Նորություններ

22.03.2024

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են խորացնել գիտատեխնիկական համագործակցությունը ռազմավարական ոլորտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցել են «Հազվագյուտ և հազվագյուտ հողերի մետաղներ 2024» (ՀՄ և ՀՀՄ) 3-րդ ոլորտային խորհրդաժողովին և «Պղինձ 2024» ոլորտային խորհրդաժողովին։

Խորհրդաժողովի շրջանակում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և երրորդ երկրների, այդ թվում՝ աֆրիկյան և ասիական տարածաշրջանների երկրների հետ համագործակցության խորացման հարցեր։

Խորհրդաժողովի մասնակիցների առանձնահատուկ հետաքրքրությունն է առաջացրել Ղազախստանում նշված մետաղների հանքավայրերի զարգացման ներուժի մասին զեկույցը (զեկուցողը KAZAKH INVEST օտարերկրյա ներդրումների ներգրավման ղազախական ազգային ընկերությունն էր), այդ թվում՝ հանրապետությունում ոլորտային նախագծերում ներդրումներ կատարելու առանձնահատկությունների մասով:

Միջերկրային փոխգործակցությունն ընդլայնելու համար առաջարկվել է Ղազախստանում ստեղծել ՀՄ և ՀՀՄ-ի ոլորտային ընկերակցություն:

Բացի այդ, ներկայացվել է եզակի, աշխարհում նմանը չունեցող ՀՄ և ՀՀՄ-ի արդյունահանման ռուսական տեխնոլոգիան, որը համապատասխանում է էկոլոգիական օրակարգին և արդեն հաջողությամբ փորձարկվել է ՀԱՀ-ում։ 

«Պղինձ 2024» ոլորտային խորհրդաժողովի առանցքային նյութերն էին Հայաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուզբեկստանում պղնձի արդյունաբերության զարգացման առանձնահատկությունների, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաներում պղնձի օգտագործման վերաբերյալ զեկույցները։

Միջոցառումների արդյունքներով մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել ոլորտում գիտատեխնիկական համագործակցության խորացման աշխատանքը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ կոոպերացիոն ներուժը։

Տեղեկանք

«Հազվագյուտ և հազվագյուտ հողերի մետաղներ» և «Պղինձ» ոլորտային խորհրդաժողովները մասնագիտական հարթակներ են, որոնք նվիրված են առանցքային հանքարդյունահանող և մետաղագործական ընկերությունների փորձի փոխանակմանը, նոր հանքավայրերի յուրացմանը, խոշորագույն ներդրումային նախագծերի, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ գործող մետաղագործական ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման հնարավորությունների քննարկմանը:

Միջոցառումներին այս տարի մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների, ոլորտային ընկերակցությունների և առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչներ։