Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7085

26 հունիսի 2025 Պարգևատրվել են «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի հաղթողները Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ամփոփվել են «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Նոր նախագծերի առաջմղման հարցերով ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) կողմից: Մրցույթի հիմնական նպատակներն են Եվրասիական տնտեսական միության պետությունների կայուն զարգացմանը ուղղված կանաչ օրակարգի տեխնոլոգիական առաջատարների բացահայտումը և կլիմայական միտիգացիայի և հարմարեցման արդյունավետ պրակտիկաների ժողովրդականացումը: «Ուրախ ենք տեսնել, որ մրցույթը շարունակում է թափ հավաքել: Այս տարի մենք արդեն ունենք 16 մասնակից երկիր, ընդ որում՝ ոչ միայն ԵԱՏՄ-ից և Եվրասիական մայրցամաքից: Մասնավորապես, մրցույթին մասնակցել են մի քանի աֆրիկյան պետություններ», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նա ընդգծել է, որ մրցման հիմքում դրված է նախաձեռնության, էկոլոգիականության և տնտեսական արդյունավետության համակցությունը, որպեսզի կլիմայական պրակտիկաները համապատասխանեն տնտեսական զարգացման գաղափարներին: Մրցույթի կարևոր պայման է, որ մասնակիցների կողմից ներկայացվող լուծումները կարող են տիրաժավորվել՝ դառնալով ընդհանուր սեփականություն: 2025 թվականին մրցույթի դափնեկիր է դարձել 41 մասնակից. 25-ը՝ Ռուսաստանից, հինգը՝ Բելառուսից, երկուական մասնակից՝ Չինաստանից և Հնդկաստանից, մեկական՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Իրանից, Մոլդովայից, Էթովպիայից և Սենեգալից: Կազմակերպիչները լրացուցիչ առանձնացրել են «Եվրասիական հեռանկար» միջանցիկ կատեգորիայի երկու պրակտիկա՝ նշելով միջազգային կոոպերացիոն բաղադրիչ ունեցող նախագծեր, որոնց իրականացմանը մասնակցել է նաև մի քանի պետություն: Նույն օրը կայացել է «Կանաչ Եվրասիա» մրցույթի նախագծերի ներկայացում, որի շրջանակներում փորձագիտական կազմը գնահատել է մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների պրակտիկաները: «Կանաչ Եվրասիա» երրորդ մրցույթին մասնակցել է 295 հայտ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սենեգալից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Եթովպիայից, ՀԱՀ-ից: Կլիմայական միտիգացիայի և հարմարեցման առավել արդյունավետ պրակտիկաների փորձագիտական գնահատումը և ընտրությունը կատարվում էին 10 անվանակարգով:
26 հունիսի 2025 Որակավորման պահանջների մերձեցումը ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրացիայի զարգացման կարևոր գործոններից է Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է «Աշխատանքային միգրացիան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման ռեսուրս. ԵԱՏՄ շրջանակներում որակյալ և գիտական մասնագետների ներգրավման ու զարգացման պայմանների ձևավորում» թեմայով կլոր սեղան: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, աշխատանքային միգրացիայի փորձագետներ, Ռուսաստանի և Ղրղզստանի առաջատար բուհերի ռեկտորներ: Քննարկման ընթացքում խոսել են ԵԱՏՄ աշխատաշուկայում պահանջված մասնագետների մասնագիտական պատրաստվածության, նրանց ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման, աշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և Միության ընդհանուր աշխատաշուկայի զարգացման այլ հարցերի մասին: ԵՏՀ աշխատանքային միգրացիայի տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան նշել է, որ որակյալ կադրերի պահանջարկը շարունակում է աճել: Վիճակագրությունը դրական դինամիկա է ցուցադրում. ԵԱՏՄ-ում գրանցված գործազրկության մակարդակը ընթացիկ տարում նվազել է մինչև 0.7%, ինչը շատ ավելի քիչ է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Ալթինայ Օմուրբեկովան զեկույց է ներկայացրել առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մերձեցման մասին, որը նախապատրաստել է Հանձնաժողովը՝ անդամ պետությունների հետ համատեղ, 2025 թվականի օգոստոսին Եվրասիական միջկառավարական նիստում քննարկելու համար: Վերլուծությունը ցույց է տվել, որ որակավորման ազգային համակարգերը կառուցվածքային առումով նման են, սակայն պահպանվում են մասնագիտական իրավասությունների հաստատման ընթացակարգերի տարբերությունները: Օրինակ՝ զոդագործներին ներկայացվող պահանջները տարբեր են՝ պարտադիր ատեստավորումից Ղազախստանում մինչև որակավորման կամավոր գնահատում Ռուսաստանում և Ղրղզստանում: Հայաստանում և Բելառուսում նման ատեստավորում ընդհանրապես նախատեսված չէ: Որակավորման պահանջների հետևողական մերձեցման համար ԵՏՀ-ն մշակել է առավել պահանջված մասնագիտությունների ցանկ (որը թարմացվում է տարեկան կտրվածքով), ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի, բնակկոմունալ տնտեսության և շինարարության, կրթության և առողջապահության ոլորտներում նման մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջները, որոնք անդամ պետությունները կարող են օգտագործել ազգային ստանդարտներ ձևավորելիս: Ըստ Ալթինայ Օմուրբեկովայի՝ ԵԱՏՄ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի զարգացման գերակա ուղղություններից է առավել պահանջված մասնագիտությունների համար մասնակից երկրների հետ առաջարկվող որակավորման պահանջների մշակման աշխատանքները շարունակելը ԵԱՏՄ տարբեր երկրներում ձեռք բերված գիտելիքների և իրավասությունների արդյունավետ օգտագործման նպատակով: «Որակավորման պահանջների և աշխատողների մասնագիտական հմտությունների գնահատման մոտեցումների մերձեցումը կարևոր քայլ է ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և եվրասիական տարածաշրջանի աշխատանքային ներուժի արդյունավետ օգտագործման համար», - ամփոփել է ԵՏՀ վարչության տնօրենը:
26 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Տրանսպորտն այսօր աշխատանքի, կրթության, սոցիալական կյանքի հասանելիության բազային պայմանն է» Տրանսպորտի ոլորտի ինտեգրման ազդեցությունը Եվրասիայի կայուն զարգացման ապահովման վրա «Կայուն տրանսպորտը մեծ Եվրասիայի տարածաշրջանում. շարժունակություն, մուլտիմոդալություն և թվայնացում» նստաշրջանի գլխավոր թեման էր: Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում։ «Տրանսպորտը և ենթակառուցվածքը պետք է հասանելի լինեն բնակչության բոլոր շերտերի համար՝ ներառյալ հեռավոր շրջանների բնակիչներին, և արդարացի գնագոյացմամբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը: Ելույթների ընթացքում մանրամասն քննարկվել է թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի, միջազգային տրանսպորտային միջանցքների, բեռնարկղային և մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը: Քննարկվել են էներգաարդյունավետության բարձրացման, շրջակա միջավայրի աղտոտվածության, տրանսպորտի գերբեռնվածության նվազեցման հարցեր: ԵՏՀ նախարարը նշել է, որ «ԵԱՏՄ-ն հետևողականորեն և դինամիկ ընթանում է կայուն տրանսպորտի սկզբունքների իրագործման ուղղությամբ: Շեշտը դրվում է Միության տարանցման օգտագործման արդյունավետության բարձրացմանը, խելացի տրանսպորտային համակարգերի զարգացմանը, ենթակառուցվածքի արդիականացմանը»: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նստաշրջանի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության գործկոմի ղեկավարներին, Իրանի ներկայացուցիչների:  
26 հունիսի 2025 Մինսկում բացվել է 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը Հունիսի 26-ին Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում բացվել է 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը: Համաժողովի գլխավոր թեման է՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ»: Միջոցառումը համընկել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի հետ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Բելառուսի կառավարության ղեկավարը և ԵՏՀ կոլեգիայի նախագահը ողջույնի խոսքով են դիմել համաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:      «Համաժողովը տարեց տարի դառնում է Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար համայնքի և իշխանության մարմինների միջև բաց երկխոսության կարևոր միջազգային հարթակ», - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: ԵՏՀ-2025 գործարար ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ ԵԱՏՄ պետությունների և միջազգային պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև երեք տասնյակից ավելի թեմատիկ միջոցառումներ:
26 հունիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵԱՏՄ-ում դեղերի ընդհանուր շուկայի ստեղծումը պահանջում է գնային կարգավորման ներդաշնակեցման միջոցով մրցակցության մակարդակի համահարթեցում» Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ անցկացրել է մրցակցության տեսանկյունից Եվրասիական տնտեսական միության դեղագործական հատվածի զարգացման համալիր հետազոտություն: Արդյունքների մասին հունիսի 26-ին՝ ԵՏՀ-2025-ի «Դեղագործական շուկայի զարգացում. մուտք և հասանելիություն» նստաշրջանում պատմել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը: «Դեղագործական հատվածը ԵԱՏՄ վերազգային և ազգային մակարդակում տնտեսության առավել «գերկարգավորված» հատվածներից է, ինչը ստեղծում է անդրսահմանային և ազգային շուկաներում նուրբ հակամենաշնորհային վերահսկողության անհրաժեշտություն», - նշել է ԵՏՀ նախարարը:  Հետազոտության ընթացքում բացահայտված կարգավորման հիմնախնդիրների թվում են ազգային մակարդակում ԵԱՏՄ ընդհանուր նորմերի իրավակիրառության տարբերությունները և Միության երկրներում միասնական կանոններով դեղորայքային պատրաստուկների գրանցման անհավասարաչափությունը, շուկայի մուտքի բարձր և անթափանցիկ «շեմը», պետգնումների նպատակների համար դեղերի փոխլրացվելիության որոշման առանձնահատկությունները: Այս ամենը կարող է արգելքներ ստեղծել բիզնեսի ու սպառողների համար: Հատուկ անդրադարձ է կատարվել գնային կարգավորմանը: Ըստ Մաքսիմ Երմոլովիչի՝ «այսօր սա ԵԱՏՄ երկրների ազգային իրավասությունն է: Սակայն Միության դեղամիջոցների ընդհահուր շուկայի ձևավորման պայմաններում հարկ է ուշադրություն դարձնել կարգավորման տարբերություններին և դրանց հետևանքով առաջացող դեղերի գնային դիսպարիտետներին: Սա մարտահրավեր է մրցակցության համար»: Հետազոտությունը ցույց է տվել, որ Միության երկրներում առավել տարբերվում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման դեղերի (մինչև 508%), «արյուն և արյունագոյացում» խմբի դեղերի (մինչև 497%), հակաբիոտիկների գները (մինչև 275%): Սա պետական գնային կարգավորման օբյեկտների, սահմանային գների հաշվարկման մեթոդիկաների և ռեֆերենտ երկրների ցանկերի տարբերությունների հետևանք է: Երբեմն կարող են տեղի ունենալ նաև տնտեսավարող սուբյեկտների անբարեխիղճ շուկայական ռազմավարություններ: Այս առնչությամբ առաջարկվել է գնային կարգավորման նպատակների համար ուսումնասիրել ԵԱՏՄ շրջանակներում դեղերի մոդելային ցանկի ձևավորման և Միության երկրների բնակչության համար դեղերի հասանելիության հավասար երաշխավորված մակարդակն ապահովելու համար արտադրողի սահմանային գների հաշվարկման մոդելային մեթոդիկայի ձևավորման հնարավորությունը: Նախատեսվում է նաև սկսել «ԵԱՏՄ դեղագործական հատվածի բարեխիղճ պրակտիկաների օրենսգրքի»՝ որպես մեղմ կարգավորման մեխանիզմի մշակումը շուկայի սուբյեկտների հակամրցակցային վարքագիծը կանխելու նպատակով: Նստաշրջանի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հեռանկարները, այս առնչությամբ հակամենաշնորհային մարմինների դերը, դեղագործական արտադրանքի արտադրության խթանման միջոցները: Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի ԴՀԾ ղեկավարի տեղակալ Տիմոֆեյ Նիժեգորոդցևը, Բելառուսի առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ստարովոյտովը, ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն, Ղրղզստանի առողջապահության փոխնախարար Կաարմանբեկ Բայդավլետովը, Ղազախստանի առողջապահության նախարարության Սալիդատ Կաիրբեկովայի անվ. առողջապահության զարգացման ազգային գիտական կենտրոնի վարչության փոխնախագահ Ադլեթ Թաբարովը, պրոֆիլային ընկերակցությունների ու դեղագործական ընկերությունների ղեկավարներ, փորձագիտական և գիտական համայնքների ներկայացուցիչներ: Նստաշրջանի հյուրերն էին Չինաստանի, Կուբայի, Մյանմարի բիզնեսի և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: 2024 թվականին ԵԱՏՄ շրջանակներում դեղագործական հատվածի ծավալը կազմել է 30.9 մլրդ դոլար, որոնցից 66%-ը բաժին է հասնում դեղատնային (մանրածախ) հատվածին, 34%-ը՝ պետական գնումներին: Ընդ որում, դեղատնային հատվածը զբաղեցնում է Միությունում բոլոր ապրանքների մանրածախ վաճառքների ընդհանուր ծավալի 3%-ը: Դեղերի պետական գնումները կազմում են ԵԱՏՄ-ում պետգնումների ընդհանուր ծավալի 7%-ը: ԵԱՏՄ երկրներում արտադրողի գներով դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը 2024 թվականին կազմել է 948 մլրդ ռուսական ռուբ., կամ 10.2 մլրդ ԱՄՆ դոլար: Արտադրության ծավալի աճի տեմպը ռուսական ռուբլիով կազմում է +18%:
26 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Մեր խնդիրն է՝ ԵԱՏՄ-ում բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ» Հունիսի 26-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական համաժողովի «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ» լիագումար նիստը: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Համաժողովին մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսը, Մյանմարի Միություն Հանրապետության վարչապետ Մին Աուն Հլայնը, Բելառուսի Հանրապետության հետ աշխատանքի գծով Նիկարագուայի Հանրապետության համանախագահների հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Օրտեգա Մուրիլյոն: ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը համաժողովում ներկայացրել է Միության գործունեության արդյունքները և ինտեգրման հետագա զարգացման հեռանկարները: «Իր ստեղծման պահից ի վեր Եվրասիական տնտեսական միությունը ցուցաբերում է զարգացման կայուն դինամիկա, — ընդգծել է Բակիտժան Սագինտաևը: — Տասը տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն գրեթե 18%-ով աճել է՝ 2014 թվականի 1.6 տրլն դոլարից մինչև 2024 թվականի 2.6 տրլն դոլարը: Համաշխարհային տնտեսությունում Միության բաժինը ավելացել է մինչև 4.2%: Փոխադարձ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է և 2024 թվականի արդյունքներով հասել շուրջ 100 մլրդ դոլարի: Ընդ որում, հաշվարկների 93%-ը ներկայացվում է ազգային արժույթներով: ԵԱՏՄ երկրների միջև ծառայությունների արտահանումն ավելացել է 86%-ով: Գործազրկության մակարդակը կրճատվել է մինչև 3%»: Ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր արդյունքների շարքում ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը նշել է աշխատաշուկայում բարձր աստիճանի ազատականացման հասնելը, տնտեսության 142 հատվածում ծառայությունների միասնական շուկայի գործելը, առևտրում ավելի քան 100 արգելք վերացնելը, 52 տեխնիկական կանոնակարգի ընդունումը, պարենով ապահովվածության 92% մակարդակի հասնելը: Տնտեսության իրական հատվածների զարգացման համար գործարկվել է արդյունաբերությունում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը: Հաշվի առնելով տնտեսության բոլոր ոլորտներում թվային փոխակերպման բարձր տեմպերը՝ շարունակվում է միասնական թվային տարածքի ստեղծման աշխատանքը: «Սա կնպաստի պետական մարմինների, բիզնեսի և քաղաքացիների միջև փոխգործակցության պարզեցմանը: Մեր խնդիրն է՝ բոլոր գործընթացները դարձնել ավելի արագ, հարմարավետ և անվտանգ: Օրինակ՝ մաքսային ընթացակարգերի թվայնացումը կրճատել է ապրանքների բաց թողնման ժամկետները վեց անգամ», — նշել է Բակիտժան Սագինտաևը: Տասնամյակի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության դիրքերը միջազգային ասպարեզում: Սա է վկայում շուրջ 40%-ով արտաքին առևտրային ապրանքաշրջանառության աճը: «Մենք պետք է շարունակենք փոխգործակցությունը հետևյալ ուղղություններով՝ Միության ընդհանուր շուկայի ապահովում առանցքային ապրանքներով ու ռեսուրսներով, տրանսպորտալոգիստիկ ներուժի և կոոպերացիոն համագործակցության զարգացման խթանում: Մենք հաշվի ենք առնելու ինտեգրացիոն համագործակցության փորձը, ազգային շահերը և ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմնարար հիմքերը», — ամփոփել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
26 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկի. «Հանձնաժողովը պատրաստ է տեխնիկական կարգավորման համակարգի համակողմանի զարգացմանը՝ ի շահ ԵԱՏՄ երկրների» Հունվարի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին անցկացրել է «Եվրասիական ինտեգրումը տեխնիկական կարգավորման ոլորտում. Ռազմավարություն-2025-ից՝ մինչև Հռչագագիր-2030-ը» թեմայով պանելային նստաշրջան: Միջոցառման գլխավոր թեման էր տեխնիկական կարգավորման ոլորտում Ռազմավարություն-2025-ի կատարման արդյունքներն ու հեռանկարները: Քննարկվել են մի շարք միութենական որոշումներ՝ ինչպես արդեն ընդունված, այնպես էլ ընթացքում գտնվող, որոնք պլանաչափ ինտեգրում են ապահովում այս ոլորտում, այդ թվում՝ Հռչակագիր-2030-ի կապակցությամբ պլանի լրացման համատեքստում: «Մեր համալիր քննարկումները, ի թիվս այլնի, վերաբերում են թվայնացման, էլեկտրոնային առևտրի, «գորշ» թույլատրական փաստաթղթերի դեմ պայքարի հարցերին և արտաքին շուկաների առևտրատնտեսական էքսպանսիայի ավելացմանը», — հայտնել է ԵՏՀ նախարարը: Քննարկման օրակարգը վերաբերել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման նպատարների համար ստանդարտացման դերի բարձրացմանը և արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատման մեխանիզմի զարգացմանը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ պայմանագրաիրավական բազայի իրավական նորույթները: Դրանց թվում են Ստանդարտացման ոլորտի աշխատանքների համակարգման կարգը, ԵԱՏՄ տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգը և մինչև 2030 թվականը ԳՏՄ-ի այս գնահատումների իրականացման համապատասխան պլանը: Նստաշրջանի մասնակիցները քննարկել են ոչ անվտանգ արտադրանքից ԵԱՏՄ-ի շուկայի պաշտպանության ոլորտի համակարգային խնդիրները: Նիստի մասնակիցների կարծիքով՝ դրանց կարգավորումը հնարավոր է նաև համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ազգային ընթացակարգերի ներաշնակեցման միջոցով: Հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը կապահովի նման ընթացակարգերում համապատասխան տարբերությունների բացահայտումը՝ դրանց հետագա վերացման նպատակով: Տեխկարգավորման ոլորտում թույլատրական փաստաթղթերի տրամադրման «գորշ բիզնեսի» լրացուցիչ «մաղումը» կապահովի փորձարկումների արձանագրությունների համապատասխան գրանցամատյանը:  Դրա ձևավորման և վարման կարգն արդեն մշակվում է: ԵՏՀ նախարարը նաև առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Միության երկրներում ԵԱՏՄ տեխկանոնակարգերի նկատմամբ վերահսկողության մասով հսկման տարբեր պրակտիկաներով: Այդ թվում՝ չհամապատասխանող արտադրանքին երկրների արագ և համաժամանակյա արձագանքման մեխանիզմի մշակման համար Միության հարթակում զգալիորեն ակտիվացել է աշխատանքը Մաքսային մարմինների և հավատարմագրման մարմինների հետ պետհսկողության մարմինների փոխգործակցության միասնական կարգի, ինչպես նաև Պետհսկողության արդյունքներով անդամ պետությունների միջև ծագող վիճահարույց հարցերի քննարկման և կարգավորման կարգի շուրջ: Երկրների կողմից վերահսկողական և հսկողական միջոցառումների անցկացման կատարելագործման հեռանկարները կարող են իրականացվել նաև տեխկարգավորիչների համար պրոֆիլային ռեսուրսների (մասնավորապես, համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գրամցամատյանի) և ապրանքների հետագծվելիության ու կեղծ արտադրանքի դեմ պայքարի նպատակով օգտագործվող թվային մակնշման ռեսուրսների ինտեգրման միջողով: Նման ինտեգրման մոտեցման ընդունելիությունը ակտիվորեն քննարկվում է: Նստաշրջանում առանձին ուշադրություն են դարձրել «Թվային տեխնիկական կարգավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» նախագծի իրականացմանը: Էլեկտրոնային առևտրի թեման քննարկելիս միջոցառման մասնակիցներն ընդգծել են էլեկտրոնային հարթակների միջոցով ԵԱՏՄ շուկա ոչ անվտանգ արտադրանքի մուտքի անթույլատրելիությունը: Քննարկման հարթակը միավորել է պետական մարմինների, գործարար համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Բանախոսներն էին Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի, Ռուսաստանի ստանդարտացման ինստիտուտի, Ղրղզստանի հավատարմագրման մարմնի, Բելառուսի Հանրապետության «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնություն» ոչ առևտրային կազմակերպությունների միության, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տեխնիկական կարգավորման գծով ղեկավարները:  
26 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «Այսօր «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի քարտեզը զգալիորեն ընդլայնվում է» Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեև Սլեպնևը հայտարարել է՝ դիմելով Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «Եվրասիական ագրոէքսպրես՝ նոր հորիզոններ ու հնարավորություններ» նստաշրջանի մասնակիցներին: «Եվրասիական տնտեսական միությունը և դրա անդամ պետությունները դիրքավորվում են որպես գյուղմթերքի գլոբալ արտադրության կարևոր տարր և պատրաստ են իրենց լուրջ ավանդն ունենալ միջազգային պարենային անվտանգության ապահովման գործում: Մենք դրանում ենք տեսնում մեր ոլորտի առաքելությունը, և այստեղ անհրաժեշտ է ապահովել որակյալ լոգիստիկա», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ որակյալ, ոչ փանկարժեք և արագ լոգիստիկան թույլ է տալիս բացահայտվել ամբողջ տարածաշրջանների գյուղատնտեսական ներուժին: Ընդ որում, «Եվրասիական ագրոէքսպրեսի» գործողության ընթացքում հաջողվել է հաստատել մատակարարումների կայուն օրացույց, առաջին հերթին՝ ՉԺՀ-ի ուղղությամբ: «Կնշեի, որ եթե նախագիծն սկսվում էր որպես Հարավ-Արևելյան Ասիային և չինական շուկային ուղղված նախագիծ, ապա այսօր դրա քարտեզը էապես ընդլայնվում է: Ուրախալի է, որ գործնական աշխատանքներ են սկսվել «Հյուսիս-Հարավ»միջանցքի՝ ագրոպարենային արտադրանքի համար խոստումնալից ուղղության շուրջ», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Նա նշել է, որ խոսքը տվյալ դեպքում ինչպես Իրանի, այնպես էր տարածաշրջանի այլ երկրների մասին է: Օրինակ՝ հետաքրքիր էր «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծում Արաբական Միացյալ Էմիությունները ներառելը: Այս երկրի հետ վաղը նախատեսվում է ստորագրել տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որի կարևոր բաղադրիչ է հենց գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը: Բացի այդ, աշխատանք է տարվում ԵԱՏՄ ամենամերձավոր գործընկեր Մոնղոլիայի հետ, որը միաժամանակ տարանցիկ երկիր է Չինաստանի ուղղությամբ: Համաձայնագիրը, որը վաղը ստորագրվելու է Մոնղոլիայի հետ, զգալի հեռանկարներ է ստեղծում մատակարարումների աճի համար: Ընդ որում, տվյալ դեպքում կարող ենք խոսել ոչ միայն ԵԱՏՄ-ից գյուղմթերքի մատակարարումների, այլև մոնղոլական մսամթերքի և կաթնամթերքի հետադարձ բեռնման մասին, որով հետաքրքրված են մեր երկրները: «Եվրասիական ագրոէքսպրեսն» իրենից ներկայացնում է ինտեգրացիոն նախագիծ, որի նպատակն է ինչպես Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրներ գյուղատնտեսական և պարենային բեռների արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրման իրականացումը: Նախագծի իրականացման երեք տարում փոխադրվել է ավելի քան 1.5 մլն տոննա բեռ, դրանցից կեսին ավելին՝ ռեֆրիժերատորային: 2024 թվականի արդյունքներով՝ փոխադրված բեռների ծավալը մեկնարկային 2022 թվականի համեմատ ավելացելի է 23%-ով: 
Ցուցադրել ավելին