Նորություններ

19.12.2023

ԵԱՏՄ երկրները ձգտում են ընդհանուր կանոնների կիրառմանը Միության շրջանակներում սերմերի շուկայի զարգացման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում հանձնարարականներ են ընդունվել գյուղատնտեսական բույսերի սերմերի կատեգորիաներին, ինչպես նաև փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների միասնականացման վերաբերյալ։

«Փաստաթղթերը պատրաստվել են ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների առաջադրած՝ սերմնաբուծության ոլորտի ազգային օրենսդրության միասնականացման խնդիրը իրականացնելու նպատակով։ Այսօր մենք բազային պահանջներ ենք ընդունել, որոնց երկրները պատրաստ են միանալ իրենց օրենսդրության շրջանակներում՝ որակյալ սերմացուի ընդհանուր շուկայի զարգացման համար»,- հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

Մասնավորապես, առաջարկվել են փաթեթավորման (տարայի) տեսակներին և որակին, պիտակին և դրանում առկա տեղեկատվության բովանդակությանը ներկայացվող պահանջների միասնականացման ընդհանուր մոտեցումներ, որոնք կապահովեն սերմերի նույնականացումը և կհանդիսանան դրանց ծագման ու որակի մասին տեղեկությունների կրողը՝ կախված կատեգորիաներից (սորտի վերարտադրության փուլերից, սերմերի բազմացման փուլերից) և սերմերի օգտագործման նպատակից։

Ինչ վերաբերում է սերմերի կատեգորիաների միասնականացմանը, Հանձնաժողովի կոլեգիան առաջարկել է Միության շրջանակներում սերմերի և տնկանյութի շրջանառության ընթացքում գյուղատնտեսական բույսերի սերմերի և հնդավոր, կորիզավոր, ընկուզապտուղ, ցիտրուսային, մերձարևադարձային, հատապտղային, եթերայուղային մշակաբույսերի, խաղողի և թեյի տնկանյութի սորտի վերարտադրության փուլերի և բազմացման փուլերի (սերունդների) սահմանումներ և բնութագրեր, որոնք հաշվի են առնում սերմերի և տնկանյութի արտադրության առանձնահատկությունները և սպեցիֆիկան՝ կախված մշակաբույսերի տեսակներից։ Սահմանվել է սերմացուի նմուշառման և ցանքի ու տնկման որակների գնահատման (փորձաքննության) կարգը, անդամ պետություններում սերմերի առևտրի ժամանակ կատեգորիաների փոխադարձ ճանաչման, դրանց փաթեթավորման և մակնշման առանձնահատկությունները:

«Տվյալ ինտեգրացիոն աշխատանքն ուղղված է Միության շրջանակներում շրջանառության ընթացքում սերմերի և տնկանյութի կատեգորիաների փաստագրման ժամանակ տարբեր մեկնաբանությունների բացառմանը, ինչպես նաև Միության շուկայում սերմերի ազատ առևտրի համար պայմանների ստեղծմանը՝ հիմք ընդունելով սերմերի փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները: Գյուղատնտեսներն իրենց հերթին սպառիչ տեղեկատվություն կունենան սերմերի ձեռք բերվող խմբաքանակի որակական բնութագրերի մասին»,- ամփոփել է ԵՏՀ նախարարը։