Պատժամիջոցների հետ կապված իրավիճակը խթանում է ինտեգրացիոն գործընթացները, ակտիվացնում է ԵԱՏՄ ներքին ռեսուրսները և Միության համագործակցությունը ԱՊՀ և Միութենական պետության հետ տեղափոխում որակապես նոր փուլ։ Այս մասին հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Ինտեգրում զարգացման համար. նոր հորիզոններ» թեմատիկ նստաշրջանի ընթացքում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։
«Ընթացիկ տարում նշում ենք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ԱՊՀ պետությունների հետ առևտրի պայթուցիկ աճը (60%, 2021 թվականին՝ 30%), սակայն նրա տեսակարար կշիռը Միության արտաքին առևտրային շրջանառության մեջ դեռևս բավարար չէ և չի ապահովում տնտեսությունների անհրաժեշտ կապվածությունը: Դա վկայում է պահուստների առկայության մասին այն պայմաններում, երբ Եվրոպան փաստացի արգելքներ է բարձրացրել ապրանքային շուկայում։ ԵՄ-ի հետ խզված համագործակցական շղթաների արդյունավետ փոխհատուցման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ներմիութենական համագործակցության ընդլայնման համար, որպեսզի լցնի Ռուսաստանի և Բելառուսի շուկաներից եվրոպական ընկերությունների հեռանալուց հետո առաջացած հսկայական ապրանքային խորշը։ Առկա է ավելի քան մեկուկես անգամ ապրանքների թողարկման ավելացման հնարավորություն», - նշել է Սերգեյ Գլազևը:
Նա նաև նշել է մի քանի նեղ տեղեր։ Առաջին հերթին, դա փոխադարձ առևտրի և ներմիութենական կոոպերացիայի ընդլայնման համար ներդրումների վարկավորման նոր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունն է, ինչպես նաև զարգացման ինստիտուտների հզորության ավելացումը: Երկրորդը, դա ֆինանսական շուկան է։ «Կարևոր է ազգային արժույթներին անցման ակտիվացումը, որոնցով հաշվարկները ընթացիկ տարում կարող են աճել մինչև 80-85%, - հայտարարել է ԵՏՀ նախարարը: – Կա նաև շատ ավելի բարդ խնդիր մեր ապրանքային տարածքի համար՝ արտաքին մանիպուլյացիայից պաշտպանված կայուն գնագոյացման սեփական համակարգի ձևավորումը»։
Սերգեյ Գլազևը պատմել է, որ առաջիկայում կներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը ենթադրում է, մասնավորապես, բորսաների տեղեկատվական համակարգերի միավորում և ազգային արժույթներով գների անվանակարգում: «Օրակարգում ազգային արժույթների և բորսայական ապրանքների զամբյուղի վրա հիմնված նոր կայուն հաշվարկային արժույթին անցնելու հարցն է, ինչպես նաև սեփական կայուն գնագոյացման համակարգի ստեղծումը: Նման սկզբունքներով պետք է աշխատել ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլև ՇՀԿ տարածքում», - ամփոփել է ԵՏՀ նախարարը:
Սերգեյ Գլազևը նաև նշել է, որ Հանձնաժողովին հաջողվել է ստեղծել տարածաշրջանի առանցքային կազմակերպությունների՝ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության հետ երկխոսության համար ենթակառուցվածք։ «Կարևոր է հետագայում ևս զարգացնել երկխոսությունը, մշակել ընդհանուր մոտեցումներ առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ, փորձի փոխանակում և առաջավոր ինտեգրացիոն պրակտիկաներ, համատեղ մշակել և իրականացնել նպատակային ծրագրեր և բարձր տեխնոլոգիական նախագծեր»- ընդգծել Է Սերգեյ Գլազևը։