Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Մրցակցային կոմիտեի նախագահ Ֆրեդերիկ Ժենին քննարկել են հետագա համագործակցության հիմնական հարցերը և ուղղությունները։ Հանդիպումը կայացել է Փարիզում «Մրցակցության բաց օրվա» շրջանակներում։
«Հանձնաժողովն ակտիվորեն մասնակցում է ՏՀԶԿ միջոցառումներին՝ Բուդապեշտում մրցակցության հարցերով ՏՀԶԿ տարածաշրջանային կենտրոնի սեմինարներին, «Մրցակցության բաց օրվան», «Գլոբալ համաժողովին»: Օրինակ, Հունգարիայի մրցակցության կենտրոնի սեմինարներին մասնակցել են ԵՏՀ մրցութային բլոկի 50-ից ավելի աշխատակիցներ, և այժմ ձեռք բերված գիտելիքները նրանք կիրառում են գործնականում։ Բացի այդ, նրանք ներկայացրել են մեր փորձը արտասահմանյան գործընկերներին, ինչը նույնպես կարևոր է»,- նշել է Բախիթ Սուլթանովը ՏՀԶԿ Մրցակցային կոմիտեի նախագահի հետ զրույցում։
Նա պատմել է, թե ինչպես է ԵՏՀ-ն իրականացնում ՏՀԶԿ-ի հանձնարարականները, որոնք ստացվել են Եվրասիական տնտեսական միությունում իրավական կարգավորման և մրցակցության ոլորտի քաղաքականության փորձագիտական ակնարկի շրջանակներում։ Ակնարկում միջազգային կազմակերպության փորձագետները մանրամասն վերլուծել են ԵԱՏՄ օրենսդրական դաշտը և իրավակիրառությունը մրցակցության ոլորտում։
«Տարածաշրջանային օրենսդրության փոփոխությունը հեշտ գործ չէ։ Պետք է ստանանք եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների հավանությունը։ Եվ այս հարցում մեզ համար նշանակալի օգնություն է ՏՀԶԿ-ի նման հեղինակավոր կազմակերպության փորձը», - ասել է ԵՏՀ նախարարը։
Կողմերը կարևորել են մրցակցության հարցերի շուրջ համագործակցության շարունակությունը նաև այլ հարթակներում։ Մասնավորապես, հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀԶԿ-ի կողմից Միջազգային մրցակցային ցանցի (ICN) հարթակում Հանձնաժողովին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Տեղեկանք
«Մրցակցության բաց օրը» ՏՀԶԿ միջոցառումն է, որը 2019 թվականից պարբերաբար հավաքում է պրոֆիլային համաշխարհային փորձագիտական հանրությանը։