Նորություններ

07.10.2022

ԵԱՏՄ-ն հաջողությամբ դիմակայում է հավաքական Արևմուտքի աննախադեպ մարտահրավերներին

Այս մասին հայտարարել են հոկտեմբերի 7-ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» կայացած «Ինտեգրում» Եվրասիական գործարար համաժողովի մասնակիցները։ Համաժողովի լիագումար նիստն անցկացվել է բաց բիզնես երկխոսության ձևաչափով՝ շեշտը դնելով ներկայիս տնտեսական պայմաններում բեկումնային նախագծերի և բիզնես գաղափարների որոնման վրա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար, քննարկման մոդերատոր Սերգեյ Գլազևն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը հաջողությամբ անցել է համավարակային փորձությունները և այսօր հաջողությամբ զարգանում է՝ չնայած Բելառուսի և Ռուսաստանի դեմ առկա պատժամիջոցներին։ Նա հավելել է, որ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից 2020 թվականին հաստատված Ռազմավարություն-2025-ն իրականացվում է ճիշտ ըստ պլանի։

«Մեր ինտեգրացիոն միավորումը ապացուցել է իր արդյունավետությունը՝ համատեղելով մասնակից երկրների մրցակցային առավելությունները։ Չկորցնելով տեմպը՝ մենք հաջողությամբ զարգացնում ենք փոխադարձ առևտուրը։ Աճում է նաև առևտուրը ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ՝ նախորդ տարի արտահանումը գրեթե մեկուկես անգամ աճել է, այս տարի ևս աճ ենք ակնկալում։ Չնայած պատժամիջոցներին, արտաքին առևտուրն այս տարի այնքան էլ շատ չի նվազել, մենք արագորեն ավելացնում ենք առևտուրը մեր հարավային և արևելյան հարևանների, հատկապես՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ», - ասել է Սերգեյ Գլազևը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների տնտեսությունն աշխատում է աննախադեպ ծանր պայմաններում՝ կապված Միության պետությունների ու ձեռնարկությունների դեմ կիրառված պատժամիջոցների և այլ ոչ բարեկամական գործողությունների հետ։ Այս իրավիճակում անհրաժեշտ է գտնել տնտեսությունների զարգացման նոր տարբերակներ։ Եվ առաջին հերթին ուշադրություն դարձնել ներդրումային գործունեությանը։

«Վարկային ռեսուրսները թանկ են և քիչ են։ Հիմնական ֆոդերը ծերանում են, նորերը քիչ են։ Եթե իրավիճակը չփոխվի, վաղը ավելի վատ կլինի, - հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը: - Հանձնաժողովը կոնկրետ առաջարկներ է նախապատրաստել ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի աջակցության և ֆինանսավորման միջոցների վերաբերյալ։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է վարկերի տոկոսադրույքների լուրջ սուբսիդավորում։ Մենք առաջարկում ենք ինտեգրացիոն նախագծերը համարել 3+, այսինքն՝ այդ նախագծերին պետք է մասնակցեն առնվազն երեք պետության ներկայացուցիչներ։ Այդ նպատակներին կարող է ուղղվել գանձվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մոտ 10%-ը։ Անցած տարի այս գումարը կազմել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։ Պետք է որոշել առաջնահերթ ոլորտներն ու գործունեության տեսակները և առաջին հերթին ուշադրություն դարձնել միկրոէլեկտրոնիկայի, դեղագործական արդյունաբերությանը, ավիաշինությանը»։

Տնտեսական աճի արագացման երկրորդ գործոնը, ըստ Միխայիլ Մյասնիկովիչի, գիտատեխնիկական զարգացման խթանումն է։

«Արդյունավետ առևտուր անելու համար պետք է ունենալ նոր տեխնոլոգիաների վրա հիմնված մրցունակ ապրանքներ, և դրանց ստեղծումը հիմնարար գիտելիքներ է պահանջում», - հայտնել է նա։

Միխայիլ Մյասնիկովիչը երրորդ առանցքային ուղղություն է համարում Մեծ եվրասիական գործընկերության ձևավորումը և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ ջանքերի միավորումը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի զարգացման համար։

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինն իր հերթին հայտարարել է գործարար համայնքի և ԵՏՀ-ի միջև փոխգործակցության ակտիվացման մասին, հատկապես եվրասիական ընկերությունների ստեղծման աշխատանքներում:

«Եվրասիական կորպորացիաների իրավական կարգավիճակի մշակումը 3+ ձևաչափով թույլ կտա ձևավորել իրավաբանական անձանց նոր դաս, որոնք կկարողանան իրականացնել բարդ, բայց հեռանկարային բարձր տեխնոլոգիական նախագծեր, օրինակ՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում», - ընդգծել է Ալեքսանդր Շոխինը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ թվայնացնել վճարահաշվարկային հարաբերությունները և փորձարկել վճարային նոր գործիքներ։


Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինը իր հերթին առանձնացրել է երեք առանցքային մաքսային ուղղություն՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխությունների կատարման աշխատանքի ակտիվացումը, ԵԱՏՄ տարանցիկ ներուժի զարգացումը և արտահանման կարգավորման միասնական միջոցների մշակումը։

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը հայտարարել է, որ Միության երկրների բարգավաճման և բարեկեցության հիմնարար հիմքը պետք է դառնան էներգետիկ հզորությունները և տրանսպորտային միջանցքները:

«Կարևոր է կենտրոնանալ «Արևելք-Արևմուտք» համակցված տարանցիկ տրանսպորտային միջանցքների վրա՝ Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի ուղղությամբ, ընդլայնել համագործակցությունը Կասպից ծովի տարածաշրջանում, մշակել ենթակառուցվածքային ներուժի օգտագործման հարցը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի և Անդրկասպյան երթուղու սահմաններում», - կարծում է ԵՏՀ նախարարը:

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն հայտարարել է ԵԱՏՄ-ում արտադրանքի որակի ապահովման եվրասիական համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, Հանձնաժողովը լուրջ միջոցներ է ձեռնարկում շուկան վտանգավոր արտադրանքից պաշտպանելու համար։ Միաժամանակ անհրաժեշտ է համախմբել Միության բոլոր երկրների ջանքերը։

«Մեր արտադրանքը պետք է լինի ոչ միայն անվտանգ, այլև որակյալ, մրցունակ, որպեսզի կարողանա մատակարարվել երրորդ երկրների շուկաներ», - ասել է Վիկտոր Նազարենկոն։

Բիզնեսի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել ներկայիս տնտեսական պայմաններում աշխատանքի վերաբերյալ։

«Միացյալ տրանսպորտային և լոգիստիկ ընկերություն-Եվրասիական երկաթուղային դաշինք» ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գրոմը խոսել է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի այս եզակի ինտեգրացիոն նախագծի զարգացման մասին։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 550 երթուղի, ԵՄ-ի և Չինաստանի հետ ԵԱՏՄ սահմանների միջև տարանցիկ ժամանակը կազմում է վեց օր, ընդ որում, բեռների անվտանգության մակարդակը հասնում է 99,99%-ի: Նա հավելել է, որ Հանձնաժողովի աշխատանքը, մասնավորապես՝ նավիգացիոն կապարակնիքների ներդրման ուղղությամբ, զգալիորեն նպաստում է եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը։

«Միավորված նավաշինական կորպորացիա» ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռախմանովը ուշադրություն է հրավիրել պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացած խնդիրներին և այդ կապակցությամբ բացվող հնարավորություններին։ 

«Ներքին ջրային ուղիները հսկայական հնարավորություններ են բացում մեզ համար: Մենք սկսել ենք կոնտեյներային նավերի նախագծումը, որոնք թույլ կտան ութ օրում բեռներ հասցնել Կասպից ծովի հարավից Սանկտ Պետերբուրգ», - նշել է Ալեքսեյ Ռախմանովը։

Լիագումար նիստում տեսաուղերձներով հանդես են եկել ԵՏՀ Խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը , ԵՏՀ խորհրդի անդամ, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն , ինչպես նաև »ԼՎՕ» ՍՊԸ (Բելառուսի Հանրապետություն) տնօրեն Օլեգ Կոնդրատենկոն , Ռոսստանարտի ղեկավար Անտոն Շալաևը և այլք:

Համաժողովի կազմակերպիչներն էին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերով գիտական խորհուրդը , ձեռնարկատերերի տնտեսական ակտիվության աջակցությամբ զբաղվող «Կորպորացիա Ալֆա» ԻՈԱԿ-ը:

Տեղեկանք

«Ինտեգրում» եվրասիական գործարար համաժողովը անցկացվում է 2019 թվականից ի վեր ամեն տարի և հանդիսանում է միջազգային քննարկումների հարթակ՝ արդյունաբերական և տնտեսական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և բարեկամ երկրների տարածքում ձեռնարկատերերի միջև փոխգործակցության զարգացման համար։