Նորություններ

06.12.2023

Հաստատվել է Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման պլանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Մինչև 2025 թվականը եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը։ Փաստաթուղթը ներառում է 10 միջոցառում և ուղղված է ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության առանցքային դրույթների իրականացմանը՝ ընդգրկելով «հնգյակի» երկրների և Հանձնաժողովի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքի գրեթե բոլոր ասպեկտները։

«Սա շատ կարևոր փաստաթուղթ է մեր երկրների համար։ Այն անհրաժեշտ է ԵԱՏՄ միասնական տրանսպորտային տարածքի հետագա ձևավորման, համաշխարհային տրանսպորտային համակարգին «հնգյակի» երկրների տրանսպորտային համակարգերի ինտեգրման, Միության շրջանակներում տարանցիկ ներուժի իրականացման ու զարգացման համար», – նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը:

Համալիր պլանի մշակումը եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման աշխատանքների տրամաբանական շարունակությունն էր, որոնց ցանկը հաստատվել է Կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի կարգադրությամբ։ Փաստաթուղթը պատրաստվել է ԵԱՏՄ երկրների 2021–2023 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրականացման ճանապարհային քարտեզին համապատասխան։

Խոսքը եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման նպատակային ցուցիչների մշակման և այդ երթուղիների համար անձնագրի պատրաստման, խոչընդոտների բացահայտման և վերացման մասին է։

Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել եվրասիական տրանսպորտային միջանցքների ցանկում ընդգրկված ավտոճանապարհային, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների զարգացման մասին ԵԱՏՄ երկրների տեղեկատվությունը։ Հետագայում նախատեսվում է շարունակաբար արդիականացնել այն, ինչը թույլ կտա կատարել պլանով նախատեսված միջոցառումների իրականացման մշտադիտարկում։