Նորություններ

25.07.2023

Ուժի մեջ են մտել շոկոլադի, շոկոլադե արտադրանքի և կակաոյի արտադրանքի նույնականացման միասնական պահանջները

Այս տարվա հուլիսի 25-ից ուժի մեջ են մտել 2022 թվականի նոյեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում շոկոլադին, շոկոլադե արտադրանքին և կակաոյին ներկայացվող պահանջներին վերաբերող փոփոխությունները։

Նոր պարտադիր պահանջների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունում շրջանառության մեջ դրվող շոկոլադը պետք է պարունակի 35% և ավելի կակաոյի ընդհանուր չոր մնացորդ, այդ թվում՝ 18% և ավելի կակաոյի յուղ։

Շոկոլադի արտադրության մեջ կենդանական այլ ճարպերի օգտագործումը, բացի կաթնային ճարպից, չի թույլատրվում: Բայց թույլատրվում է կիրառել կակաոյի յուղի համարժեքներ և (կամ) SOS տիպի կակաոյի յուղի բարելավիչներ, որոնց գումարային զանգվածային բաժինը շոկոլադում չպետք է գերազանցի 5%-ը։

Շոկոլադի և կակաոյի մթերքի արտադրության համար չի թույլատրվում օգտագործել շոկոլադի կամ կակաոյի մթերքի համը և (կամ) բույրը նմանակող բուրավետիչներ։ Կաթնային, էքստրակաթնային և սպիտակ շոկոլադի արտադրության համար չի թույլատրվում օգտագործել կաթի կամ սերուցքի, կաթնային յուղի համը և (կամ) բույրը նմանակող բուրավետիչներ։

Միջուկով շոկոլադի դեպքում բաժանվող շոկոլադի արտաքին մասը պետք է կազմի 25% կամ ավելին։ Ընդ որում, միջուկով շոկոլադը չի ներառում հացաբուլկեղենը (այդ թվում՝ ամոքահունց), ալյուրի հրուշակեղենը և շոկոլադապատ պաղպաղակը։

Սահմանված պահանջները ներդաշնակեցվել են Կոդեքս Ալիմենտարիուսի միջազգային չափանիշներին:

Նշված փոփոխությունները (անցումային դրույթները) գործողության մեջ դնելու կարգի մասին Հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի մարտի 14-ի № 30 որոշման համաձայն՝ դրանց ուժի մեջ մտնելուց հետո 24 ամսվա ընթացքում նման սննդամթերքը կարող է արտադրվել և շրջանառության մեջ դրվել Միությունում Մաքսային միության Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգով նախկինում սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան:

Այդ արտադրանքի շրջանառությունը հնարավոր է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում: