Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո 2023 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած Կայուն զարգացման նպատակների գագաթնաժողովի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը ԵԱՏՄ շրջանակներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման վրա Եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության վերաբերյալ:
Հարգելի պարոն Նախագահ,
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անունից, ինչպես նաև որպես 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահող պետության ներկայացուցիչ կցանկանայի տեղեկացնել, թե ինչպես է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացումը նպաստում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելուն։
Ներկայումս ԵԱՏՄ-ն զարգացած տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներից է, որի շրջանակներում ապահովված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ ԵԱՏՄ-ի հիմնական խնդիրն է բարձրացնել իր անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցությունը։ Այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում համագործակցության առանձին ոլորտներում ԵԱՏՄ ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ։ Այսօր ԵԱՏՄ-ն ավելի քան 184.3 միլիոն սպառող է։ Անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 2 տրիլիոն ԱՄՆ դոլար։
Եվրասիական ինտեգրման հիմքում ընկած են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և դրա բոլոր մասնակիցների շահերի հաշվառման, ինչպես նաև առանց բացառումների և սահմանափակումների մաքսային միության գործունեության սկզբունքները: Ձևավորված սերտ համագործակցությունը դրա մասնակից երկրների տնտեսությունների զարգացման աղբյուր է։
ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետություն կոնկրետ քայլեր է ձեռնարկում Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար՝ հենվելով ազգային ծրագրային փաստաթղթերին, ռազմավարություններին և զարգացման հայեցակարգերին։
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական -ինտեգրումը ԿԶՆ-ների իրականացմանը նպաստող լրացուցիչ գործոն է։
ԵԱՏՄ-ն դարձել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություններից առաջին միավորումը, որը վերլուծել է փոխադարձ կապը ինտեգրման խորության և ԿԶՆ-ների իրականացման առաջընթացի միջև: Օրակարգ-2030-ին հասնելու մեր ուղու հետագա գնահատման մեկնարկային կետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից պատրաստված «ԵԱՏՄ տարածաշրջանում ԿԶՆ-ներին հասնելու ցուցանիշները» զեկույցն էր, որը ներկայացվել էր 2017 թվականին ՄԱԿ-ի ԷԿՕՍՕՍ բարձր մակարդակի քաղաքական համաժողովի ժամանակ։
ԵԱՏՄ անդամ երկրները գոհունակությամբ նշում են ԵԱՏՄ իրավասությանը վերապահված ոլորտներում իրենց կողմից ԿԶՆ-ներին հասնելու դրական տեմպերը։
ԵԱՏՄ-ի շրջանակներում վիճակագրության ոլորտում ձևավորված աշխատանքը թույլ է տալիս ընդլայնել այն ցուցանիշների թիվը, որոնք կարող են հաշվարկվել ինտեգրացիոն միավորման շրջանակներում՝ գնահատելու ԿԶՆ-ներին հասնելու առաջընթացը:
Այդ նպատակով անդամ պետությունները սահմանել են ԿԶՆ-ներին հասնելու ցուցանիշների ցանկը, որը հաշվի է առնում ԵԱՏՄ զարգացման առաջնահերթությունները։
Այսպես, ԿԶՆ ցուցանիշների վրա էական ազդեցություն ունի ԵԱՏՄ շրջանակներում երաշխավորվող ապրանքների տեղաշարժի ազատությունը։
Մեր պետությունների քաղաքացիները զգում են ԵԱՏՄ-ում իրականացված աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական առավելությունները։ ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատավորների համար չկա աշխատանքի թույլտվություն ստանալու, կրթության մասին ԵԱՏՄ անդամ պետություններում տրված փաստաթղթերը հաստատելու անհրաժեշտություն։
Մեր երկրների և ԵԱՏՄ անդամ պետություններում աշխատող գործընկերների բիզնեսը հանդիսանում է ծառայությունների միասնական շուկայի շահառուն։ ԵԱՏՄ շրջանակներում մատուցվող ծառայությունների ընդհանուր ծավալի մոտ 50%-ն իրականացվում է միասնական կանոններով։ Անընդհատ ավելանում է ծառայությունների այն ոլորտների թիվը, որոնց նկատմամբ կիրառվում է միասնական իրավական կարգավորման ռեժիմը։
Կապիտալի տեղաշարժի ազատությունն ապահովելու համար անդամ պետությունները պայմանավորվել են մինչև 2025 թվականը ֆինանսական շուկաների կարգավորման ոլորտում ազգային օրենսդրությունների աստիճանական ներդաշնակեցման մասին։ Այս աշխատանքի արդյունքը կլինի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի և ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական շուկաները կարգավորող մարմնի ստեղծումը։
ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԿԶՆ-ներին հասնելու գործում կարևոր ավանդ է ունեցել ԵԱՏՄ թվային օրակարգը։ Մասնավորապես, «Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնական համակարգը մեծապես հեշտացնում է աշխատանքի որոնումը, իսկ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգը և Արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցը արագացնում են նոր ապրանքները շուկա բերելու և երրորդ երկրների հետ կոոպերացիան ամրապնդելու գործընթացը։
ԿԶՆ-ներին հասնելը մեծապես կապված է կլիմայական օրակարգի իրականացման արդյունավետության հետ: Մեր հինգ երկրները հասկանում են էներգիայի կայուն և ժամանակակից աղբյուրների համընդհանուր հասանելիության ապահովման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու կարևորությունը: Ձևավորվել է Կլիմայական տեխնոլոգիաների և թվային նախաձեռնությունների բանկ, այդ թվում՝ ածխածնի հետքի հաշվառման հետ կապված, հաստատվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կանաչ նախագծերի չափանիշների ցանկը։
ԿԶՆ-ներին հասնելու համար կարևոր է միջազգային համագործակցությունը: ԵԱՏՄ-ն հանդես է գալիս ինտեգրացիոն կառույցների միջև իրավահավասար երկխոսության օգտին և դա համարում է համաշխարհային տնտեսական ճարտարապետության ավելի արդյունավետ գործունեության գրավական:
Մենք գոհունակությամբ նշում ենք, որ այս մոտեցումը կիսում են աշխարհի այլ տարածաշրջանների մեր գործընկերները։
Մենք նաև բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, նրա տարածաշրջանային հանձնաժողովների և ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ուշադրությունը տարածաշրջանային համագործակցության հարցերին:
Մենք շահագրգռվածություն ենք հայտնում ուսումնասիրելու տնտեսական ոլորտների բարեփոխման լավագույն համաշխարհային փորձը, որն ուղղված է ԿԶՆ-ներին հասնելուն, ինչը հատկապես կարևոր է ԵԱՏՄ հետագա զարգացման ռազմավարության առաջիկա որոշման լույսի ներքո։
ԿԶՆ-ներին հասնելը ընդհանուր գործ է, հանուն որի միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցները պետք է միավորեն ջանքերը և մոբիլիզացնեն առկա ռեսուրսները:
Տեղեկանք
2017 թվականին ԵՏՀ-ն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջանակներում ներկայացրել է «ԵԱՏՄ տարածաշրջանում ԿԶՆ-ներին հասնելը» առաջին զեկույցը։ Փաստաթղթում վերլուծվել է փոխադարձ կապը ինտեգրման խորության և ԿԶՆ-ների իրականացման առաջընթացի միջև:
ԵՏՀ-ն ԷԿՕՍՕՍ-ի հովանու ներքո անցկացվող ԲՄՔՀ հարթակում պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում ԵԱՏՄ շրջանակներում ԿԶՆ-ներին հասնելու վրա եվրասիական ինտեգրման ազդեցության մասին https://eec.eaeunion.org/news/eek-prinyala-uchastie-v-politicheskom-forume-vysokogo-urovnya-po-ustoychivomu-razvitiyu/և անցկացնում համապատասխան սայդ իվենթներ:
Հանձնաժողովն ներկայացնում է ԿԶՆ-ների ոլորտի իր մշակումները նաև ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների հարթակներում: 2023 թվականի մարտին ԵՏՀ-նսայդ իվենթ է կազմակերպել ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի հովանու ներքո Ասիա-խաղաղօվկիանոսյան կայուն զարգացման 10-րդ համաժողովի շրջանակներում։
2022 թվականի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրատարակել է «Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում Կայուն զարգացման ոլորտի նպատակներին հասնելը» ժողովածուն։ Ժողովածուի մեջ ներկայացված են վիճակագրական տվյալներ Եվրասիական տնտեսական միությունում 2017-2021 թվականներին ԿԶՆ-ների տարածաշրջանային ցանկի ցուցանիշներին հասնելու վերաբերյալ: Տարածաշրջանային ցանկը ներառում է 130 ցուցիչ, որոնցից 63-ը առաջարկվել է գլոբալ մակարդակով մշտադիտարկման համար, ինչպես նաև ԵԱՏՄ-ում զարգացման առաջնահերթություններն արտացոլող 67 ցուցիչ։