Նորություններ

09.07.2024

Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը

Նիստի օրակարգում ներառվել են Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների, ռոբոտատեխնիկայի զարգացման, ԵԱՏՄ-ում արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագիր մշակելու մասին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնողական առաջարկի, արդյունաբերական կոոպերացիայի, ենթապայմանագրության և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի, ինչպես նաև արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման ընթացքի հարցերը։

Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել իրականացվող աշխատանքները և արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններ-2030 (ԱՀՀՈՒ) նախագիծը՝ դրանց հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով։ Համաձայն նախագծի՝ ԵԱՏՄ երկրները կկենտրոնանան երեք ուղղությամբ խնդիրների լուծման վրա՝ Միության շուկայի ներուժի օգտագործում, արդյունաբերատեխնոլոգիական փոխգործակցություն և համագործակցություն արտահանման շուկաներում։

«Սկզբունքորեն նորն այն է, որ առաջին անգամ ԱՀՀՈՒ-ի իրականացման կոնկրետ միջոցառումները ձևակերպվել են որպես փաստաթղթի հավելված, արտացոլված են համապատասխան գործիքների տեսքով՝ նշելով իրականացման ձևերը, ժամկետները, ինչպես նաև իրականացման համար պատասխանատուներին։ Դրանք կհաստատվեն ԱՀՀՈՒ-ի հետ միաժամանակ, — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։ — Սահմանված կարգով քննարկվելուց հետո փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել այս տարվա հոկտեմբերին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին»։

Միության երկրների պրոֆիլային նախարարները համաձայնեցրել են մոտեցումները և մեկնարկ տվել արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման եվրասիական նոր տեխնոլոգիական հարթակի ձևավորումը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «Արդյունաբերական կոոպերացիայի, ենթապայմանագրության ցանցի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի վերագործարկման փուլերը և որոշել են շարունակել դրա վերաձևաչափման մոտեցումների հետագա մշակումը։

Արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի իրականացման առնչությամբ Գոհար Բարսեղյանը նշել է, որ Հանձնաժողովն ակտիվ աշխատում է բիզնեսին և ֆինանսական կազմակերպություններին նոր մեխանիզմին մասնակցելու պայմանների մասին իրազեկելու ուղղությամբ։ Մասնավորապես, համակարգային հիմունքներով խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվում անդամ պետություններին նրանց կողմից կոոպերացիոն նախագծեր ձևավորելու դեպքում:

«Հանձնաժողովը ստացել է առաջին նախագծային առաջարկը, որը քննարկման փուլում է, — հայտնել է Գոհար Բարսեղյանը։ — Կարևոր է ակտիվացնել բիզնեսի նախագծային ակտիվությունը, և այստեղ մենք տեսնում ենք «հնգյակի» երկրների միջտարածաշրջանային կապերի ընդլայնման լուրջ ներուժ։ Այս հարցում Հանձնաժողովն ակնկալում է անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների աջակցությունը»։

Կողմերը որոշել են ակտիվացնել արդյունաբերական ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի որոնման և նախապատրաստման աշխատանքները։