Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7149

13 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն արդիականացրել է ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող կանոնավոր մշտադիտարկման արդյունքների հիման վրա «Առևտուր» պորտալում հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների գրանցամատյանի թարմացված տարբերակը: Ներկայումս գրանցամատյանում գրանցված է 280 միջոց, որոնք կարող են խոչընդոտ ներկայացնել ԵԱՏՄ արտաքին առևտրի համար: Վերջերս Մոնղոլիայի հետ ոլորտային համագործակցության զարգացման և փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերման հարցերով անցկացված սեմինարի շրջանակներում արձանագրվել է նոր առևտրային խոչընդոտ: Սահմանափակումը վերաբերում է Մոնղոլիայի կողմից ռազմավարական պարենամթերքի (ցորենի ալյուր, ցորենի սերմ, խմելու ջուր, կաթ և անասունի միս) ներմուծման թույլտվությունների տրամադրման հետ կապված կարգի կիրառմանը: Ընդ որում, Ուզբեկստանը մասամբ վերացրել է ակցիզներին վերաբերող վարչական միջոցը: Ներմուծվող սպիտակ շաքարի համար սահմանված ակցիզային հարկը վերացվել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: Նշենք, որ Հանձնաժողովը կանոնավոր երկխոսություն է վարում Ուզբեկստանի Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի շրջանակներում սահմանափակող միջոցների վերացման վերաբերյալ: Հանձնաժողովը շարունակում է աշխատանքը երրորդ երկրների հետ առևտրում սահմանափակող միջոցների հայտնաբերման և վերացման ուղղությամբ: Սահմանափակող միջոցի մասին հնարավոր է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պորտալում առկա հատուկ ձևի միջոցով
13 հոկտեմբերի 2025 Արզիբեկ Կոժոշև. «ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտալոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար» Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Մոսկվայում ընթացող «Եվրասիական լոգիստիկ օր» միջազգային համաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակներում: Միջոցառման կազմակերպիչներն էին Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) և Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհուրդը (ԱՓՀԽ): Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ ԵԱՏՄ-ն կենտրոնացած է երեք գերակայության վրա՝ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման ապահովում, տրանսպորտային համակարգի արդյունավետության և կապակցման ունակության բարձրացում, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծում: Այս նպատակներն իրականացվում են միջազգային համակարգման, ենթակառուցվածքային նախագծերի և թվային տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք վերացնում են խոչընդոտները և նոր հնարավորություններ բացում գլոբալ լոգիստիկայի համար: Տրանսպորտի թվայնացումը, մասնավորապես՝ էլեկտրոնային բեռնագրերի, նավիգացիոն կապարակնիքների ներդրման և Խելացի տրանսպորտային համակարգերի հայեցակարգի իրականացման հաշվին, էապես բարձրացնում են միջազգային լոգիստիկայի արդյունավետությունը՝ այն դարձնելով անխափան և նվազեցնելով վարչական խոչընդոտները: Ի վերջո այս ամենը դրական է անդրադառնում երկրների միջև ապրանքաշրջանառության աճի վրա, նշել է Արզիբեկ Կոժոշևը: Ընդ որում, ԵԱՏՄ-ն ակտիվ աշխատում է գլոբալ նախաձեռնությունների հետ փոխգործակցության ուղղությամբ՝ ներառյալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Հյուսիսային ծովային ուղի և Անդրկասպյան երթուղի նախագծերը: Արագանում է Բալտիկայից՝ Կասպից ծովի միջոցով մինչև Հնդկական օվկիանոս «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումը, իսկ Աստրախանի և Ակտաուի նավահանգիստների արդիականացումը և նոր երկաթուղիներն արդեն դրական են անդրադառնում բեռնահոսքի աճի վրա: «ԵԱՏՄ երկրների տրանսպորտային համակարգն ակտիվ փոխակերպման փուլում է, բախվում է աշխարհաքաղաքականության, տնտեսության և տեխնոլոգիաների մարտահրավերներին: Սակայն հեռանկարները լավատեսական են մնում. համատեղ նախաձեռնությունների, թվայնացման և միջազգային համագործակցության շնորհիվ տարածաշրջանը կարող է դառնալ համաշխարհային տրանսպորտային համակարգի առանցքային հանգույցը», — եզրափակել է Արզիբեկ Կոժոշևը:
10 հոկտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչը բանակցել է Ուզբեկստանի Մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Հալիլիլո Տուրախուժաևի հետ Հոկտեմբերի 9-ին Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն աշխատանքային հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Հալիլիլո Տուրախուժաևի հետ: Կողմերը քննարկել են մրցակցության ոլորտում փոխգործակցության առանցքային հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համատեղ խորհրդակցությունների, համաժողովների և սեմինարների անցկացման, փորձի, վերլուծական նյութերի և թվային հարթակների կարգավորման լավագույն պրակտիկաների փոխանակման հեռանկարները: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագիտական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ: 2020 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Ուղբեկստանի Հանրապետությանը տվել է Եվրասիական տնտեսական միությանը կից անդամ պետության կարգավիճակ:
10 հոկտեմբերի 2025 Դանիյար Իմանալիև. «Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան բարձրացնել ԵԱՏՄ վիճակագրության որակը և մատչելիությունը» ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վիճակագրության ոլորտի առանցքային փաստաթղթերը: Դրանց թվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական աշխատանքների 2026 թվականի ծրագիրը, Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026-2030 թվականների ծրագիրը և ԵԱՏՄ վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2026 թվականի միջոցառումների պլանը: Հավանություն է ստացել Հանձնաժողովին անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից տրամադրվող Վիճակագրական ցուցանիշների ցանկը և դրանց տրամադրման ձևերը, որոնք օգտագործվելու են՝ սկսած 2026 թվականից: Տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ-ում վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար տեղեկատվության նոր աղբյուրների, մասնավորապես, վարչական տվյալների օգտագործման մասին: ԵՏՀ նախարարի խոսքով՝ վիճակագրական դիտարկումների նոր գործիքների ներդրումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունավետ կառավարչական որոշումների ընդունմանը: «Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս էապես ընդլայնել հասանելի տեղեկատվության շրջանակը և բարձրացնել վիճակագրության որակն այլ աղբյուրների հաշվին ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՏՄ-ի մակարդակով, — նշել է ԵՏՀ նախարարը: — Հանձնաժողովն ակտիվորեն փոխգործակցում է միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ ԿԶՆ-ների և տվյալների, այդ թվում՝ մեծ տվյալների նոր աղբյուրների օգտագործման հարցերով»: Քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև ապրանքների փոխադարձ առևտրի 2024 թվականի վիճակագրության «հայելային» տվյալների համադրման արդյունքները, ինչպես նաև ձևավորվել է 2026 թվականին տվյալների համադրման նպատակով փորձագետների երկկողմ հանդիպումների անցկացման ժամանակացույց։ Էլեկտրոնային առևտրի ապրանքների արտահանման (ներմուծման) ծավալների մասին պաշտոնական տեղեկատվության ձևավորման համար հավանություն է տրվել ԵԱՏՄ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանությունում կատարվող փոփոխություններին: Հավանության են արժանացել Ֆինանսական վիճակագրության ցուցանիշների ձևավորման մեթոդաբանությունների նախագծերը, ինչպես նաև լիազոր մարմինների կողմից ԵԱՏՄ բաց տվյալների համար SDMX եվրասիական ռեգիստրն օգտագործելիս միջազգային ստանդարտի կիրառման հանձնարարականները:
10 հոկտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն կարգավորում է թվային շուկաները՝ հաշվի առնելով մրցակցության ընդհանուր կանոնները» Հոկտեմբերի 10-ին Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը խոսել է թվային շուկաների կարգավորման մասին՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցության ընդհանուր կանոնները, ներառյալ իրավակիրառ պրակտիկան և հիմնական քեյսերը: Ելույթ ունենալով «Հարթակային տնտեսությունը Ուզբեկստանի Հանրապետությունում. մրցակցության մասին օրենսդրությունը և թվային հարթակների շուկայական իշխանությունը» միջազգային սեմինարի պանելային նստաշրջանում, ԵՏՀ նախարարը հիմնական ուշադրություն դարձրել է Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքի ուղղություններին: Մասնավորապես, նա հայտնել է թվային շուկաների և թվային (էլեկտրոնային) հարթակների գործունեության հետազոտման, այս ոլորտում հատվածային հետազոտությունների իրականացման, Էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումների ձևավորման մասին: «Այսօր ԵԱՏՄ իրավունքը գործիքների բավարար ցանկ է տրամադրում Հանձնաժողովի կողմից թվային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկան թույլ է տալիս հաշվի առնել նման շուկաների համար բնորոշ գործոնները», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Միջոցառման մասնակիցները թեմատիկ պանելների ձևաչափով քննարկել են թվային շուկաներում առկա մրցակցության մասին լավագույն օրենսդրական պրակտիկաները, մրցակցության և շուկայական իշխանության վրա արհեստական բանականության աճող ազդեցությունը: Կայացել են փորձագիտական քննարկումներ գլոբալ թվային տնտեսության պայմաններում մրցակցային օրենսդրության կիրառման ռազմավարության և այս ոլորտի հետազոտությունների հետ կապված ընթացիկ իրավիճակի մասին: Միջոցառումը կազմակերպվել է Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից՝ ԲՐԻԿՍ-ի մրցակցային իրավունքի և քաղաքականության կենտրոնի հետ համատեղ, և համախմբել է Եվրասիական տնտեսական միության երկրների, Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Չինաստանի մրցակցության ոլորտի առաջատար փորձագետների, ինչպես նաև մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչների:
09 հոկտեմբերի 2025 Նաիրա Կարապետյան. «ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության զարգացման ջանքերի միավորումը կբարձրացնի ագրարային հատվածի մրցունակությունը» Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի «Ոսկե աշուն 2025» ագրոարդյունաբերական ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում տոհմային անասնաբուծության հարցերով համակարգող խորհրդակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ: Քննարկման առանցքային թեմաներն էին տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման պլանները, տոհմային գործի համակարգի ձևավորման մեխանիզմներն ու գործիքները, ԵԱՏՄ շրջանակներում տոհմային անասնաբուծությունում թվայնացման զարգացումը: Նաիրա Կարապետյանը խոսել է տոհմային անասնաբուծության մրցունակության՝ որպես ագրոարդյունաբերական համալիրի զարգացման պարտադիր պայմանի մասին: «ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների տոհմային արտադրանքի շուկայահանմանը, ներմուծմանը, արտահանմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջների միասնականացման հետագա քայլերը, տոհմային ռեսուրսների մասին տվյալների ընդհանուր շտեմարանների և մատակարարումների կայուն սխեմաների ստեղծման հետ մեկտեղ, թույլ կտան բարենպաստ պայմաններ ստեղծել Միության պետություններում տոհմային արտադրանքի փոխադարձ առևտրի ավելացման և անասնաբուծության զարգացման համար», — նշել է Նաիրա Կարապետյանը: ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Սաուլե Մոլդաբաևան «Նորարարությունների իրագործում. ինչպես է զարգանում կանաչ արտադրանքի հատվածը ժամանակակից փուլում» պանելային քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է կանաչ տեխնոլոգիաների կիրառման և ԱԱՀ օրգանական արտադրանքի շրջանառության վերաբերյալ Միության իրավունքի ձևավորման ոլորտում անդամ պետությունների ունեցած փորձի մասին: Խորհրդակցությանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների տոհմային անասնաբուծության ոլորտում լիազորված կառավարման մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, լաբորատորիաների և անդամ պետությունների տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
09 հոկտեմբերի 2025 ԵՏՀ Կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունների նախագծին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունների նախագծին: Փաստաթուղթը սահմանում է Միության արտաքին փոխգործակցության առաջիկա տարվա գերակայությունները, վեկտորները և գործնական խնդիրները: Միջազգային գործունեության արդիական գերակայությունները և նոր դրայվերներն ուղղված են «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում նշված ռազմավարական նպատակի՝ ԵԱՏՄ-ի՝ որպես միջազգային ասպարեզում տնտեսական ձգողականության բևեռի գործունեության ապահովման իրականացմանը: Նախագծում արտացոլված է Միության միջազգային օրակարգի ամբողջ շրջանակը, որը տարեց տարի հետևողականորեն ընդլայնվում է: Հիմնական ուշադրությունը դարձվել է ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնմանը, երրորդ երկրների հետ երկխոսության զարգացմանը, ինչպես նաև գլոբալ տնտեսական հարթակներում ԵԱՏՄ անդամ պետությունների շահերի առաջմղմանը: ԵԱՏՄ միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունները կհաստատվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից:
Ցուցադրել ավելին