Սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները և այս ուղղությամբ եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարները քննարկվել են մայիսի 16-ին Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ԵԱՏՄ պետությունների խորհրդատվական կոմիտեի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ։
ԵՏՀ նախարարը կարևորել է մինչև 2030 թվականը Միության երկրների համատեղ աշխատանքի գերակայությունների սահմանումը, որոնց թվում հատուկ ուշադրություն պետք է դարձնել առևտրի և ծառայությունների ոլորտներում թվայնացման զարգացման, նորարարական տեխնոլոգիաների և խելացի ծառայությունների ներդրման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության պետական և հասարակական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության ամրապնդմանը:
Խորհրդատվական կոմիտեի անդամները կարևորել են սույն թվականի հունիսի 5-ից 8-ը Մինսկում՝ ՏԻԲՕ-2024 տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով 30-րդ միջազգային համաժողովի ծրագրի շրջանակներում կայանալիք 6-րդ Եվրասիական թվային համաժողովի ոլորտային նստաշրջանի ընթացքում կարծիքների ու փորձի փոխանակումը:
Հանձնաժողովը ներկայացրել է ԵԱՏՄ երկրների օրենսդրության և Միության իրավունքի վերլուծություն, որից պարզվել է, որ սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմը բավականաչափ զարգացած չէ և կանոնակարգված չէ։ Այդ կապակցությամբ Խորհրդատվական կոմիտեի անդամներն առաջարկել են «սպառող-ձեռնարկատեր» երկխոսություն կազմակերպել ԵԱՏՄ Գործարար խորհրդի շրջանակներում, ինչպես նաև զարգացնել սպառողների շահերը հաշվի առնելու համար ներդրվող կարգավորման հետևանքների գնահատման ընթացակարգեր։
Սպառողների շահերը հաշվի առնելու մեխանիզմների ձևավորման հաջորդ քայլը կլինի սպառողների շահերին առնչվող նորմատիվ ակտերի նախագծերի մշակման ընթացակարգերի կատարելագործման առաջարկների մշակումը։
Նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ երկրներում տեխնիկապես բարդ ապրանքների հետվաճառքային սպասարկման նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրականացման մասին զեկույցը։ Քննարկվել են սպառողների ռիսկերը՝ կապված ոչ պատշաճ հետերաշխիքային սպասարկման հետ, ինչպես նաև տեխնիկապես բարդ ապրանքների շահագործման ծառայություններին ներկայացվող պահանջների սահմանման հեռանկարները:
Նշվել է, որ սպառողները բախվում են բոլոր միութենական երկրների համար ընդհանուր հիմնախնդրին՝ վաճառողների և սպասարկման կենտրոնների անբարեխիղճ վարքագծին, որոնք լրացուցիչ ծառայություններ են պարտադրում, ինչպես նաև այս ոլորտում քաղաքացիների անբավարար տեղեկացվածությանը:
Քննարկվել են ԵԱՏՄ երկրներում անորակ ապրանքներ գնելիս սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների տարբերությունները։
Հայտնաբերված տարբերությունները նվազագույնի հասցնելու և տեխնիկապես բարդ ապրանքներ գնելիս սպառողների իրավունքների պաշտպանության հավասար պայմաններ ապահովելու համար Խորհրդատվական կոմիտեն նախաձեռնել է Միության երկրների համար Հանձնաժողովի համապատասխան հանձնարարականի նախապատրաստումը: