30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
16 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտը և լոգիստիկան կայուն եվրասիական ինտեգրման առանցքային տարրերն են» Դուբայում (ԱՄԷ) կայացած 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոևը հանդես է եկել զեկույցով, որով նախանշել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտալոգիստիկ տարածքի զարգացման գերակայությունները: Նախարարն ընդգծել է, որ գլոբալ տնտեսության փոփոխությունների ֆոնին հատկապես կարևոր են դառնում կայուն լոգիստիկ շղթաները, ենթակառուցվածքների զուգակցվածությունը և տրանսպորտային ոլորտի թվային փոխակերպումը: Այս ուղղությունները հիմք են դառնում Միության անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկաներին դրանց ինտեգրման համար: «Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ են համաձայնեցված լուծումներ և ենթակառուցվածքում կատարվող ներդրումներ: Արդյունավետ, անխափան և թվային լոգիստիկ երթուղիների ձևավորումն առաջնահերթություն է թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ մեր գործընկերների համար», — նշել է նախարարը: Արզիբեկ Կոժոշևը նաև տեղեկատվություն է ներկայացրել ԵՏՀ-ի կողմից տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում կատարվող աշխատանքների, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուցիոնալ նախաձեռնությունների՝ էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի (e-CMR) ներդրման, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացման, Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրագործման մասին: «Տրանսպորտը և լոգիստիկան ժամանակակից աշխարհի զարգացման շարժիչ ուժն է: Դրանց հուսալիությունից է կախված ոչ միայն մատակարարումների արագությունը, այլև տնտեսությունների կայունությունը, պարենային և արդյունաբերական անվտանգությունը, երկրների միջև վստահությունը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Նախարարը հայտնել է գործընկերների հետ գլոբալ լոգիստիկ ճարտարապետության ամրապնդմանն ուղղված երկխոսությունը խորացնելու պատրաստակամության մասին:
16 մայիսի 2025 Գոհար Բարսեղյանն առաջարկել է ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև համակարգային երկխոսություն հաստատել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման նպատակով Մայիսի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը ելույթով հանդես է եկել ԲՐԻԿՍ-ի կանանց ձեռնարկատիրության համաժողովի «ԲՐԻԿՍ-ը և միջազգային ինստիտուտները. ջանքերի միավորումը որպես կայուն ապագայի գրավական» պանելային նստաշրջանի ընթացքում: Նստաշրջանի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ԵԱՏՄ-ի, ՅՈՒՆԻԴՕ-ի, ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի, ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ԲՐԻԿՍ-ի օրակարգերի ինտեգրման հարցերը: Գոհար Բարսեղյանը նշել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների հետ համակարգային երկխոսության՝ որպես համաշխարհային տնտեսության նոր կոնֆիգուրացիայի լոկոմոտիվներից մեկի զարգացումը Հանձնաժողովի հիմնական գերակայություններից է: «Սա հաշվի առնելով՝ արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով առաջարկում են կարգավորել ԲՐԻԿՍ-ի հետ Միության համակարգային երկխոսության ձևավորման աշխատանքը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Համաժողովին մասնակցել են միջազգային կազմակերպությունների և ավելի քան 30 երկրների ձեռնարկատիրական համայնքի ղեկավարներ:
15 մայիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Գլոբալ լոգիստիկ դաշինքի նախագահ Գրեյս Սանի հետ Մայիսի 15-ից 18-ն Դուբայում (ԱՄԷ) անցկացվող 12-րդ Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Գլոբալ լոգիստիկ դաշինքի նախագահ Գրեյս Սանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հարցեր և նախանշել հետագա համագործակցության կարևոր ուղղությունները՝ նշելով, որ Խորհրդաժողովի ավանդական հարթակը նպաստում է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացմանը և ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բաց է երկխոսության, գործընկերության և փորձի փոխանակման համար: Առաջարկում ենք ձեզ ակտիվ փոխգործակցել ինչպես ռազմավարական նախաձեռնությունների մակարդակում, այնպես էլ կոնկրետ նախագծերի շրջանակներում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը նաև քննարկել են հերթական Գլոբալ լոգիստիկ խորհրդաժողովը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) անցկացնելու հնարավորությունը՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինները, միջազգային կազմակերպությունները և գործարար համայնքը:
15 մայիսի 2025 ԵԱՏՄ — Իրան. ուժի մեջ է մտել ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը: Այն կփոխարինի սահմանափակ ապրանքային ընդգրկմամբ ժամանակավոր համաձայնագիրը, որը գործում է 2019 թվականից, և ԵԱՏՄ երկրների արտադրողների համար կստեղծի իրանական շուկա մուտքի եզակի պայմաններ: Այսպես, Միությունից Իրան մատակարարվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափը 20%-ից կնվազի մինչև 4.5%: «Լիաձևաչափ համաձայնագրի կիրարկման շրջանակներում կողմերն արդեն սկսել են կազմակերպել Համատեղ կոմիտեի առաջին նիստը, որը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի երկրորդ կիսամյակում, և որի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման կոնկրետ հարցեր», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նոր համաձայնագիրն ամրագրում է ամբողջ ապրանքատեսականու 90%-ի նկատմամբ առանձնաշնորհային հասանելիությանն առնչվող ԵԱՏՄ-ի և Իրանի փոխադարձ պարտավորությունները: Ժամանակավոր համաձայնագրի համեմատ՝ լիաձևաչափում էապես բարելավվել է կարգավորող մասը, որն ուղղված է կողմերի միջև առևտրի անխոչընդոտ տարածության ստեղծմանը: Փորձագետների գնահատմամբ՝ համաձայնագրի իրականացումը թույլ կտա բազմապատկել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է հասնել 12 մլրդ դոլարի:
Ցուցադրել ավելին