Նոյեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգման (զննության) համակարգին ներկայացվող միասնական տիպային պահանջները։ Սա թույլ է տալիս ներդաշնակեցնել Եվրասիական տնտեսական միության պետությունների մոտեցումները ամբողջ արտաքին միութենական սահմանին մաքսային վերահսկողության իրականացման հարցում։
«ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսային կարգավորման կատարելագործումը մեր Ռազմավարություն-2025-ի կարևոր ուղղություններից մեկն է, - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը։ - Մասնավորապես, այն պարունակում է մի կետ միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի տարրերի տեխնիկական հագեցվածության տիպային պահանջների կատարելագործման ու միասնականացման մասին, ներառյալ՝ անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգման (զննության) համակարգը: Այս խնդիրը պետք էր լուծել մինչև այս տարվա վերջ, և մենք այն հաջողությամբ կատարեցինք»։
Մաքսային մարմինների խնդիրն է թույլ չտալ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար վտանգ ներկայացնող ապրանքների, ինչպես նաև արգելքների ու սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծումն ու արտահանումը։
Միության անցակետերում առկա չէին բոլոր անդամ պետությունների համար անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգման (զննության) համակարգին ներկայացվող միասնական պահանջներ: Յուրաքանչյուր երկիր այստեղ աշխատում էր իր օրենսդրությանը համապատասխան, այդ իսկ պատճառով օդանավակայաններում, ծովային և գետային նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում, ավտոմոբիլային տերմինալներում, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարբերաբար խնդիրներ էին ծագում՝ պայմանավորված երկրների կողմից սահմանված՝ վերահսկողության համակարգերին ներկայացվող պահանջների տարբերություններով: Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրների փորձագետները վերացրել են այդ տարբերությունները։
Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի կահավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները ոչ միայն կնվազեցնեն մաքսային պահանջների խախտմամբ ապրանքների անօրինական տեղափոխման ռիսկը, այլև թույլ կտան կրճատել սահմանին մաքսային գործողությունների կատարման ժամանակը: