Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

18 ապրիլի 2025 Մաքսիմ Երմոլովիչը հակամենաշնորհային փորձագետների հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի աշխատանքային հանդիպումը Հակամենաշնորհային փորձագետների ընկերակցության (ՀՓԸ) հետ։ Մաքսիմ Երմոլովիչը տեղեկատվություն է փոխանցել ԵՏՀ-ի աշխատանքի ընթացիկ ուղղությունների և մրցակցության ոլորտում վարվող քաղաքականության մասին։ «Հանձնաժողովը նախատեսում է 2025 թվականին իրականացնել շուկաների, մասնավորապես՝ դեղագործության և մարկետփլեյսերի հատվածային վերլուծություններ ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում խնդրահարույց հարցերի բացահայտման և հետագա կարգավորման նպատակով։ Փորձագիտական համայնքի կարծիքը կարևոր է, և Հանձնաժողովը ողջունում է Հակամենաշնորհային փորձագետների ընկերակցության մասնակցությունը Հանձնաժողովի այս աշխատանքին», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը։ ՀՓԸ ղեկավար Վիտալի Դիանովը ներկայացրել է Ընկերակցության գործունեությունը, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղղությունները։ Նա ԵՏՀ ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել Ընկերակցության միջոցառումներին։ Մասնակիցները միակարծիք էին Հանձնաժողովի և ՀՓԸ-ի միջև փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ:
18 ապրիլի 2025 Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ-ում հակամենաշնորհային կարգավորման հարցերով միջազգային խորհրդաժողովը Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի հարթակում անցկացվել է «Հակամենաշնորհային կարգավորումը Եվրասիական տնտեսական միությունում» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը, որը կազմակերպել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բաժինը Ռուսաստանի ԴՀԾ-ի հետ համատեղ: «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը ակտիվ գիտամեթոդական աշխատանք է իրականացնում, որն ուղղված է վերազգային հակամենաշնորհային կարգավորման ոլորտի առանցքային թեմաների փորձագիտական մշակմանը և որակյալ կադրերի նախապատրաստմանը», - նշել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Խորհրդաժողովի լիագումար նիստում Ռուսաստանի ԴՀԾ ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի փոխնախարար Նատալյա Վասիլևսկայան ներկայացրել են ազգային մակարդակում մրցակցային քաղաքականության իրականացման առանցքային ուղղությունները և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մոտեցումները, ներառյալ ընդհանուր բորսայական տարածքի և ֆինանսական շուկայի ձևավորման հարցերը: ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը խոսել է մրցակցության պաշտպանության գործերում Միության իրավունքի ընդհանուր սկզբունքների մասին։ «ԵԱՏՄ-ում հակամրցակցային վարքագծի համար պատասխանատվության կանոնների իրավակիրառում. կարգավորողի, գիտության և բիզնեսի տեսակետը» նստաշրջանի շրջանակներում Հակամենաշնորհային կարգավորման վարչության ներկայացուցիչները հայտնել են ԵՏՀ-ի և ազգային հակամենաշնորհային մարմինների փոխգործակցության, ինչպես նաև Հանձնաժողովի հատվածային հետազոտությունների մասին: «Հակմրցակցային խախտումների կանխարգելումը որպես ԵԱՏՄ-ում մրցակցային իրավունքի և հակամենաշնորհային վերահսկողության զարգացման գերակայություն» խորագրով կլոր սեղանում ներկայացվել է ԵՏՀ պրոֆիլային բլոկի դիրքորոշումը «մեղմ կարգավորման» կատարելագործման և իրավակիրառության ոլորտում դրա մեխանիզմների օգտագործման հարցերի վերաբերյալ։ Խորհրդաժողովին մասնակցել են ԵԱՏՄ դատարանի դատավորներ, Միության պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության հակամենաշնորհային մարմինների աշխատակիցներ, ձեռնարկատերեր և փորձագետներ։
17 ապրիլի 2025 Էլդար Ալիշերովը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են ինտեգրման և մակրոտնտեսության հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ «Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանը մնում է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը, – ընդգծել է Էլդար Ալիշերովը։ – Օրինակ՝ 2024 թվականին երկրի տնտեսությունն աճել է 5.9%-ով։ Բարձր է մնում տնտեսական ակտիվությունը. 2025 թվականի փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.1%։ Դրական միտումներ է արձանագրում աշխատաշուկան. նկատվում է աշխատավարձի և զբաղվածության աճ, էապես նվազել է գործազրկությունը»։ Կողմերը մտքեր են փոխանակել եվրասիական ինտեգրման զարգացման հեռանկարների շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Հռչակագիր-2030-ի իրագործման պլանի նախապատրաստմանը։ Կարևորվել է այն Եվրասիական տնտեսական միության զարգացման առարկայական միջոցառումներով լցնելու հարցը։
17 ապրիլի 2025 ԵՏՀ պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեն քննարկել է տրանսպորտի ոլորտի ինտեգրումը ԵԱՏՄ-ում տրանսպորտի զարգացման առանցքային հարցերը քննարկվել են Տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որը կայացել է ապրիլի 17-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ։ Կողմերը պայմանավորվել են ԵԱՏՄ երկրների 2024-2026 թվականների տրանսպորտային քաղաքականության իրականացման «ճանապարհային քարտեզում» ներառել տրանսպորտային ոլորտի կադրային ներուժի ներգրավման և օգտագործման լրացուցիչ միջոցառումներ։ Հավանության է արժանացել ԵԱՏՄ որևէ երկրի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵԱՏՄ մեկ այլ երկրի տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների կատարման աստիճանական ազատականացման ծրագիրը ԵԱՏՄ երկրների կողմից իրականացնելու ընթացքի մասին տեղեկատվությունը։ Որոշում է ընդունվել Տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից խելացի տրանսպորտային համակարգերի հարցերով ենթակոմիտե ստեղծել Խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության հայեցակարգի իրականացման համար։ Քննարկվել են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ-ում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկան ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումները, որոնց շուրջ կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն։ Որոշվել է նաև մշակել «հնգյակի» երկրներում ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի նախապատրաստման հարցը, որոնք հեռանկարում հնարավոր կլինի իրականացնել երրորդ երկրների հետ միասին։ Բացի այդ, քննարկվել է տեղեկատվությունը եվրասիական տրանսպորտային երթուղիների առանձին հատվածների զարգացման, թերությունների հայտնաբերման և վերացման միջոցառումների մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի թվային լուծումների և ծառայությունների ներդրման հաշվին: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում «ԵԱՏՄ տրանսպորտում թվային լուծումների ներդրումը. անթուղթ տեխնոլոգիաներ, ավտոմատացված և անօդաչու տրանսպորտային միջոցներ» խորագրով պանելային նստաշրջանի և «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» խորագրով պանելային նստաշրջանի անցկացման հայեցակարգերը:
17 ապրիլի 2025 Ռուսլան Դավիդովը և Բելառուսի ՊՄԿ նախագահ Վլադիմիր Օրլովսկին փոխգործակցության հարցեր են քննարկել Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի և Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու հանդիպումը։ Կողմերը քննարկել են ԵՏՀ-ի և Բելառուսի ՊՄԿ-ի փոխգործակցության հարցեր, որոնք առնչվում են մաքսային ոլորտում ընդհանուր գործընթացների իրականացմանը, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վերահսկողության մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունների կատարմանը և էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացմանը։ Մասնավորապես, քննարկվել են Բելառուսի պետական մաքսային կոմիտեի նախաձեռնությունները Եվրասիական տնտեսական միության իրավունքի՝ մաքսային տարանցման մաքսային ընթացակարգը կարգավորող մի շարք դրույթների ճշգրտման վերաբերյալ։ Բացի այդ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են անցակետերի աշխատանքում առաջադեմ համաշխարհային պրակտիկաների կիրառման և դրա թվայնացման անհրաժեշտությանը, ինչը թողունակության բարձրացման առանցքային տարրերից է և նպաստում է ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացմանը։ Այցի ընթացքում Ռուսլան Դավիդովը ծանոթացել է «Մինսկ» ազատ տնտեսական գոտու աշխատանքներին, որի ռեզիդենտներն ակտիվորեն օգտվում են ազատ մաքսային գոտու մաքսային ընթացակարգի համար սահմանված միութենական արտոնությունից։ «Մինսկ» ԱՏԳ ձեռնարկությունների գործունեության հիմնական ոլորտներն են մեքենաշինությունը և մետաղամշակումը, ավտոմոբիլաշինությունը, փայտամշակումը, շինանյութերի արտադրությունը, էլեկտրոնիկան, տպագրությունը և փաթեթավորումը:
17 ապրիլի 2025 Հանձնաժողովը նավթագազային մեքենաշինության արտադրողներին կոչ է անում օգտագործել արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը Եվրասիական նավթագազային համաժողովի շրջանակներում անցկացրել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին» խորագրով համատեղ կլոր սեղան: Քննարկվել են ոլորտի արդիական հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ ձեռնարկությունների համագործակցությունում խոչընդոտների վերացումը։ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը արդյունաբերական կոոպերացիայի հիմնական ուղղություններին համապատասխան՝ նավթագազային մեքենաշինությունը հանդիսանում է Միության երկրների միջև փոխգործակցության գերակա ոլորտներից մեկը։ Հաշվի առնելով արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր գործիքի հաջող գործարկումը՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը բիզնեսին առաջարկել է ակտիվացնել անդամ պետությունների երեք կամ ավելի ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի կառուցումը: «Հանձնաժողովը մշակել է ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականի նախագիծ, որը Միության երկրներին առաջարկում է նավթագազային սարքավորումների արտադրության ոլորտում նախագծեր իրականացնելիս հաշվի առնել արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման նոր մեխանիզմի օգտագործման հնարավորությունները», – ամփոփել է Վիտալի Վովկը։  
16 ապրիլի 2025 Վերացվել է ռուս-բելոռուսական սահմանով ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հետ կապված խոչընդոտը 2025 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև վիզաների փոխադարձ ճանաչման և Միութենական պետության ստեղծման մասին 2020 թվականի հունիսի 19-ի պայմանագրի մասնակից պետությունների տարածքներ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի հետ կապված այլ հարցերի մասին համաձայնագիրը: Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները ներկայումս գործնական հնարավորություն ունեն Բելառուսի Հանրապետությունից մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնությունից մեկնել Բելառուսի Հանրապետություն օգտագործվող միջազգային երկաթուղային և օդային հաղորդակցության ուղիներով, ինչպես նաև ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներով, որոնք թվարկված են Համաձայնագրի հավելվածում (վեց մասնակից): Նախկինում Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները Բելառուսի Հանրապետությունից կարող էին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն մեկնել միայն ավիացիոն տրանսպորտով։ Հաշվի առնելով երկու երկրների աշխարհագրական մոտիկությունը՝ սա ծախսատար էր և ոչ միշտ հարմար: Համաձայնագրի ուժի մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները կարող են հատել բելոռուս-ռուսական սահմանը ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտով։ 2025 թվականի ապրիլի 15-ին Հանձնաժողովի կոլեգիան քննարկել է այս խոչընդոտը վերացնելու հարցը։ «ԵԱՏՄ անդամ պետությունների և հանձնաժողովի համատեղ աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տրվել ազատ տեղաշարժվել ռուս-բելոռուսական սահմանով։ ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման համակարգված աշխատանքներն իրականացվում են անդադար և կշարունակվեն։ «Այդ հանգամանքը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա մեր երկրների միջև անձանց և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի գործնական իրականացման վրա, ինչպես նաև կնպաստի Միությունում ներքին զբոսաշրջության զարգացմանը», — նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։
16 ապրիլի 2025 Վալենտին Տատարիցկի. «Երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքները պետք է լինեն ամենաանվտանգը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին Մոսկվայում՝ Մանկական ապրանքների արդյունաբերության կոնգրեսում առաջարկել է բարձրացնել երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգությունը։ Նա համոզված է, որ նման ապրանքները պետք է լինեն ամենաանվտանգը Եվրասիական տնտեսական միության երկրների շուկայում։ Կոնգրեսում բիզնեսի, փորձագիտական համայնքի, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կարծիքներ են փոխանակել այս թեմայով, ներկայացրել իրենց աշխատանքի փորձը։ Վալենտին Տատարիցկին խոսել է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հետ համատեղ ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան նորմատիվ բազայի ձևավորման և կատարելագործման մասին։ Նրա խոսքով, միութենական փաստաթղթերը պետք է ավելի լայնորեն արտացոլեն արտադրողների կողմից խաղալիքների, հագուստի, կոշիկի, երեխաների և դեռահասների համար նախատեսված այլ ապրանքների արտադրության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ընդ որում, անվտանգությունը պետք է լինի առաջին տեղում: Յուրաքանչյուր երեխա երազում է հետաքրքիր, գեղեցիկ խաղալիքի մասին։ Բայց որպեսզի նվերը չվշտացնի իրեն ու ծնողներին և առավել ևս չվնասի առողջությանը, գնելիս պետք է ուշադրություն դարձնել ապրանքի մի շարք բնութագրերին։ Մասնավորապես՝ նյութին, ձևին, հոտին, որոնք պետք է համապատասխանեն անվտանգության սահմանված պահանջներին և որոշակի տարիքային չափորոշիչներին։ Նույնիսկ գույնը կարևոր է. այն պետք է առավելագույնս մոտ լինի բնականին, որպեսզի չխախտի երեխայի պատկերացումը իրական աշխարհի մասին, չվախեցնի նրան: Բոլոր անհրաժեշտ պահանջները ներառված են «Խաղալիքների անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգում: ԵԱՏՄ-ի շրջանակներում գործում են նաև «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին», «Ատրակցիոնների անվտանգության մասին», «Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության մասին» և այլ տեխկանոնակարգեր, որոնց պահանջները հիմնարար են։   ԵՏՀ նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի ժամանակին և գիտականորեն հիմնավորված ճշգրտման անհրաժեշտությանը, որպեսզի հաշվի առնվեն «երեխաների հոգեկան առողջության և կոգնիտիվ զարգացման ռիսկերը»։ «Տեխկանոնակարգերի պահանջները տեխնիկական բնույթ են կրում, ինչը մեզ հնարավորություն է տալիս բավականին ակնհայտ կերպով գնահատել (փորձարկել կամ չափել) դրանք, — նշել է ԵՏՀ նախարարը։ — Միևնույն ժամանակ, մանկական արտադրանքը մեծ նշանակություն ունի երեխաների մտավոր, բարոյական և գեղագիտական զարգացման համար։ Բայց կանոնակարգերը դեռ չեն պարունակում պահանջներ, որոնք կարող են ազդել դրա վրա»։ Վալենտին Տատարիցկին հայտնել է մանկական արտադրանքի, այդ թվում՝ թվային խաղալիքների և արհեստական բանականությամբ խաղալիքների նկատմամբ պահանջներ սահմանելու մասով տարբեր փորձի ուսումնասիրության մասին, որոնք բացառում են երեխաների հոգեկանի վրա բացասական ազդեցությունը: Նա մանրամասն անդրադարձել է «մանկական արտադրանքին առնչվող կարգավորումների խստացման» Եվրամիության օրինակին և բոլոր հետաքրքրվածներին կոչ արել ավելի մեծ ուշադրությամբ գնահատել այս փորձը՝ ԵԱՏՄ-ում դրա հնարավոր օգտագործման հեռանկարով։ «Հանձնաժողովը շահագրգռված է, որ մեր Միությունում նմանատիպ գործունեություն իրականացվի։ Ավելին, տեխնիկական պահանջների ժամանակին և օպերատիվ ճշգրտման ֆունկցիոնալն առկա է ԵԱՏՄ իրավունքում։ Միության տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու կարգի այս տարի ընդունված նոր խմբագրումը կապահովի ԳՀԱ իրականացման արդյունքների հիման վրա այդ փաստաթղթերի և Միասնական սանիտարահամաճարակաբանական պահանջների արագացված ճշգրտումը», — ամփոփել է Վալենտին Տատարիցկին։
Ցուցադրել ավելին