Նորություններ

22.08.2023

ԵԱՏՄ պետությունները նոր մեթոդիկաներով են գնահատելու տոհմային խոշոր եղջերավոր անասուններին

Օգոստոսի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել արտադրողականության կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայում։

Նորմատիվ իրավական ակտը մշակվել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանին համապատասխան:

Որոշումը լրացնում է արտադրողականության կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների ընտրասերման հատկանիշների ցանկը, ինչպես նաև դրանց չափման և տոհմային արժեքի գնահատման գործընթացի մանրամասնման կարգը՝ հաշվի առնելով Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի (ICAR) հանձնարարականները։ Մեթոդիկայում նախկինում ներառված կաթի արտադրողականության ընտրասերման հատկանիշներին (կաթնատվություն, կաթնային ճարպ և կաթնային սպիտակուց) ավելացվել են էքստերյերի (18 հատկանիշ), վերարտադրողական ունակության (6 հատկանիշ), կուրծի առողջության (սոմատիկ բջիջների պարունակություն) ընտրասերման հատկանիշներով:

 

Բացի այդ, մեթոդիկան լրացվել է երիտասարդ կենդանիների և երինջների տոհմային արժեքի որոշման կարգով, մասնավոր ինդեքսների և դրանց կշռման գործակիցների, ինչպես նաև կաթնատու անասունների տոհմային արժեքի համալիր ինդեքսի հաշվարկման կարգով:

«Փոփոխությունները թույլ կտան համակողմանիորեն և ամբողջ ծավալով որոշել կենդանիների տոհմային արժեքը՝ ըստ այն հատկանիշների, որոնք առավելագույն ազդեցությունն ունեն կաթնամթերքի արտադրության տնտեսական արդյունավետության վրա, — նշել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։ — Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անասնաբուծությունում տոհմային արժեքի գնահատման և կանխատեսման ժամանակակից մեթոդների օգտագործումը կբարձրացնի կենդանիների գենետիկական ներուժը, կավելացնի մրցունակ տոհմային արտադրանքի արտադրությունը, կնվազեցնի կախվածությունը ներմուծումից և կմեծացնի փոխադարձ մատակարարումները»։

 


Տոհմային արտադրանքի արտադրության գործընթացներում նոր մեթոդների ներդրման համար անհրաժեշտ անցումային շրջանն այս տարվա մարտին երկարացվել է մինչև 2024 թվականի վերջ։ Այնուհետ ԵԱՏՄ պետությունների տոհմային կենդանիների հաշվառման գրանցամատյաններում (տվյալների բազաներում), կենդանիների տոհմային վկայականներում (անձնագրեր, հավաստագրեր) մուտքագրվելու են նոր մեթոդիկաներին համապատասխան որոշված տոհմային արժեքի գնահատման արդյունքները:

Կոլեգիայի որոշումը, փորձագետների կարծիքով, դրական ազդեցություն է ունենալու Եվրասիական տնտեսական միության երկրներում տոհմային անասնաբուծության զարգացման և արդյունավետության վրա։