Դեկտեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտահանող, միջատազերծող և դեզակարիզացիոն միջոցների շրջանառության կարգավորման կանոնները։
Փաստաթղթի մշակումն ու համաձայնեցումը իրականացվել է 2014 թվականից ԵՏՀ-ի կողմից ԵԱՏՄ երկրների անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինների հետ համատեղ։ Այն ընդգրկում է նշված միջոցների շրջանառության կարգավորման ամբողջ ոլորտը։
Կանոնների ընդունմամբ Միությունում սահմանվում են ախտահանող, միջատազերծող և դեզակարիզացիոն միջոցների գրանցման միասնական ընթացակարգեր, դրանց որակին, արդյունավետությանը և անվտանգությանը ներկայացվող միասնական պահանջներ և դրանց գնահատման չափանիշներ, ԵԱՏՄ մաքսային տարածքում այդ միջոցների շրջանառության վերահսկողության և հսկողության գործունեության միասնական կանոններ և ընթացակարգեր: Սա ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում Միության ընդհանուր շուկայի գործունեության և զարգացման համար։
Հարկ է նշել, որ մինչ այժմ նշված միջոցների շրջանառության բոլոր ասպեկտները կարգավորվում էին ազգային օրենսդրությամբ, ինչը ԵԱՏՄ ընդհանուր շուկային թույլ չէր տալիս արդյունավետ գործել։ Ընդունված փաստաթուղթը ավելի բարենպաստ և թափանցիկ պայմաններ է ստեղծում Միությունում անասնաբուժական նշանակության ախտահանող, միջատազերծող և դեզակարիզացիոն միջոցների շրջանառության համար։
ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանվել են անցումային շրջաններ։ Մասնավորապես, որոշվել է, որ ԵԱՏՄ կանոններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։
Մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը տրված անասնաբուժական նշանակության ախտահանող, միջատազերծող և դեզակարիզացիոն միջոցների գրանցման վկայականները և նման միջոցների շուկայահանման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ուժի մեջ կլինեն Միության երկրների օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան 2032 թվականի դեկտեմբերի 31-ը։ ԵԱՏՄ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված նշված միջոցների գրանցման դոսյեները պետք է համապատասխանեցվեն Միության Կանոններին մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը։
Բացի այդ, Կանոններին համապատասխան՝ մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրվում է անասնաբուժական նշանակության ախտահանող, միջատազերծող և դեզակարիզացիոն այն միջոցների շրջանառությունը ԵԱՏՄ-ում, որոնք գրանցվել են միութենական երկրների օրենսդրությանը համապատասխան մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։ Ինչպես նաև Միության պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ ընթացակարգերին համապատասխան շուկայահանվող նշված միջոցների` մինչև ԵԱՏՄ կանոններով նախատեսված կարգով դրանց գրանցման ընթացակարգի ավարտը: