Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի գլխավորությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության աշխատանքային խմբի 4-րդ նիստը։
«Աշխատանքային խմբի գործունեությունն ուղղված է արդիական թեմաների քննարկմանը և ըստ հնարավորության դիրքորոշումների մերձեցմանը։ Այժմ մենք հավաքվել ենք Նախարարական համաժողովի 13-րդ նստաշրջանի նախօրեին, որը տեղի կունենա այս ամսվա վերջին Աբու Դաբիում,- նշել է նախարարը։ – Մեզ համար կարևոր է հենց հիմա, երբ ԱՀԿ-ի բոլոր անդամները ակտիվ քննարկումներ են անցկացնում վերջնական որոշումների և հռչակագրի համաձայնեցման շուրջ, տեղեկատվություն փոխանակել բազմակողմ բանակցությունների ընթացքի մասին և համեմատել մեր պետությունների մոտեցումները ԱՀԿ-ի առաջիկա նախարարական համաժողովի օրակարգային հարցերի քննարկմանը: Հատկապես այն հարցերի քննարկմանը, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵՏՀ-ի և մեր Միության իրավասությանը»։
Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մարմնի լիարժեք գործունեության ապահովման և բացության, ներառականության և թափանցիկության սկզբունքների հիման վրա ԱՀԿ-ի վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման շուրջ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին։
Կողմերը նաև աջակցություն են հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշումների հիման վրա ամենաքիչ զարգացած երկրների կատեգորիայից հեռացվող երկրների համար «սահուն» անցման հայեցակարգի զարգացման և իրականացման ոլորտում ԱՀԿ-ի ջանքերին:
Ընդհանուր ուշադրության կենտրոնում էր տարանցման և դեպի ծով ելք չունեցող պետությունների շահերը հաշվի առնելու հարցերի քննարկման կարևորությունը, այդ թվում՝ ԱՀԿ Առևտրի ընթացակարգերի պարզեցման կոմիտեի տարանցման հարցերով հատուկ նստաշրջանների ընթացքում։ Կարևորվել է տվյալների էլեկտրոնային փոխանցման նկատմամբ մաքսատուրքերի գանձման մորատորիումի գործողությունը մինչև ԱՀԿ 14-րդ նախարարական համաժողովի օրը երկարաձգելու հարցը։
«Բոլոր երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության նպատակով Բելառուսի բանակցային գործընթացին»,- ամփոփել է Անդրեյ Սլեպնևը։
Տեղեկանք
Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականին: Աշխատանքային խմբում ընդգրկված են ԱՀԿ-ի հետ փոխգործակցության համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարության ներկայացուցիչներ: