Նորություններ

11.09.2024

ԵՏՀ-ում ներկայացրել են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի զարգացման Հայաստանի փորձնական նախագիծը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում ներկայացրել է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի նախագիծը։

Միջոցառմանը մասնակցել են ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների, պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակման նախագծում։

Հայկական գերատեսչությունը ցուցադրել է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի» թվային հարթակի աշխատանքը։ Մասնավորապես, ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև մաքսային մարմինների ենթահամակարգի ինտեգրումը արտաքին տնտեսական գործունեության իրականացման թույլատրական փաստաթղթերի տրամադրման պետական այլ մարմինների հետ։

Կարևորվել է Հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ այս աշխատանքը Միության երկրներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների կառուցման մոտեցումներին ծանոթանալու համար։

«Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի մասին» ԵՏՀ խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի N 4 կարգադրությամբ սահմանվել են Ռազմավարություն-2025 իրականացման միջոցները, մեխանիզմները և միջոցառումները։

Միջոցառումների պլանի 9.4-րդ կետի մասով սահմանվել է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ներդրման փորձնական նախագծերի ցուցադրմանն ուղղված միջոցառումների կազմակերպում հետագայում դրանց համատեղելիության ու տվյալների փոխանակման հնարավորության ապահովման նպատակով: