Նորություններ

15.11.2023

Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված ինտեգրացիոն օրակարգի առաջմղման գործում առանձնահատուկ դեր է վերապահված էներգետիկային և տրանսպորտին»

Այս կարծիքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը հայտնել է՝ նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով «Ինտեգրում 2023» եվրասիական գործարար համաժողովի լիագումար նիստում, որը նվիրված էր «Մեծ եվրասիական գործընկերություն. Առաջանցիկ զարգացման ռազմավարություն» թեմային:

Դիմելով լսարանին՝ Արզիբեկ Կոժոշևը տեղեկացրել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգի մասին։

«Զգալիորեն աճում է Միության էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների ձևավորման դերն ու արժեքը, որոնք նախատեսվում է գործարկել 2025 թվականի հունվարի 1-ից: Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը դրա մասնակիցների համար կստեղծի եվրասիական տարածքում անդրսահմանային առևտուր իրականացնելու հնարավորություն, իսկ էլեկտրաէներգիայի արժեքը կձևավորվի բորսայական մեխանիզմների օգտագործմամբ, ինչը կապահովի դրա թափանցիկությունը», – նշել է եվրասիական նախարարը։
Ակնհայտ է, որ ժամանակակից տնտեսական և սոցիալական զարգացման գլոբալ գործընթացները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են էներգետիկ ռեսուրսների հետ, որոնց հուսալի հասանելիությունը երկրների հիմնական գերակայությունն է, նրանց տնտեսության և բնակչության բարեկեցության գրավականը:
Արզիբեկ Կոժոշևը նաև նշել է, որ ԵԱՏՄ պետություններում մինչ օրս ընդունվել են «կանաչ տնտեսությանն» անցնելու և այլընտրանքային էներգետիկայի զարգացման պետական ծրագրեր. «Էներգետիկ հեռանկարներն, անշուշտ, պետք է հաշվի առնեն նաև ցածր ածխային զարգացմանը, ածխածնազերծմանը, կլիմայական օրակարգի գերակայությանը, ի վերջո՝ էներգիայի աղբյուրների տարբերակմանն անցնելու ժամանակակից միտումները և նոր տեխնոլոգիաների զարգացումը»։
ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համալիրները ցույց են տալիս դիմադրողականության և կայունության բարձր մակարդակ՝ լոգիստիկ նոր շղթաների ստեղծման և ենթակառուցվածքի արագացված զարգացման անհրաժեշտության պայմաններում։ Միության երկրների ազգային ենթակառուցվածքային նախագծերը կենտրոնացած են Արևելք-Արևմուտք երթուղու երկայնքով, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի ուղղությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում՝ ծովային նավահանգիստների ներուժի օգտագործմամբ համակցված տարանցիկ տրանսպորտային միջանցքների ֆունկցիոնալի պահպանման վրա:
Արզիբեկ Կոժոշևը կարևորել է ԵԱՏՄ երկրների տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների թվայնացումը. «Էներգետիկայի ոլորտում բազային գործընթացների արդյունավետությունը անշեղորեն բարձրանում է թվայնացման հաշվին, տեղեկատվական տեխնոլոգիաները լայնորեն օգտագործվելու են Միության էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների գործունեության պայմաններում»։ Տրանսպորտային գործունեության թվայնացման առաջատարը երկաթուղային տրանսպորտն է: Այսպես, ոլորտում ձևավորվում է ներմուծման-արտահանման ուղղություններով անթուղթ թվային երկաթուղային փոխադրումների համալիր տեխնոլոգիայի հիմքը։

Ավարտելով իր ելույթը՝ ԵՏՀ նախարարն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ցանկացած փոփոխություն պետք է ընկալվի որպես ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման և ժամանակակից մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմների ստեղծման նոր հնարավորություններ։ Զարգացման և բարգավաճման համար ընդհանուր տարածք ձևավորելու համար կարևոր է, որ ԵԱՏՄ-ում զարգացման ռազմավարություններն ուղղված լինեն ոչ թե մրցակցությանը, այլ ռացիոնալ փոխգործակցությանը, որն ապահովում է ընդհանուր և ազգային մրցակցային առավելությունների արդյունավետ օգտագործումը, էներգետիկ և տրանսպորտային կապվածությունը, ինչպես նաև առկա ենթակառուցվածքը։