Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը «Չինական երկաթուղիներ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Գո Չժուսեի հետ։
Քննարկվել է երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման մասով ԵԱՏՄ-ՉԺՀ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի իրականացումը։ Նշվել է, որ համապատասխան բաժնի միջոցառումներն իրականացվում են համաձայն նախատեսված ժամկետների։ Մասնավորապես, կողմերը երկաթուղային փոխադրողների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման ընթացքում, ընդհանուր առմամբ, հասել են տվյալների որակի բարձր մակարդարի և ամբողջականության:
«Ներկայումս բարձր աստիճանի պատրաստության փուլում են երկաթուղային ընկերությունների միջև համաձայնագրերը, որոնք թույլ կտան դուրս գալ համագործակցության նոր մակարդակ։ Քննարկում ենք նաև համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ», — նշել է Անդրեյ Սլեպնևը։
Բացի այդ, կողմերը մանրամասն քննարկել են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ՉԺՀ շուկա մուտքի հարցեր, ինչպես նաև «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի շրջանակում լոգիստիկ երթուղիների ընդլայնման հնարավորությունները։
Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև ասիական և եվրոպական ուղղություններով արտահանման մատակարարումների զարգացման նպատակով ԵԱՏՄ անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման համատեղ նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի փետրվարի 25-ի N 3 կարգադրությամբ։
«Եվրասիական ագրոէքսպրեսով» փոխադրումների ընդհանուր ծավալները 2023 թվականին գերազանցել են 450 հազար տոննան։ Ընդ որում, բեռնային բազայի առանցքային տեսականին կազմել է յուղաճարպային, պտղաբանջարային և պահածոյացված, հատիկաընդեղային արտադրանքը, ինչպես նաև հավի և տավարի միսը:
Նախագծով փոխադրումների հիմնական ուղղությունն այս պահին Չինաստանն է։