույքաչափ, ինչպես նաև Միության պետությունների կողմից սահմանվող ակցիզների դրույքաչափերում դրանից շեղումների թույլատրելի միջակայք։ Կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքներով պատրաստվել է նյութերի փաթեթ՝ ԵՏՀ Կոլեգիայի նիստում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի ակցիզների 2029 թվականի միասնական ինդիկատիվ դրույքաչափը հաստատելու մասին» հարցը քննարկելու համար։
Տեղեկանք
Հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է ԵՏՀ կոլեգիայի 2012 թվականի մարտի 15-ի № 13 որոշմամբ։ Կոմիտեի նախագահը ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Աբդիրի Սագինտաևն է։ Կոմիտեն հարկային քաղաքականության, փոխադարձ առևտրում հարկերի գանձման մեխանիզմի կատարելագործման հարցերով Հանձնաժողովի խորհրդատվական մարմինն է։