Եվրասիական տնտեսական միության երկրների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև երկխոսության խորացման հարցերը «Եվրասիական ուսումնասիրություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» 5-րդ խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում։ Միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Երևանում՝ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախաձեռնությամբ։
ԵԱՏՄ ռազմավարական զարգացման և միջազգային գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը։
«ԵԱՏՄ-ն ակտիվորեն փոխգործակցում է Չինաստանի հետ, այդ թվում՝ ԲՐԻԿՍ, ՇՀԿ և այլ ձևաչափերի շրջանակներում, ներառյալ զուգակցումը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ։ Նման երկխոսությունն ապահովում է տարածաշրջանային տնտեսական զարգացման ռազմավարությունների սիներգիան և շարժիչ ուժ է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար»,- ընդգծել է Գոհար Բարսեղյանը։
Հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանը ոչ միայն Միության առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, այլև եվրասիական տարածքում առանցքային տրանսպորտալոգիստիկ հանգույցը։ Այս ամենը ՉԺՀ հետ համագործակցության զարգացմանը ռազմավարական բնույթ է հաղորդում։
Տեղեկանք
Խորհրդաժողովի շրջանակներում քննարկման հիմնական թեմաներն էին չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գործնական իրականացումը, բազմաբևեռ աշխարհակարգի կայացումը, ԳՀՓԿԱ-ն, նորարարությունները, թվայնացումը, անվտանգության հարցերը, մատակարարման գլոբալ շղթաների փոխակերպումը, Ռուսաստանի և Չինաստանի, Հնդկաստանի և Չինաստանի փոխհարաբերությունները:
Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը, Շանհայի համագործակցության կազմակերպության բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Չժեն Վեյը, Հայաստանը վարչապետի օգնական և Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության խմբի ղեկավար Հակոբ Աբրահամյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը։