
ԵԱՏՄ-ում ստանդարտացման մշակման և տեխնիկական կանոնակարգերի՝ ժամանակակից ստանդարտների լիարժեք ապացուցողական բազայով ապահովման համակարգային հարցերը քննարկվել են ԵԱՏՄ ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի նիստում, որին մասնակցել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն: Նիստը կայացել է նոյեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության տնտեսության և առևտրի նախարարությանն առընթեր Ստանդարտացման և չափագիտության կենտրոնի տնօրեն Բոլոտբեկ Նուրմատովի նախագահությամբ։
Խորհրդի անդամները քննարկել են Հանձնաժողովի կողմից նախապատրաստված՝ ԵԱՏՄ-ի ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և կից ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգի նախագծերը: Այս փաստաթղթերի մշակումը նախատեսված է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններով:
«Ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և կից ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգը պետք է փակի տեխնիկական կարգավորման զգայուն ոլորտներից մեկը՝ սահմանված պահանջների վերլուծության և վերանայման համակարգված մոտեցման բացակայությունը», - Խորհրդի նիստի ընթացքում նշել է Վիկտոր Նազարենկոն:
ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգի ընդունումը ԵԱՏՄ երկրների ազգային իշխանություններին թույլ կտա համակարգված աշխատանք իրականացնել միջպետական ստանդարտների պլանավորման և մշակման, դրանց կիրառման, ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման զարգացման համաձայնեցված գործողությունների մշակման և իրագործման ուղղությամբ:
Խորհրդի անդամներն առանձին քննարկել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների կատարման ապահովման առկա և հեռանկարային մեխանիզմները, ստանդարտացման ոլորտում համաձայնեցված քաղաքականությանն անցում կատարելու գործնական քայլերը, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի միջպետական ստանդարտների մշակման ծրագրերի ժամանակին կատարումը և արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները լիարժեք ապացուցողական բազայով ապահովելու հետ կապված այլ հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման միջպետական խորհրդի (ՄՊԽ) փոխգործակցության հարցերին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման նպատակների համար ՄՊԽ ընթացակարգերում միջպետական ստանդարտների ընդունման արդյունավետ և արագ մեխանիզմի սահմանմանը:
Տեղեկանք
ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2018 թվականի մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ Միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու նպատակով: