Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) № 2 փոփոխությունների գործողության մեջ դնելու կարգը։ Դա անհրաժեշտ է այս արտադրանքի նկատմամբ սահմանված նոր պահանջներին Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերության և բիզնեսի աստիճանական անցումը կատարելու համար։
ՄՄ ՏԿ 029/2012 № 2 փոփոխությունները ընդունվել են Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի № 84 որոշմամբ և ուժի մեջ են մտնում 2024 թվականի փետրվարի 27-ից։
Որոշումը նախատեսում է 36 ամիս տևողությամբ անցումային շրջան՝ մինչև փոփոխությունների մեջ ձևակերպված արտադրանքի (սննդային հավելումների, այդ թվում՝ համալիր, բուրավետիչների, տեխնոլոգիական օժանդակ միջոցների, ինչպես նաև դրանք պարունակող սննդամթերքի) համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության, ինչպես նաև նման արտադրանքի արտադրության և շրջանառության մեջ դնելու համար։
Փոփոխությունների գործողության մեջ դնելու կարգը ներառում է այն նորմը, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից թույլատրվում է սննդային հավելումներ, բուրավետիչներ և տեխնոլոգիական օժանդակ միջոցների մնացորդային քանակներ պարունակող սննդամթերքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը, եթե առկա են այդ սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը և ուժի մեջ են 36 ամիս: 36 ամիս տևողությամբ անցումային շրջան է նախատեսվում նաև սննդային հավելումների, բուրավետիչների, տեխնոլոգիական օժանդակ միջոցների և դրանց կիրառմամբ պատրաստված սննդամթերքի մակնշման համար։