20 Jan 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն ավարտել է Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի և գործարար համայնքի միջև խորհրդակցական հանդիպմանը։ «Ներկայումս Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը ԵԱՏՄ-ում ավարտվել են։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրանք Իրանում ևս կավարտվեն», — միջոցառմանն իր ելույթում նշել է ԵՏՀ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ փաստաթուղթը կսկսի աշխատել արդեն առաջիկա ամիսներին։ Ընդ որում, Անդրեյ Սլեպնևն ընդգծել է, որ առևտրատնտեսական փոխգործակցության աճի ամբողջ առկա ներուժն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել միջպետական մակարդակով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը, այլև աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրների գործարար շրջանակների միջև շփումների ամրապնդմանը: Նա բիզնեսին կոչ է արել ակտիվորեն մասնակցել համաձայնագրի կիրարկմանը, ներառյալ փոխգործակցության ձևավորվող մեխանիզմների շրջանակներում տարվող աշխատանքը՝ հաշվի առնելով Իրանի՝ ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակը։ Ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, դա թույլ կտա հասնել առկա պայմանավորվածությունների լիարժեք բացահայտմանը։
17 Jan 2025 Բիշքեկում քննարկվել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևի հետ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման արդի հարցեր, ինչպիսիք են՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի ներդրումը, մաքսային սահմանների հատման պարզեցումը, անցակետերի սարքավորման ընթացքում հեռանկարային տեխնոլոգիաների կիրառումը, էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, ինչպես նաև մաքսային տեղեկատվության փոխանակումը։ Կողմերը կարևորել են Միության ողջ տարածքում միասնական մաքսային վարչարարության ապահովման համար կառուցողական փոխգործակցությունը։ Աշխատանքային այցի ընթացքում Ռուսլան Դավիդովն այցելել է նաև Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն և ծանոթացել մաքսային մարմինների «Սմարթ Բաժի» նոր տեղեկատվական համակարգի ներդրման գործընթացին։ Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարն իր գործընկերների հետ քննարկել է նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև հետագա աշխատանքների պլանները։ ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը Միության երկրների ղեկավարները ստորագրել են 2024 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
14 Jan 2025 Փոփոխություններ են կատարվել սննդամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) միջպետական ստանդարտների մշակման ծրագրում կատարվող փոփոխությունները: Ծրագրից հանվել է 42 դիրք, որից չորսը՝ դրանց ոչ արդիական լինելու պատճառով, իսկ 38-ի առնչությամբ կողմերը նախկինում արդեն մշակել են համապատասխան միջպետական ստանդարտներ։ Հետաձգվել են 48 ստանդարտի մշակման ժամկետները, ինչը պայմանավորված է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման ազգային պլանների արդիականացմամբ և նախագծերի ճշգրտման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Ծրագիրը լրացվել է ԳՕՍՏ-ի մշակման 17 դիրքով, այդ թվում՝ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակությունների որոշման մեթոդների առնչությամբ: Ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։
14 Jan 2025 ԵԱՏՄ-ն հակագնագցման տուրք կսահմանի Ճապոնիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Մալայզիայի ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել Ճապոնիայի, Թաիլանդի, Թուրքիայի և Մալայզիայի ձուլածո ալյումինե անվասկավառակների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու մասին։ Միջոցը կտարածվի 13-ից 20 դյույմ ներառյալ տրամագծով ինչպես նոր, այնպես էլ օգտագործված, դողով լրակազմված կամ չլրակազմված սկավառակների վրա: Դրա գործողության ժամկետը կկազմի հինգ տարի։ Տուրքը սահմանվել է մաքսային արժեքի 9.38-42.82% չափով՝ կախված արտադրող երկրից։ Որոշումն ընդունվել է ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից 2023 թվականի մարտի 1-ին «Ալյումին արտադրողների, մատակարարողների և սպառողների միավորման» դիմումով սկսված հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա։ Հետաքննության արդյունքներով պարզվել է նշված երկրներից ծագող ապրանքի գնագցող ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տնտեսության ոլորտին հասցված նյութական վնասի առկայություն։ «Գնագցող երկրներից ձուլածո ալյումինե անվասկավառակներ արտադրողների գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեր սեփական ընկերությունները ներքին շուկայում մասնաբաժնի կորստի պայմաններում չկարողացան բարձրացնել ապրանքի իրացման գինը դրա ինքնարժեքի աճին համաչափ: Արդյունքում դրանց վաճառքները դարձել են կորստաբեր, իսկ արտադրության շահութաբերությունը՝ բացասական», — պարզաբանել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։
14 Jan 2025 ԵՏՀ-ն հաստատել է Մայրուղային խողովակաշարերի վերաբերյալ տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նոր խմբագրությունը Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազային ածխաջրածիններ փոխադրող մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը հաստատվել է նոր խմբագրությամբ: Փոփոխությունները նախապատրաստվել են տեխկանոնակարգի ապացուցողական բազան արդիական պահելու համար՝ հաշվի առնելով Ծրագրով նախատեսված միջպետական ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև ստանդարտների գործող ցանկերում ներառված ստանդարտների կիրառման արդյունքները։ Ծրագրին համապատասխան նախատեսվել է 24 ԳՕՍՏ-ի մշակում, որոնցից 14-ը՝ Ղազախստանի և Ռուսաստանի ազգային ստանդարտների հիման վրա։ 2024-2025 թվականներին նախատեսվում է մշակել տասը, 2025-2026 թվականներին՝ չորս, 2025-2027 թվականներին՝ ինը միջպետական ստանդարտ, ևս մեկ ԳՕՍՏ կարող է մշակվել մինչև 2029 թվականը։ Ծրագրի նոր խմբագրությունում պահպանվել է գործող փաստաթղթով նախատեսված 16 միջպետական ստանդարտ: Բացի այդ, Ծրագրում ներառվել է ութ նոր միջպետական ստանդարտ:  
14 Jan 2025 Կոլեգիան ընդլայնել է մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բաց թողնման մասին դիմումի կիրառման հնարավորությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է մինչև հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բաց թողնման մասին դիմումի լրացման կարգը և այս փաստաթղթի կառուցվածքը։ Դրանում ավելացվել է ակցիզային դրոշմանիշերի մասին տեղեկություններ նշելու հնարավորությունը: Նախկինում Հանձնաժողովի Կոլեգիան վերացրել էր ենթաակցիզային ապրանքների նկատմամբ պարզեցումների կիրառման երկար տարիներ գործող սահմանափակումը։ Այսօր ընդունված որոշումն ապահովում է ենթաակցիզային ապրանքների նկատմամբ ԼՏՕ-ների կողմից առավել պահանջված պարզեցումներից մեկը, որը կապված է մինչև հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման հետ, կիրառելու հնարավորության գործնական իրականացումը: «Ընդունված փոփոխությունները կընդլայնեն պարզեցված դիմումի և, համապատասխանաբար, լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցումների կիրառման հնարավորությունները, ինչը կնպաստի հիմնական միջազգային միտումներին համապատասխան այդ ինստիտուտի հետագա զարգացմանը», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։ Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման մասին դիմումը պարզեցված մաքսային փաստաթուղթ է, որն արտացոլում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ նվազագույն տեղեկությունները, և ապրանքը փաստացի բաց է թողնվում մինչև ընդհանուր սահմանված ձևով ապրանքների հայտարարագիր ներկայացնելը: Նշված փաստաթուղթն ակտիվորեն օգտագործվում է լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) կողմից, որոնց համար մինչև հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բաց թողումը տրամադրվող պարզեցումներից մեկն է: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ Համանման տեղեկություններ նշվում են ապրանքների այն հայտարարագրում, որի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և լրացման կարգի մասին» N 257 որոշմամբ։
Ցուցադրել ավելին