Նորություններ

26.11.2024

Ուժի մեջ են մտել խաղալիքների մասին Միության տեխկանոնակարգի փոփոխությունները

Այս տարվա նոյեմբերի 26-ին ուժի մեջ են մտել «Խաղալիքների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարվող փոփոխությունները, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի № 50 որոշմամբ:

Փոփոխությունները հստակեցնում են տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտը։ Մասնավորապես, հստակ նշված են արտադրանքի այն տեսակները, որոնք չեն վերաբերում խաղալիքներին: Դրանք են, օրինակ, հուշանվերները, համակարգչային խաղերը, բույսերի աճեցման հավաքածուները և մի շարք այլ ապրանքներ։

Տեխնիկական կանոնակարգը նաև լրացվել է հասկացություններով, որոնց անհրաժեշտությունն առաջացել է դրա կիրառման ընթացքում։ Դրանց թվում են «տնային օգտագործման բատուտը (բատուտ)», «ակտիվ հանգստի համար նախատեսված խաղալիքը», «խաղալիքի առևտրային անվանումը», «թռչող խաղալիքը», «չխկչխկանը», «էլեկտրամեխանիկական խաղալիքը» և այլն։

Պահանջներ են սահմանվել քիմիական խաղալիքներում և քիմիական նյութեր պարունակող և քիմիական փորձերի համար նախատեսված հավաքածուներ չհանդիսացող խաղային հավաքածուներում քիմիական նյութերի կամ ռեակտիվների պարունակության նկատմամբ: Ճշգրտվել են խաղալիքների հիգիենիկ անվտանգության պահանջները, վտանգի մասին նախազգուշացնող տեղեկատվությանը և առավելագույն վտանգ ներկայացնող խաղալիքների անվտանգ օգտագործման համար ձեռնարկվող միջոցներին ներկայացվող պահանջները։

ԵՏՀ կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 6-ի № 91 որոշմամբ սահմանվել է փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը, որը նախատեսում է փուլային անցում նոր պահանջներին։

Այսպես, խաղալիքների համար մինչև 2024 թվականի նոյեմբերի 26-ը տրված հավաստագրերը վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։


Ընդ որում, ԵԱՏՄ շուկայում խաղալիքների արտադրությունն ու շուկայահանումը նման հավաստագրերի առկայության դեպքում թույլատրվում է մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, իսկ ԵԱՏՄ շուկայում շրջանառությունը՝ խաղալիքների ծառայության ժամկետի կամ պահպանման ժամկետի ընթացքում։