Նորություններ

07.09.2023

ԵՏՀ-ում չինացի գործընկերներին պատմել են «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ կապակցման աշխատանքների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը սեպտեմբերի 6-ին՝ նախագծի 10-ամյակին նվիրված գիտական գիտաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության զարգացման ծրագրերը չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ կապակցման աշխատանքների մասին։ Միջոցառման կազմակերպիչն էր Ռուսաստանի Դաշնությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։

Վլադիմիր Սերպիկովը նշել է, որ կապակցումն իրականացվում է, առաջին հերթին, ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև 2018 թվականի մայիսի 17-ի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի, ինչպես նաև գործնական փոխգործակցության ամրապնդմանն ուղղված Առևտրատնտեսական ընդլայնման ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակներում:

«ԵԱՏՄ-ի կողմից իրականացվող նախագծերը, ինչպիսիք են «Եվրասիական Ագրոէքսպրեսը» և տրանսպորտային միջանցքների թվայնացումը, նպաստելու են փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, առևտրային ընթացակարգերի պարզեցմանը, ներտարածաշրջանային կապակցվածության բարձրացմանը, «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության արդյունավետ կապակցմանը», — վստահություն է հայտնել Վլադիմիր Սերպիկովը։

Գիտաժողովի մասնակիցները, այդ թվում՝ պետական իշխանության մարմինների, ինչպես նաև ռուսական և չինական բիզնեսի ներկայացուցիչներ, քննարկել են նախաձեռնության իրականացման արդյունքները։ Այսօր դրան մասնակցում է մոտ 150 երկիր։ Անցած ժամանակահատվածում ստեղծվել է վեց տրանսպորտային միջանցք՝ միավորված բազմաթիվ ծովային նավահանգիստներով, կառուցվել է արդյունավետ ֆինանսական հարթակ, ստեղծվել են միլիոնավոր նոր աշխատատեղեր։