Նորություններ

31.07.2024

ԵԱՏՄ-ն և Կուբան քննարկել են սպառողների անվտանգության հարցեր

Հուլիսի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Նատալյա Ժուկովայի նախագահությամբ անցկացվել է Եվրասիական տնտեսական միության և Կուբայի Հանրապետության միջև սպառողների իրավունքների պաշտպանության փոխգործակցությանը նվիրված սեմինար։

Ընդգծելով ԵԱՏՄ երկրների համար թեմայի կարևորությունը՝ Նատալյա Ժուկովան նշել է, որ այս ոլորտում միջազգային երկխոսության զարգացումն ամրապնդում է եվրասիական ինտեգրման հիմքերը և նպաստում փոխշահավետ համագործակցությանը։

Սեմինարի ընթացքում քննարկվել են սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության գործիքները, Միության պետությունների և Կուբայի քաղաքացիների համար արդիական հիմնախնդիրները։

Հանձնաժողովը ներկայացրել է սպառողների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների համատեղ աշխատանքի արդյունքները։ Կուբայի պատվիրակությունը տեղեկացրել է ազգային սպառողական շուկայի կարգավորման մեխանիզմների մասին։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ապրանքների և ծառայությունների անվտանգության ապահովմանը, որը ԵԱՏՄ երկրների և Կուբայի միջև արդյունավետ առևտրատնտեսական համագործակցության գրավականն է։

Նախանշվել են հետագա փոխգործակցության պլաններ, բացահայտվել են քննարկման նոր թեմաներ, այդ թվում՝ զբոսաշրջության, բժշկության և կրթության ոլորտներում սպառողների պաշտպանության հարցերը:

Ըստ Նատալյա Ժուկովայի՝ սեմինարը նոր հնարավորություններ է բացել սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանության և տնտեսական կապերի հաստատման ոլորտում երկխոսություն զարգացնելու համար։

Սեմինարի աշխատանքներին մասնակցել են Կուբայի պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության դեսպանության ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Սեմինարը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև Փոխըմբռնման հուշագրի զարգացման շրջանակներում ընդունված համատեղ միջոցառումների պլանին համապատասխան։