27 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշումն ապացուցել է իր արդյունավետությունը» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի զարգացման հարցի քննարկման արդյունքում: «Սկսած 2019 թվականից՝ Եվրասիական տնտեսական միությունում, ընդհանուր առմամբ, մակնշվել է շուրջ 274 միլիարդ միավոր ապրանք: Ապացուցված արդյունքներն են շուկայի «սպիտակեցումը», կեղծ արտադրանքի մակարդակի նվազումը, օրինական ընկերությունների թվի բարձրացումը, բարեխիղճ արտադրողների եկամտաբերության աճը և բյուջեն լցնելու մակարդակի բարձրացումը», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Մակնշման արդյունքը հաստատվել է ԵԱՏՄ երկրների տվյալներով: Օրինակ՝ Հայաստանում ապրանքներ օրինական արտադրողների ու ներմուծողների թվի աճը կազմել է 7%: Ղազախստանում կեղծ ծխախոտային արտադրանքի շրջանառությունը նվազել է 24.7 մլն դոլարով: Ռուսաստանի Դաշնությունում կաթնամթերքի մասով շուկայի սպիտակեցման մակարդակի աճը հասել է 22%-ի, թեթև արդյունաբերության՝ 36%-ի, կոշիկի՝ 18%, օծանելիքի մասով՝ 43%-ի: «Անդամ պետությունների բյուջեները նույնպես զգալիորեն շահել են մակնշում ներդնելուց: Հարկերի ու տուրքերի մուտքերի ավելացումը նկատվում է բոլոր երկրներում և ուղղակիորեն կախված է այն ապրանքների կատեգորիաների թվից, որոնց նկատմամբ երկրում մակնշում է կիրառվել», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ մակնշվում են առավելագույն թվով ապրանքների կատեգորիաներ, մակնշված արտադրանքի իրացումից բյուջեի լրացուցիչ մուտքերի ծավալը կազմել է 15 մլրդ դոլար, Ղրղզստանում՝ 68 մլն դոլար: Բելառուսում, որտեղ նախկինում գործում էր ազգային մակնշում, որը թույլ տվեց դեռևս մինչև համամիութենական կանոններ ներդնելը էապես «սպիտակեցնել» շուկան, բյուջեի լրացուցիչ մուտքերի ծավալը հասել է 4.64 մլն դոլարի: Հաջորդ քայլը կդառնա մակնշման համակարգի հետագա բարելավումը, որն ուղղված է ապօրինի արտադրանքի դեմ ավելի արդյունավետ պայքարին:  «Առաջնահերթ նպատակ է մակնշման ազգային համակարգերի դերի ավելացումը ապրանքների ծագման օրինականության և անվտանգության նկատմամբ վերահսկողության համար», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը: Բացի այդ, Միության մակարդակով կշարունակվի մակնշման միութենական համակարգի տեխնոլոգիական կատարելագործման և մակնշված ապրանքի ազատ տեղաշարժի իրավական ապահովման աշխատանքը:
27 հունիսի 2025 Արզիբեկ Կոժոշև. «Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում մասնակցել է «ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա. հայացք դեպի ապագա» կլոր սեղանի աշխատանքներին, որը նվիրված էր եվրասիական «հնգյակի» պետությունների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրման հեռանկարներին: «Ընդհանուր շուկան կապահովի էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի հավասար հասանելիություն, կընդլայնի փոխադարձ առևտրի ծավալներն ու եղանակները, թույլ կտա հավասարեցնել Եվրասիական տնտեսական միության երկրների էներգետիկ համակարգերի բեռնվածքի ժամանակացույցը և հրաժարվել գեներացնող հզորությունների ավելորդ կառուցումից: Սա կբարձրացնի անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միջոցառման մասնակիցները նշել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի նորմատիվ բազայի ձևավորման առաջընթացը, քննարկել էլեկտրաէներգիայի ներքին շուկաների բարեփոխման ու զարգացման առանձնահատկությունները ինտեգրման համատեքստում և սահմանել ապագա շուկայի գործունեության պայմաններում Միության երկրների տնտեսության իրական հատվածի և գործարար համայնքի զարգացման հեռանկարներն ու գերակայությունները: «Ներկա պահի դրությամբ հաստատված է էլեկտրաէներգիայի շուկայի գործունեության գրեթե ամբողջ նորմատիվ բազան, զգալի չափով պատրաստ է Միանալու մասին պայմանագիրը և կանոնակարգերը: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է հետևել Պայմանագրում ամրագրված և կանոններում իրագործված ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ու գործունեության սկզբունքներին, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի լայն ազդեցությունը տնտեսության իրական հատվածի վրա», — տեղեկացրել է Արզիբեկ Կոժոշևը: Կլոր սեղանին մասնակցել են ավելի քան 50 ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ և փորձագետներ, վերահաստատելով բիզնեսի ու կարգավորիչների մեծ հետաքրքրվածությունը ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածքի ձևավորմամբ: Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ պետությունների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարներ, ենթակառուցվածքային և բորսայական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
27 հունիսի 2025 ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել Հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև Տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդին: Արաբական Միացյալ Էմիրությունները Պարսից ծոցի երկրների շարքում ԵԱՏՄ գլխավոր առևտրային գործընկերներից է: Ակնկալվում է, որ Տնտեսական գործընկերության մասին ստորագրված համաձայնագիրը նոր փուլանիշ կդառնա ԱՄԷ-ի հետ առևտրային հարաբերություններում և փոխադարձ առևտուրը կբերի որակապես նոր մակարդակ: ԵԱՏՄ և ԱՄԷ միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի կնքման աշխատանքը, որն ուղղված է համագործակցության առավելագույն խորացմանը, շարունակվել է երկուսուկես տարի: Ստեղծված պայմանները թույլ կտան զգալիորեն ավելացնել երկրների միջև առևտրային շրջանառությունը: «Նոր ձևավորվող առևտրային ռեժիմի շրջանակներում Էմիրությունների կողմը առանձնաշնորհային մուտք է բացել ապրանքային անվանացանկի 86%-ի համար: Միության զիջումները գործընկերոջ համար ընդգրկում են ապրանքային անվանացանկի 85%-ը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նա հստակեցրել է, որ արտահանման առանձնաշնորհային ծածկույթը մեր երկրների համար արժեքային արտահայտմամբ կընդգրկի ընթացիկ արտահանման ավելի քան 98%-ը, կամ ավելի քան 12.1 մլրդ դոլարը:  Առևտրային ռեժիմի ազատականացման արդյունքում ԱՄԷ-ի կողմից ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ կիրառվող միջին դրույքաչափը կկրճատվի 5%-ից մինչև 0.6%: Այսպիսով, ներմուծման մաքսատուրքերի վճարումից տարեկան տնտեսումը գնահատվում է ավելի քան 260 մլն դոլար: Ապրանքային կտրվածքով առանձնաշնորհային մուտք կապահովվի ԵԱՏՄ-ի այնպիսի առանցքային գյուղատնտեսական ապրանքների համար, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, գարի, եգիպտացորեն), միսը (ԽԵԱ, ոչխարի միս, ենթամթերք), թռչնամիսը, ձուն, չորացրած բանջարեղենը (սիսեռ, ոսպ, ոլոռ, լոբի), բուսական յուղը, կաթնամթերքը (անքաշ կաթ, կաթի փոշի, յոգուրտներ, կաթնային շիճուկ, սերուցքային կարագ, պանիրներ), հրուշակեղենը, մեղրը, հանքային ջուրը, ջեմերը, շոկոլադը: Արդյունաբերական հատվածի մասով զիջումներ են տրամադրվել ապրանքների հետևյալ կատեգորիաների համար՝ մետաղագործական արդյունաբերության արտադրանք (լեգիրված պողպատից գլանվածք, շիկագլոցված և սառնագլոցված գլանվածք, պատրաստի արտադրատեսակներ սև մետաղներից, խողովակներ, պրոֆիլներ և անկյունակներ, երկաթե, ալյումինե և պղնձե մետաղալար, ալյումինե փայլաթիթեղ և այլն), նավթամթերքներ (ներառյալ թեթև և այլ թորվածքները), անտառարդյունաբերական համալիրի արտադրանք (սալեր, նրբատախտակ, տակդիրներ, կահույք և այլն), թաղանթանյութ, տպագիր արտադրանք, գայլիկոնման գործիքներ, մեխանիկական սարքավորումների լայն տեսականի՝ սկսած տուրբիններից մինչև պոմպերի առանձին տեսակներ: Ազատականացումը կվերաբերի նաև էլեկտրական սարքավորումներին (էլեկտրագեներատորային կայանքներ, առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ և այլն), երկաթուղային կոնտեյներներին, շարժիչային փոխադրամիջոցներին՝ ներառյալ հատուկ տեխնիկան, կոսմետիկային (մազերի խնամքի միջոցներ, օծանելիք, դեզոդորանտներ և այլն), քիմիական արդյունաբերության արտադրանքին (ներկեր, յուղեր, մակերևութային ակտիվ նյութեր, պարարտանյութեր) և դեղերին: Արաբական Միացյալ Էմիրությունները կկարողանան ավելացնել սպառողական ապրանքների լայն տեսականու մատակարարումները: Խոսքը կոսմետիկայի, օծանելիքի, ժամացույցների, հագուստի առանձին տեսակների մասին է: «Համաձայնագիրը իսկապես պատվախնդիր է, և ոչ միայն սակագնային ազատականացման, այլև դրանով ձևավորվող կարգավորող միջավայրի տեսանկյունից», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ փաստաթղթում ամրագրված դրույթները համապատասխանում են էլեկտրոնային առևտրի, տնտեսական համագործակցության և ՓՄՁ-ին ԵԱՏՄ երկրների և ԱՄԷ միջև արտաքին առևտրային գործունեությանը ներգրավման հարցերով լավագույն համաշխարհային ստանդարտներին: «Մեր առևտուրը 2020 թվականից աճել է ավելի քան երեք անգամ: Բիզնեսի խանդավառության և ԵՏՀ և մեր երկրների կարգավորիչների ակտիվ աշխատանքի շնորհիվ համաձայնագիրը գործարկելուց հետո արդեն մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը կարող է գերազանցել 20 մլրդ դոլար ցուցանիշը», — համոզված է ԵՏՀ առևտրի նախարարը: Ստորագրվելուց հետո տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը կուղղվի ԱՄԷ-ում և ԵԱՏՄ երկրներում վավերացման ընթացակարգերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։
27 հունիսի 2025 ԵԱՏՄ-ն և Մոնղոլիան ժամանակավոր առևտրային համաձայնագիր են կնքել Հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում, կայացել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Մոնղոլիայի միջև Ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը: Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Մոնղոլիայի առաջին փոխվարչապետ, տնտեսության և զարգացման նախարար Ուչրալ Նյամ Օսորը: Համաձայնագրի ստորագրումը նշանավորում է ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման նոր փուլը: Այն ընդգրկում է 367 ապրանքային ենթադիրք յուրաքանչյուր կողմի համար, որոնց նկատմամբ մաքսատուրքերը կզրոյացվեն կամ կնվազեցվեն փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից: Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով՝ գործողության ժամկետը ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Ըստ վիճակագրության՝ սակագնային առանձնաշնորհները կընդգրկեն ԵԱՏՄ-ից Մոնղոլիա 2 մլրդ դոլարի արտահանման մատակարարումներ, այսինքն՝ ավելի քան 90%-ը: Համաձայնեցված առանձնաշնորհումները ԵԱՏՄ ընկերություններին թույլ կտան տնտեսել տարեկան մինչև 100 մլն դոլար», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Նրա խոսքով՝ ստորագրված առևտրային համաձայնագրին համապատասխան՝ ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսները առանձնաշնորհային պայմաններ կունենան Մոնղոլիայի շուկա այնպիսի սկզբունքորեն կարևոր ապրանքների մատակարարման համար, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, կաթնամթերքը, բուսական յուղերը, մսից ու թռչնամսից արտադնարքը, շաքարը, հրուշակեղենը, պանիրները, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքը: Արդյունաբերական ապրանքների մասով մատակարարումների աճ է կանխատեսվում արտադրանքի հետևյալ տեսակների համար՝ մետաղագործական արտադրանք (երկաթահամահալվածքներ, շիկագլոցված և սառնագլոցված գլանվացքներ, ձողեր, անկյունակներ, խողովակներ և այլն), շարժիչային փոխադրամիջոցներ (ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ, հատուկ տեխնիկա, ավտոբաղադրիչներ, կցանքներ և այլն), երկաթուղային մեքենաշինության և քիմիական արդյունաբերության արտադրանք (պոլիմերներ, պլաստիկ սալեր և մասեր), դողեր, ազոտային պարարտանյութեր, դեղեր և այլն: Մոնղոլական ապրանքների մասով, իրենց հերթին, առանձնաշնորհային մուտք կտրամադրվի մսի (ձիու, ԽԵԱ-ի, ոչխարի միս, մսի պահածոներ, ենթամթերք), կաթնամթերքի (յոգուրտներ, պանիր), թեթև արդյունաբերության ապրանքների (բուրդ, թելեր), ինչպես նաև թեթև արդյունաբերության պատրաստի որակյալ ապրանքների համար՝ ներառյալ տրիկոտաժե և տեքստիլ հագուստը: Համաձայնագրի ոչ սակագնային մասը պարունակում է հետագա կոոպերացիայի հնարավորություններ՝ տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների, մաքսային համագործակցության, էլեկտրոնային առևտրի և տնտեսական համագործակցության ոլորտներում: «Վերջին մի քանի տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ապրանքաշրջանառությունն արդեն աճել է ավելի քան մեկուկես անգամ: Ակնկալում ենք, որ համաձայնագրի գործարկումից հետո այս միտումը կպահպանվի և կամրապնդվի, ինչը թույլ կտա մեր ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Ստորագրվելուց հետո ժամանակավոր առևտրային համաձայնագիրը կուղղվի Մոնղոլիայում և ԵԱՏՄ երկրներում վավերացման ընթացակարգերի իրականացմանը, որոնք անհրաժեշտ են դրա ուժի մեջ մտնելու համար։
27 հունիսի 2025 ԵԱՏՄ-ում ամփոփել են Ծառայությունների առևտրի կարգավորման կանոնների պահպանման 2023-2024 թվականների արդյունքները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կարգավորման կանոնների կատարման 2023-2024 թվականների մշտադիտարկման արդյունքների մասին զեկույցը, որը նախապատրաստել են երկրների կառավարությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Զեկույցում ներկայացված են Կանոնների պահպանման առանցքային ասպեկտները, մասնավորապես՝ պետություններում ձեռնարկատերերի համար բարենպաստ ընթացակարգերի կիրառումը: Դրանց թվում են բիզնեսի ստուգման ժամանակ կարգավորող ազդեցության գնահատումը (ԿԱԳ), «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի կիրառումը և ռիսկին կողմնորոշված մոտեցման ներդրումը: «Մենք դրական դինամիկա ենք տեսնում մասնակից երկրների կողմից Կանոններն իրենց օրենսդրությունում կիրարկելու գործում: Զեկույցը հաստատում է, որ փաստաթղթով նախատեսված պայմանների իրագործումը հասնում է 100 տոկոսի: Սա կարևոր քայլ է Միության շրջանակներում բիզնեսի համար թափանցիկ և հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: ԵՏՀ նախարարը կարևորել է «լռությունը համաձայնության նշան է» սկզբունքի ներդրումը, համաձայն որի՝ պետության իրավասու մարմինը սահմանված ժամկետում դիմողին պետք է տրամադրի համապատասխան թույլատվություն կամ ներկայացնի պատճառաբանված մերժում, հակառակ դեպքում դիմողը ինքնաբերաբար ստանում այն գործունեության թույլտվություն, որի իրականացման համար ներկայացվել էր դիմումը: 2023-2024 թվականների, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածների զեկույցին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում:
27 հունիսի 2025 ԵԱՏՄ-ում սահմանվել են սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները: Այսօր Եվրասիական տնտեսական միության հինգ պետությունների ղեկավարները հաստատել են Սպորտի ոլորտում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները: Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությամբ նախատեսված փաստաթուղթը սահմանում է համագործակցության հիմնական ուղղությունները՝ սպորտային ենթակառուցվածքի զարգացումը, սպորտային ապրանքների արտադրության ավելացումը և դրանց փոխանակումը, սպորտային արդյունաբերության ծառայությունների զարգացումը՝ ներառյալ սպորտային զբոսաշրջությունը, ինչպես նաև սպորտային համաժողովների ու ցուցահանդեսների կազմակերպումը: Որպես տնտեսական համագործակցության հիմնական գործոններ առանձնացվել են «հնգյակի» երկրների աշխարհագրական մոտիկությունը և զարգացած սպորտային ենթակառուցվածքը: «Միասնաբար այս գործոնները բարենպաստ հիմք են ստեղծում սիներգետիկ արդյունքի և կոոպերացիոն գործընթացների խորացման համար: Համատեղ ջանքերով մենք Միության երկրների քաղաքացիներին կարող ենք ապահովել որակյալ սպորտային արտադրանքով, զարգացնել սպորտային ենթակառուցվածքը և սպորտի ոլորտում տնտեսական փոխգործակցությունը նոր մակարդակ բերել», — փաստաթուղթը մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:  
27 հունիսի 2025 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին զեկույցին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման պլանների իրագործման մասին զեկույցը: Զեկույցում ներկայացված են 2024 թվականի մշտադիտարկման արդյունքները հետևյալ ուղղություններով՝ զբոսաշրջություն, օդերևութաբանություն, մարքշեյդերական աշխատանքներ, գնահատման գործունեություն, շինարարություն և կինեմատոգրաֆիա: Նշվել են վարչական համագործակցության մասին համաձայնագրերի մշակումը, ինչպես նաև այդ հատվածներում կարգավորման ներդաշնակեցման համար մեթոդական հանձնարարականների մշակումն ավարտին հասցնելու հարցեր: «Զեկույցի ընդունումը վերահաստատում է առանց արգելքների ծառայությունների միասնական շուկայի ստեղծման մեր ընդհանուր մտադրությունը: Առանցքային հատվածների ազատականացումը նոր հնարավորություններ կբացահայտի բիզնեսի համար և կամրապնդի տնտեսական փոխգործակցությունը Միության երկրների միջև: Այժմ հատկապես կարևոր է կենտրոնանալ մեթոդական մոտեցումների համաձայնեցման վրա, որպեսզի հավասար պայմաններ ապահովենք շուկայի բոլոր մասնակիցների համար», — մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:  
27 հունիսի 2025 ԵՏՀ-2025-ում քննարկվել են արհեստական բանականության ներուժը և վիճակագրությունում դրա կիրառման հեռանկարները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտում արհեստական բանականության օգտագործումը կարող է լրացուցիչ խթան դառնալ ԵԱՏՄ վիճակագրական համակարգի թվային, տեխնոլոգիական և նորարարական ներուժի ամրապնդման համար: Այս կարծիքը ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «ԵԱՏՄ վիճակագրություն 2030. արհեստական բանականության կիրառման ներուժը և հեռանկարները» կլոր սեղանի ընթացքում: «Վիճակագրական գործունեությունում արհեստական բանականության բարեհաջող ներդրման և հուսալի օգտագործման համար պահանջվում է հստակ ստանդարտների մշակում, թափանցիկության, տվյալների պաշտպանության և ազգային վիճակագրական ծառայությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների մշակման ապահովում», — նշել է Էլդար Ալիշերովը: Կլոր սեղանի մասնակիցները համաձայնել են, որ արհեստական բանականության հիման վրա վիճակագրական տեղեկատվության վերլուծության գործիքների ի հայտ գալը և զարգացումը պաշտոնական վիճակագրական տեղեկատվության պահանջմունքների փոփոխություններով պայմանավորված կարևորագույն միտումներից է: Արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են կիրառվել վիճակագրական արտադրության բոլոր փուլերում՝ տվյալների հավաքագրումից մինչև պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տարածումը: «ԵԱՏՄ վիճակագրական համակարգի կայուն զարգացման արդիական միտում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ներդրումն է, որը թույլ կտա ապահովել աշխատանքի արդյունավետության անհրաժեշտ մակարդակը առաջադրված խնդիրների տեղեկատվական և հաղորդակցական բարդության աճի բարձր տեմպերի պայմաններում», — ամփոփել է Էլդար Ալիշերովը: 
Ցուցադրել ավելին