22 Mar 2023 ԵՏՀ-ն կրկին անգամ տուգանել է Ղազախստանի և Ղրղզստանի ընկերություններին պրոֆեսիոնալ հաշվապահների հավաստագրման ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար Շուրջ երեք միլիոն ռուսական ռուբլու չափով նոր տուգանքներ պետք է վճարեն իրենց երկրների բյուջեներ «Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների մասնագիտական կազմակերպությունը (Ղազախստանի Հանրապետություն), «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը (Ղազախստանի Հանրապետություն), «Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորումը (Ղրղզստանի Հանրապետություն) և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը (Ղրղզստանի Հանրապետություն): Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիայի 2023 թվականի հունվարի 17-ի որոշմամբ այս ընկերություններին արդեն նշանակվել էին տուգանքներ հանրային հաշվապահների հավաստագրման ծառայությունների անդրսահմանային շուկայում անբարեխիղճ մրցակցության համար։ Նոր հետաքննության համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մի շարք տնտեսավարող սուբյեկտների դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մրցակիցների ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ։ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նշված ընկերությունները www.cipaprogram.org կայքի հավաստագրերի սեփական գրանցամատյանում տեղեկատվություն էին տեղադրում այլ կազմակերպությունների, այդ թվում՝ դիմողների կողմից տրամադրված հավաստագրերի մասին։ Կայքում նաև հաղորդվել է, որ որոշ հավաստագրերի գործողությունը կասեցվել կամ չեղարկվել է, և դրանց ակտիվացման/վերաթողարկման համար պահանջվում է անդամակցել այդ կազմակերպություններից որևէ մեկին: Հայտնաբերվել են նաև այլ ոչ հավաստի տեղեկություններ։ Օրինակ, որոշ հավաստագրերի համար որպես տրամադրման ամսաթիվ նշված է եղել 1900 թվականը: Մեկնաբանելով Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից ընդունված որոշումը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովն ընդգծել է. «Ընկերությունները թույլ են տվել ԵԱՏՄ մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումներ։ Խոսքն անբարեխիղճ մրցակցության մասին է։ Նշեմ, որ հակամրցակցային վարքագծի փաստերի վերաբերյալ ԵՏՀ ստացվող առավելագույն թվով դիմումները վերաբերում են հենց այս խախտմանը։ Օրինակ՝ 2022 թվականին Հանձնաժողովի կողմից քննարկված 26 դիմումից 15-ը վերաբերում էր անբարեխիղճ մրցակցությանը»։ 
21 Mar 2023 Թարմացվել է փաթեթավորման միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է գործող Ծրագրի ավելի քան 90%-ի իրականացված լինելու կապակցությամբ։ Ծրագրի նոր խմբագրությունը, որը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկները, ներառում է 41 դիրք։ Դրանցից 31-ում նախատեսվում է մշակել նոր միջպետական ստանդարտներ, որոնցից 28-ը հիմնված կլինի ISO, EN և OECD միջազգային և տարածաշրջանային ստանդարտների պահանջների վրա։ Ծրագրի մնացած դիրքերի համար նախատեսվում են գործող միջպետական ստանդարտների փոփոխություններ կամ դրանց վերանայում՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտների վերջին արդիական տարբերակները: Ինչ վերաբերում է նախորդ Ծրագրով չավարտված ստանդարտներին, ապա դրանց մշակման ավարտի ժամկետներն արդիականացվել են։
21 Mar 2023 ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհավորել է Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահներին Նոորուզի (Նաուրիզ, Նավրուզ, Նովրուզ) միջազգային տոնի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին գարնանային Նոորուզի (Նաուրիզ, Նավրուզ, Նովրուզ) տոնի կապակցությամբ: Միխայիլ Մյասնիկովիչն իր շնորհավորական ուղերձներում նշել է, որ այս տոնը, «լինելով հին ավանդույթների խորհրդանիշ, մարմնավորում է բնության հոգևոր վերելքը, զարթոնքն ու թարմացումը։ Տոնի սովորույթները հարգվել են հազարամյակների ընթացքում, փոխանցվելով սերնդե-սերունդ և  ժողովուրդներ միավորելով»։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը պետությունների ղեկավարներին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական և միջազգային գործունեության մեջ, իսկ Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Թուրքմենստանի ժողովուրդներին՝ բարօրություն և բարգավաճում։ Տեղեկանք Նոորուզի (Նաուրիզ, Նավրուզ, Նովրուզ) միջազգային օրը, պարսկերենից թարգմանաբար՝ «նոր օր», նշվում է մարտի 21-ին։ Թյուրք և իրանցի ժողովուրդների մոտ ըստ աստղագիտական արևային օրացույցի սա գարնանամուտի օրն է։ Նոորուզը ազգային ավանդույթ է։ 2009 թվականի սեպտեմբերի 30-ին Նոորուզն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում. այդ ժամանակվանից մարտի 21-ը հայտարարվել է Նոորուզի միջազգային տոն։
21 Mar 2023 Փոփոխություններ են կատարվել էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ֆիզիկական անձանց հասցեին որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային փաստաթղթի լրացման կարգի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները: Հաստատված փոփոխությունները նախատեսում են ուղևորային մաքսային հայտարարագիրը էքսպրես բեռների համար նոր սյունակով լրացնելը և դրա լրացման կարգը։ Նոր սյունակում կնշվեն տեղեկություններ ապրանքների փաստացի գտնվելու վայրի մասին: «Փոփոխություններն ուղղված են հեռահար թողարկման տեխնոլոգիայի արդյունավետ իրականացման համար ապրանքների գտնվելու վայրի որոշման հնարավորությանը, - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը: - Այս ամենը թույլ կտա օպտիմալացնել նշված կատեգորիայի բեռների ձևակերպման ընթացակարգը և նվազեցնել բիզնեսի ծախսերը»։ Նախագիծը էքսպրես բեռների մաքսային վարչարարության կատարելագործման և այս հարցի վերաբերյալ ժամանակակից իրավական բազայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի մաքսային բլոկի կողմից կատարվող համալիր աշխատանքի տրամաբանական շարունակությունն է: Տեղեկանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 158 որոշմամբ հաստատվել են էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ձևը և լրացման կարգը։
20 Mar 2023 ԵՏՀ հարթակում քննարկվել են եվրասիական ավտոմեքենաշինության զարգացման հարցեր Նման նախաձեռնություն է առաջ քաշել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը միջոլորտային ավտոմոբիլային կոնգրեսի և Մոսկվայի «Մոսկվիչ» ավտոմոբիլային գործարան կատարված այցի շրջանակներում գործարարների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերության ձեռնարկություն կատարած այցի ընթացքում արդյունաբերական բլոկի պատվիրակությունը ծանոթացել է գործարանի արտադրական ներուժին և զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն համագործակցության առաջարկվող ուղղություններին։ Կոոպերացիայի առավել հեռանկարային վեկտորների թվում նշվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մալուխահաղորդիչային արտադրությունը, էներգետիկ մեքենաշինությունը, նավթաքիմիան և հաստոցաշինությունը: Հատուկ ուշադրության է արժանացել հայրենական միկրոէլեկտրոնային բաղադրիչային բազայի զարգացումը մինչև 2030 թվականը արտադրության տեղայնացման ներկայացված ծրագրի շրջանակներում: Ներկայումս գործարանն արդեն ակտիվորեն համագործակցում է նավիգացիոն համակարգերի ազգային արտադրողների հետ, և այսօրվա դրությամբ հաջողվել է ապահովել մի շարք միկրոէլեկտրոնային մոդուլների մատակարարում, այդ թվում՝ ԳԼՈՆԱՍՍ համակարգի, որոնք անհրաժեշտ են վերջնական արտադրանքի արտադրության համար: Միաժամանակ առկա է այլ միկրոէլեկտրոնային հաշվողական և վերահսկիչ սարքավորումների անհրաժեշտություն։ Այդ կապակցությամբ Նիկոլայ Ռոգոժնիկն առաջարկել է քննարկել ոլորտային համագործակցության հարցերը Հանձնաժողովի հարթակում՝ պրոֆիլային փորձագիտական խմբերի շրջանակներում, Միության երկրների լիազոր մարմինների և բիզնեսի ներգրավմամբ:
17 Mar 2023 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ երկրները պատրաստ են համատեղ հաղթահարել էներգետիկայի ոլորտում առկա մարտահրավերները» Եվրասիական տնտեսական միության պետությունների առջև ծառացած էներգետիկայի ոլորտի մարտահրավերները և դրանք համատեղ ջանքերով հաղթահարելու պատրաստակամությունը նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը «ԷՎԱ, նորարարական մշակումները և թվային փոխակերպումը առանձնահատուկ տնտեսական պայմաններում» թեմայով Եվրասիական տնտեսական միության երկրների միջազգային էներգետիկ համաժողովում, որը տեղի է ունեցել մարտի 16-ից 17-ը Բիշքեկում։ Համաժողովը կազմակերպվել է Ղրղզստանի Էներգետիկայում կանանց ընկերակցության կողմից ԵՏՀ-ի հետ համատեղ և նվիրված է ԵԱՏՄ պետությունների էներգետիկ հաշվեկշիռներում էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնմանը, էներգետիկայի թվային փոխակերպմանը և կադրային ներուժի զարգացմանը: ԵՏՀ նախարարը շեշտը դրել է էներգիայի վերականգնվող աղբյուրների ակտիվ օգտագործմանը և դրա հետ կապված ածխածնազերծման գործընթացին, ցածր ածխածնային զարգացմանն անցնելուն։ «Ցածր ածխածնային զարգացմանն անցնելու արդյունքներից մեկը կլինի հանածո օրգանական վառելիքի պահանջարկի նվազումը և էներգիայի վերականգնվող և այլ կանաչ աղբյուրների դերի բարձրացումը», - կարծում է Արզիբեկ Կոժոշևը: Համաժողովին մասնակցել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Վադիմ Զակրևսկին, որն ընդգծել է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների հետ մեկտեղ զարգացման հեռանկարային ոլորտների ցանկը ներառում է ջրածնային և միջուկային էներգետիկան։ Եվրասիական «հնգյակի» երկրներում այսօր ակտիվորեն զարգանում են ԷՎԱ բոլոր տեսակները՝ ինչպես համեմատաբար նոր՝ արևի, քամու, մակընթացությունների, երկրաջերմային աղբյուրների, ալիքների էներգիան և այլն, այնպես էլ ավանդական՝ հիդրոէներգետիկան և կենսազանգվածի օգտագործումը։ Համաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես են եկել ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի, Եվրասիական զարգացման բանկի, ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, գիտական և գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին շահագործման են հանձնվել մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայան, որոնց շինարարությունը 37 մլն դոլարի չափով ֆինանսավորել է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)։ Հայաստանում ԱԷԿ (արևային էլեկտրակայանների) ներուժը գնահատվում է 8 ԳՎտ։ Բելառուսի Հանրապետությունում 2021 թվականի արդյունքներով օգտագործվող ԷՎԱ ընդհանուր հզորությունը կազմել է 500 ՄՎտ, իսկ մինչև 2025 թվականը նախատեսվում է այն հասցնել 630 ՄՎտ-ի։ Որոշում է ընդունվել ԷՎԱ զարգացումը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 8%-ի հասցնելու մասին։ Ղրղզստանի Հանրապետությունը ԷՎԱ ոլորտում մեծ ներուժ ունի, որը գնահատվում է 5 մլրդ կՎտժ*տարի ջրային օբյեկտներում, ավելի քան 490 մլն կՎտժ*տարի՝ արևային և 45 մլն կՎտժ*տարի՝ հողմային օբյեկտներում։  Ղազախստանի Հանրապետությունում 2021 թվականի ընթացքում ԷՎԱ արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը գերազանցել է պլանային ցուցանիշները։ Այժմ Ղազախստանում գործում է 136 էներգիայի վերականգնվող աղբյուր՝ 2065 ՄՎտ դրվածքային հզորությամբ. 40 հողմային էլեկտրակայան՝ 684 ՄՎտ հզորությամբ, 51 արևային էլեկտրակայան՝ 1093 ՄՎտ հզորությամբ, 40 հիդրոէլեկտրակայան՝ 280 ՄՎտ հզորությամբ, 5 բիոէլեկտրակայան՝ 8 ՄՎտ հզորությամբ։ 2021 թվականին շահագործման է հանձնվել 19 օբյեկտ՝ 393 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Ռուսաստանի Դաշնությունում ԷՎԱ ներդրման ընդհանուր ծավալը մեծածախ և մանրածախ շուկաներում 2021 թվականին կազմել է 1217 ՄՎտ։ Միայն 2021 թվականի 4-րդ եռամսյակում Ռուսաստանում հայտնվել է ԷՎԱ գեներացման 12 նոր օբյեկտ՝ 8 հողմային էլեկտրակայան և չորս արևային էլեկտրակայան։ ԷՎԱ գեներացման հզորությունն ավելացել է 656,4 ՄՎտ-ով։ 2021 թվականի արդյունքներով ԷՎԱ գեներացման օբյեկտներն արտադրել են ավելի քան 5,2 միլիարդ կՎտ*ժ էլեկտրաէներգիա։
17 Mar 2023 ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն ամրապնդում են բազմապլանային տնտեսական գործընկերությունը Մարտի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը քննարկվել են տնտեսական համագործակցության հարցեր։ Որոշվել է խորացնել գործնական համատեղ աշխատանքը տրանսպորտալոգիստիկ ոլորտում, ինչպես նաև խթանել արժութավճարային համակարգերի ինտեգրումը անկախ անդրսահմանային վճարումներ կատարելու համար։ Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի տնտեսական օրակարգերն իրենց մեջ կրում են միմյանց փոխլրացնելուն և համաշխարհային լանդշաֆտը սահմանելուն ընդունակ ներուժ։ «2022 թվականին ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 270,2 միլիարդ դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով ավելի քան 40%-ով»,- նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։ Կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունը ԵՏՀ-ի և ՇՀԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի իրականացման համատեղ միջոցառումների ծրագրի ստորագրման հարցում: Փաստաթուղթը համաձայնեցման վերջնական փուլում է, և դրա ստորագրումը հնարավոր է ընթացիկ տարվա մայիսին։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ Հանձնաժողովը նախապատրաստել է տրանսպորտալոգիստիկ մեգանախագծի իրականացման հայեցակարգ, որով նախատեսված է միավորել եվրասիական տարածաշրջանի տարածքը։ Այս նախագիծը ներկայումս քննարկվում է ՇՀԿ-ում: Միխայիլ Մյասնիկովիչը և Չժան Մինը կարևորել են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ավելացումը և համագործակցությունը արժութավճարային համակարգերի ինտեգրման ոլորտում անկախ անդրսահմանային վճարումների կատարման, առևտրի ֆինանսավորման և ներդրումների համար։ «ԵԱՏՄ-ում լավ զարգացումներ կան, 2022 թվականի արդյունքներով Միության ներսում ազգային արժույթներով հաշվարկների բաժինը կազմել է 80%: Կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի վճարահաշվարկային ենթակառուցվածքների ներուժերի համաժամացումը։ Առաջիկայում մենք կներկայացնենք մեր առաջարկները»,- նշել է Միխայիլ Մյասնիկովիչը։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ՇՀԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է մասնակցելու 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովին, որը կանցկացվի մայիսի 24-25-ը Մոսկվայում։ Համաժողովի ընթացքում կանցկացվի «ԵԱՏՄ - ՇՀԿ - ԲՐԻԿՍ. բաց ինտեգրացիոն երկխոսություն» թեմայով հատուկ նստաշրջան։ ՇՀԿ գլխավոր քարտուղարն իր հերթին Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրել է այցելել Պեկինում գտնվող ՇՀԿ քարտուղարություն պաշտոնական այցով։
Ցուցադրել ավելին