Նորություններ

16.11.2023

ԵԱՏՄ-ում ընդունել են կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը

Նոյեմբերի 14-ին կայացած նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Եվրասիական տնտեսական միությունում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մասին հանձնարարականը։

Ինչպես ընդգծել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, փաստաթուղթը մշակվել է Ռազմավարություն-2025-ի 8.3.7 կետի իրականացման նպատակով։

Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ-ում կանաչ տնտեսության չորս սկզբունք՝ կանաչ նախագծերի իրականացման թափանցիկություն և կոոպերացիոն գրավչություն, անդամ պետությունների միջև փորձի և կլիմայական կարգավորման ազգային համակարգերի մշակված պրակտիկայի փոխանակում, տնտեսական արդյունավետություն, տնտեսական աճի և շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության միջև անջրպետի ավելացում:

 

«Պատրաստված հայեցակարգում առաջին անգամ ԵԱՏՄ մակարդակով սահմանվում է նախագծերը որպես կանաչ դասակարգելու միջազգայնորեն ճանաչված չափորոշիչների հավաքածու։ Այս չափորոշիչների օգտագործումը թույլ կտա Միության յուրաքանչյուր պետությանը, մի կողմից, ապահովել շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության և, մյուս կողմից, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ազգային նպատակներին հասնելու անհրաժեշտ հավասարակշռությունը», - նշել է Սերգեյ Գլազևը։

Կանաչ տնտեսության զարգացման համաեվրասիական մոտեցումների կիրառումը պայմաններ է ստեղծում բնապահպանական կարգավորման ազգային համակարգերի փոխադարձ ճանաչման և այսպես կոչված կլիմայական արգելքների չկիրառման համար, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ պետությունների միջև, այլև Միության այն արտաքին գործընկերների հետ, որոնք կողմ են այդ սկզբունքներին։

«Կանաչ փոխակերպման համաձայնեցված մոտեցումները առաջիկա աշխատանքի կարևորագույն, բայց, միևնույն ժամանակ, միայն առաջին փուլն է», - եզրափակել է Սերգեյ Գլազևը:

ԵԱՏՄ երկրներին առաջարկվում է հաշվի առնել հայեցակարգը կանաչ տնտեսությանն անցնելու միջոցներ մշակելիս։ Փաստաթուղթը հրապարակվել է ԵՏՀ կայքում: